«Գնացեք հեռու մեր սուրբ օրրանից, որ ձեզ չտեսնենք մեր «պատուհանից»․․․» ակրոստիքոսի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը շարունակում է նույնասեռականության թեման թմբկահարել։ Ավելի վաղ պատգամավորը մի օրինագիծ էր բերել Ազգային ժողով, որի շրջանակներում առաջարկվում էր քրեականացնել միասեռականության քարոզը։ Նրա՝ անցած ԱԺ նիստի ժամանակ ելույթի և վարքի մասին խոսելիս, իշխող «Իմ Քայլը» դաշինքի անդամ Մարիա Կարապետյանը նկատել է․ «Եթե Հայաստանում երբևէ նման օրինագիծ ընդունվի, Պետրոսյանն ինքն առաջինը կընկնի այդ քրեական պատասխանատվության տակ՝ իր իսկ բերված օրինագծի առաջին զոհը դառնալով»։
Վերջին ժամանակներում տարբեր խմբերի կողմից տարբեր առիթներով շահարկվող թեման հերթական անգամ հասել է ԱԺ։ Երեկվա նիստն «Ազատություն» ռադիոկայանի եթերում ամփոփելով, Կարապետյանը, մասնավորապես, հարց է բարձրացրել․ «Նախ և առաջ պետք է հասկանալ՝ առհասարակ հնարավո՞ր է միասեռականություն քարոզել։ Դա քարոզովի չի։ Չափահաս մարդուն հնարավո՞ր է արդյոք համոզել։ Եթե հնարավոր է, ապա նա [Պետրոսյանը] կլինի դրա [օրինագծի] զոհը»։
Մարիա Կարապետյանը խնդիր է տեսնում գործընկերոջ վարքում։ Նա ասել է, որ իրենք փորձում են զսպել նման դրսևորումները՝ դեռևս քաղաքական խոսքի միջոցով։ Չնայած՝ արդեն խոսվել է այդ թվում էթիկայի հանձնաժողովի և այլ գործիքների մասին։ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներն, ըստ Կարապետյանի, ԱԺ ամբիոնից հնչեցրած թե՛ քաղաքացիներին, թե՛ քաղաքական գործիչներին վիրավորող տեքստերից հետո փորձում են «փաթեթավորել այդ ամեն ինչը ազատ խոսքի սոուսի տակ, բայց այդպես չի լինում»։
Երեկ ՀՀ Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի համահեղինակ Պետրոսյանը հայտարարել էր․ «Եթե մենք իսկապես ուզում ենք Հայաստանում արգելել նույնասեռականների և սեռափոխված անձանց ամուսնությունը, էկեք ոչ թե իրավական տարընկալումներով փորձենք հարցը լուծել, այլ Ընտանեկան օրենսգրքում ուղղակի գրենք։ Ինձ ասում են․ ո՞նց են ստուգելու, որ սեռափոխված ա։ Հիմա ես ստեից ո՞նց կարամ ցույց տամ՝ ոնց են ստուգելու․․․
Ինձ ասում են՝ Սահմանադրության մեջ գրված ա, որ «կինը և տղամարդը»։ Ես էլ ասում եմ՝ նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ եթե իրավական նորմում եզրույթը օգտագործված ա եզակի, ապա դա կարա հասկացվի նաև հոգնակի։ Էս տրամաբանության, վաղը֊մյուս օրը երկու սեռափոխված անձ, որոնք որ իրանց սերը սրբագործել ԶԱՖՍի մարմնում, գնալու են, գրեն, որ՝ խնդրում ենք մեր ամուսնությունը գրանցեք, ԶԱԳՍը մերժելու ա, տանելու են Վարչական դատարանում վիճարկեն։ Ամբողջ խնդիրը սա ա»։
Բուն նիստին Կարապետյանը «իրավունքի դաս» էր տվել Գևորգ Պետրոսյանին՝ կարծիք հայտնելով, որ վերջինս հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց․
«Նա դեռ ամռանը սպառնացել էր, որ թեժ աշնան շրջանակներում պատռելու է մեր դեմքը, բայց առայժմ պատռվում են միայն իր ձայնալարերը։ Ես համոզմունք ունեմ, որ Գևորգ Պետրոսյանն իր առջև խնդիր է դրել հեռու պահել քաղաքացիներին իրենց իրավունքների և պետության գործառույթների ճանաչումից, հակառակ պարագայում՝ ինչո՞ւ է նա պնդում, որ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման միջոցով քաղաքացիները սրբագործում են իրենց ամուսնությունը։ Ոչ, պարոն Պետրոսյան, ԶԱԳՍը չի սրբագործում, այլ ընդամենը գրանցում է ամուսնությունը։ Առաջարկում եմ փակել թեժ աշնան ձեր ձախողված օրակարգը և բացել ցուրտ ձմռան իրական օրակարգը, որտեղ քաղաքացիներին հետաքրքրում է իրենց համայնքի ճանապարհի ասֆալտը, ջրատարը, աշխատելու և ստեղծագործելու հնարավորությունները, այլ ոչ թե, մարդկանց սեռականությունն Ազգային ժողովի դահլիճում քննարկելով, ապաքաղաքականապես կամ այլկերպ ինքնահաստատվելու օրակարգը»։
Նախկին իշխանությունների կողմից ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, կամ, ինչպես այն կարճ անվանում են, Ստամբուլյան կոնվենցիան, ըստ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի, անհարկի ակտիվությամբ քննարկվում է ոչ միայն հասարակության մեջ, այլև խորհրդարանում, ընդ որում, «ոչ թե բուն Կոնվենցիան, այլ դրա անվան տակ քողարկված մեզ համար խորթ երևույթներ»։
Նրա գործընկեր Արմեն Փամբուկչյանն, իր հերթին, նկատել էր․ «Վերջին օրերին, այսօր նույնպես դուք ականատես եք լինում երեսպաշտության համարներով շրջիկ կրկեսի, որն ամենատարբեր տեղերից թակում է ձեր դուռը և փորձում դառնալ ձեր առօրյայի մի մասը։ Խոսքն այն երեսպաշտության և երեսպաշտների ստեղծված կրկեսի մասին է, որտեղ Սատանայի հետ գործարքների գնացածները, բոլոր հնարավոր մութ ուժերին ծառայածները, ամեն ազգային արժեք նսեմացրածները եկել, խոսում են սատանայապաշտությունից, երբ հոմոսեքսուալ գաղտնի հակում ունեցողները խոսում են նույնանման հակումներ ունեցող անձանց դեմ պայքարի անհրաժեշտությունից, մարդիկ, որոնք տարիներով թալանել են բանակը, խոսում են բանակի համար հնարավոր ու անհնար ամեն ինչ անող իշխանության կողմից բանակն իբրև կազմաքանդելու մասին»։
Քրիստինե Պողոսյանը խոսել էր ընդդիմադիր խմբակցության կողմից առաջ մղվող կեղծ քաղաքական օրակարգի մասին՝ հիշեցնելով հոգեբան Զիգմունդ Ֆրոյդին․
«Հիմա ինչ վերաբերվում է այն կեղծ քաղաքական օրակարգին, որն ընդդիմադիր խբմակցությունը որդեգրել է և պատեհ-անպատեհ խոսում է ամեն օր միայն դրա մասին, աշխարհահռչակ հոգեբան, հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդը, ով կանգնած է հոգեբանության, սոցիոլոգիայի, բժշկագիտության, մարդաբանության հիմունքներում և նրա աշխատությունների հիման վրա բժիշկները մինչև այսօր աշխատում են, մի այսպիսի վարկած է առաջ տարել․ հոմոֆոբիան և առհասարակ վախը հոմոսեքսուալիզմից և միասեռականությունից ճնշող մեծամասնության դեպքում արտահայտված են այսպես վառ այն մարդկանց մոտ, ովքեր լատենտ գեյեր են»։