Home / Առողջապահություն / Կառավարությունը փորձում է գրավիչ դարձնել բանտերում աշխատելն ու նստելը

Կառավարությունը փորձում է գրավիչ դարձնել բանտերում աշխատելն ու նստելը

Այսօր Կառավարությունն ընդունեց քրեակատարողական ծառայողների աշխատավարձները 30 տոկոսով բարձրացնելունն ուղղված օրենքի նախագիծը։ Նաև հստակեցվեցին քրեակատարողական հիմնարկներում սննդի նոր համակարգի ներդրման ժամկետները։

Կառավարության նիստի ընթացքում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց իրավիճակի հետ կապված որոշ հանգամանքներ․ «Ներկայումս 170 հաստիք թափուր է քրեակատարողական ծառայությունում։ 20 թվականի հունվար ամսվա դրությամբ 125 թափուր հաստիք ունենք։ Թափուր են հիմնականում կրտսեր խմբի հաստիքները, որոնք ամենավտանգավոր և ամենառիսկային աշխատանքներն են կատարում և ամենախոցելին են կոռուպցիոն ռիսկերի և ենթամշակույթի դեմ պայքարի հարցերում։

Ոլորտի կարգավորմանն ուղղված առաջարկություններով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպանը, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, ոլորտային հասարակական կազմակերպությունները, որոնք ևս փաստել են, որ հնարավոր է էականորեն բարձրացնել քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը և ներգրավվել որակյալ կադրեր, ավելացնել աշխատակիցների սոցիալական երաշխիքները, նրանց համար ստեղծել ծառայողական բարեկարգ պայմաններ, իսկ առկա պայմանները բարելավել, նաև իրականացնել կադրային փոփոխություններ»։

Նախարարը նշեց, որ քրեակատարողական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան 30 տոկոսի չափով։ Աշխատավարձի ֆոնդը կավելանա մոտ 1 մլրդ 588 մլն դրամով:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հիշեցրեց, որ բժշկական ծառայությունների առանձնացված լինելու պատճառով հոգեբանների ու հոգեբույժների հաստիքների ու աշխատավարձերի հետ կապված խնդիրներ նույնպես կան։

Բադասյանը համաձայնեց, նշելով, որ հոգեբաններ դեռ կան, սակայն հոգեբույժների խնդիրը լուրջ է։ Օրինակ բերեց «Արմավիր» ՔԿՀ-ում ստեղծված բարդ իրավիճակը՝ փաստացի այնտեղ ընդամենը մեկ հոգեբան է աշխատում։

Նախարարը հավելեց, որ հիմա քրեակատարողական ծառայությունում և Արդարադատության նախարարությունում քննարկումներ են գնում, և շուտով կառավարություն կբերվի փաթեթ, «որով, մասնավորապես, հոգեբանների և հոգեբույժների համար լինելու են թե՛ սոցիալական երաշխիքների, թե՛ հաստիքների ավելացում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման նախագծին, նշել է, որ այս որոշումն ու նման որոշումները կառավարության քաղաքականության համալիր բնույթի մասին են խոսում։ Նա հիշեց օրերս ընդունված քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը ու ավելացրեց, որ կա նաև երրորդ բաղադրիչը․ «Ես ուզում եմ նաև երրորդ բաղադրիչը նշել․ քրեակատարողական հիմնարկներում սննդի կազմակերպման նոր կարգը»։

Վարչապետը նշեց, որ այս նախագիծը նաև կալանավորված անձանց ընտանիքների համար սոցիալական բեռի էական թեթևացում է։

«Այսօր այն ՔԿՀ֊ներում, որտեղ սնունդը տրամադրվում է նոր կարգով, կալանավորների մոտ հարյուր տոկոսը օգտվում է այդ ծառայություններից։ Ես ասեմ, որ նախկին համակարգով շատ վատ իրավիճակ էր, պետության առաջարկած սնունդը քրեակատարողական ծառայություններում օգտագործվում էր 10-30 տոկոսը»,֊ ավելացրեց Փաշինյանը։

Թաթոյանը համաձայնեց, որ  իսկապես դրական և կարևոր փոփոխություն է։ Նաև նշեց նախկինում եղած մի շարք այլ խնդիրներ․ «Անարդյունավետ ծախս էր։ նախկինում ոչ միայն օգտվելն էր խնդիր, այլ նաև դրանից բխող հետևանքները․  սնունդը թափվում էր, հետո ոչնչացման մեխանիզմներ չկային, նաև հաճախ հին սնունդը տրամադրվում էր կալանավորված անձանց»։

Բադասյանը հավելեց, որ այս տարի արդեն  սննդի նոր համակարգը կներդրվի բոլոր ՔԿՀ֊ներում, մրցույթը արդեն իսկ հայտարարված է և հաղթող կա․ ««Արմավիրին» և «Նուբարաշենին» ապրիլ ամսից կմիանան «Աբովյան» և «Գորիս» քրեակատարողականները, իսկ ամռան ամիսներից բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում կաշխատի նոր համակարգը»։