Թուրքիայում պատրաստվում են նոր օրենք ընդունել, որը թույլ կտա խուսափել պատժից այն տղամարդկանց, որոնք մեղադրվում են բռնաբարության կամ անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ։ Եթե բռնարարն ամուսնանա իր զոհի հետ, նրա դեմ քրեական հետապնդումը կդադարեցվի։ Այս մասին գրում է բրիտանական «Ինդեփենդենթ» թերթը։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) պնդում է, որ օրենքը ճանապարհ կբացի դեպի օրինականացված բռնաբարությունը և սեռական նպատակներով անչափահասների շահագործումը։
ՄԱԿ֊ը նախազգուշացրել է, որ օրինագիծը լայն հնարավորություններ կստեղծի երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու համար, իսկ զոհերին խոցելի կդարձնի՝ լրացուցիչ բռնության և տառապանքների ենթարկվելու համար, տեղեկացնում է «Ինդեփենդենթը»։
Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Թեքին Բինգոլը խորհրդարանում նշել է, որ «վերջին տասը տարիներին ընդհանուր թվով 482 908 անչափահաս կին է ամուսնացել։ Թուրքիայում կանանց 26 տոկոսն ամուսնացել է մինչև 18 տարին լրանալը: Նրանց տասը տոկոսը ծննդաբերել է մինչև 18 տարեկանը, իսկ վերջին վեց տարիներին 142 298 անչափահաս մայր է գրանցվել: Այդ երեխաների մեծ մասն ամուսնացել է կրոնական արարողությամբ։ 2002 թվականից անչափահաս աղջիկները ծնել են ընդհանուր առմամբ 440 000 երեխա։ Մինչև 15 տարեկան կանանց թիվը, որոնք ծննդաբերել են սեռական բռնության ենթարկվելուց հետո, կազմել է 15 937։
«Իրավահավասարություն այժմ» հասարակական կազմակերպության առաջնորդ Սուադ Աբու–Դայեն, որը պաշտպանում է կանանց և երեխաների իրավունքները մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, թերթին ասել է․
«Հասարակական ակտիվիստների ջանքերի շնորհիվ՝ նման օրենքները վերջին տարիներին չեղարկվել են Մարոկոյում, Պաղեստինում, Եգիպտոսում, Լիբանանում, Հորդանանում և Թունիսում։ Թուրքիան պետք է այդ ճանապարհով գնա, այլ ոչ թե օրենսդրորեն ոտնահարի կանանց իրավունքները»։
Oրենքն արդեն ներկայացվել է Թուրքիայի խորհրդարան: