«Մահացած մայրն առհասարակ մեղավոր չէ՞»:
«Դնել, ասել, որ կանայք մեղք չունեն, թեկուզ լռելով մի քիչ ավելի ճիշտ չի, գրեթե իր երեխայի հասակի տղայի հետ կապ է հաստատել, թողնեմ կողքի սեռական պահանջը, որը բռնության է ենթարկել նաև իր աղջկան, ճի՞շտ է լռելը»:
Սա Շիրակի մարզից «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված 39-ամյա Սոֆյա Հովսեփյանի Ֆեյսբուքում արված գրառումներն են Գյումրիում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Տղամարդը ծեծել է 43-ամյա կնոջն ու վերջինիս 13-ամյա աղջկան։ Կինը մահացել է, երեխան՝ հայտնվել արհեստական շնչառության սարքի տակ։
Երբ հարևանուհուս երկրորդ ամուսինը մի քանի տարի առաջ ապտակեց հղի կնոջը, մյուս հարևանուհիս, հիշելով այդ կնոջ առաջին ամուսնուն, որը երկրորդից դրականորեն տարբերվում էր, ասաց․ «Հետաքրքիր ա՝ ի՞նչ ա անում, որ երկու այդքան տարբեր մարդ դրան ծեծում են»։
Իսկ երբ համալսարանում էի սովորում ու ցածր կուրսի ուսանողուհին խոսք բացեց դասախոսներից մեկի՝ ուսանողի հետ հարաբերությունների մասին, ասելով, որ այդ երկուսի վերաբերյալ ինչ-ինչ բաներ էր լսել, բայց «եթե իրանք իրանց լավ են զգում, ի՞նչ տարբերություն»։ Ավելի ուշ իմացա՝ «տարբեր բաները» նաև ենթադրում էին, որ՝ մի բան է, երբ տղամարդն է տարիքով մեծ, և լրիվ այլ՝ եթե կինն է մեծը։
Գյումրիում կատարվածի հետ կապված Ֆեյսբուքում տեսածս արձագանքները հիշեցրեցին էս ամենը։ Սպանված անծանոթ կնոջ «բարոյականություն», «անբարոյականություն», «տարիքային տարբերություն» և այլն։ Իսկ հիմա տղամարդուն ու կնոջը մի պահ «տեղերով փոխենք»։
Լրագրողուհի Յուլիաննա Լալաբեկովան իր գրառման մեջ այդպես էլ արեց․ սկզբից փորձեց պատկերացնել կնոջը կորցրած 43 տարեկան տղամարդու, ով երեխային միայնակ է խնամում և, իհարկե, հերոս է, իսկ տարիներ անց, բնական է, հանդիպում է մի կնոջ, ում հետ որոշում է կրկին իր կյանքը կապել, սակայն, «պարզվում է՝ երիտասարդ կինն էդքան էլ լավը չի՝ տղամարդուն նվիրված չի, նրան այդ տղամարդուց ընդամենը սեքս ա պետք, երբեմն էլ փող, երեխային չի սիրում, վատ ա վերաբերվում։ Բայց դա հենց էնպես չի պարզվում, շատ դանդաղ ա պարզվում, իսկ տղամարդն արդեն մեծ կախում ունի այդ կնոջից: Ո՞վ ա էդ տղամարդը: Իհարկե, հանգամանքների զոհ, վատ կնոջ կողմից խաբված, կյանքից հիասթափված խեղճ տղամարդ: Մի օր էլ էդ կինը գալիս ա իրանց տուն, հերթական անգամ ինչ-որ հարաբերություններ պարզելու փուլում են լինում, կինը վերցնում ա դանակը ու սպանում տղամարդուն, հորը փրկել փորձող երեխային էլ՝ վիրավորում: Ո՞վ ա էդ տղամարդը: Իհարկե, մարդասպանի զոհ:
«Իսկ հիմա պատկերացրեք, որ տղամարդու փոխարեն գործ ունենք 43 տարեկան կնոջ հետ, ու ստանում եք Գյումրիի դեպքը, որտեղ ոչ մեկ չի հերոսացնում երեխային միայնակ մեծացնող մորը, ոչ մեկ չի ընդունում իր վրա խաչ չքաշելու ու անձնական կյանք ունենալու նրա որոշումը, ոչ մեկ չի արդարացնում երիտասարդ բոյֆրենդ ունենալու նրա ձգտումը, ոչ մեկ չի համարում նրան հանգամանքների զոհ, փոխարենը նրան համարում են պոռնիկ, որն ուներ երիտասարդ սիրեկան, հանդգնել էր փորձել շարունակել կյանքը, ուներ ինչ-որ ֆիզիկական պահանջմունքներ, ու գրեթե միակ մեղավորն էր էս ամբողջ պատմության: Ու թող անիծվի նա, ու կապ չունի, որ մահացել ա, թող այրվի դժոխքի կրակներում: Եթե չեք կողմնորոշվում, թե որևէ հարցում մարդիկ դատողություններ անելով՝ առաջնորդվում են սեքսիզմով, թե ոչ, պարզապես գլխավոր հերոսների սեռերը փոխեք. եթե փոխվեց նաև մարդկանց վերաբերմունքը, ուրեմն գործ ունենք #սեքսիստ_խոզերի հետ»։
Որևէ արձագանք պետք է որ զարմանք չառաջացնի, որովհետև լուսնից չենք իջել և գոնե մոտավորապես գիտենք՝ ինչեր գոյություն ունեն մեր շուրջը։
Սակայն ինչո՞ւ է կարևոր հե՛նց հեղափոխական ուժի անդամին մանդատից զրկելը։ Որովհետև տարբերություն է անհրաժեշտ։ Որովհետև երբ տեղի ունեցավ 2018-ը, հիշում եմ՝ նույնիսկ վախենալու էր մտածել՝ ինչպիսի՛ երկար ու բարդ ճանապարհ է սպասվում, որը, գուցե, չանցնենք էլ։ Յուրաքանչյուր զարգացում բնական էր թվում։
Բայց չի՛ կարող լինել նման մեկնաբանություն ու չլինել հետևանք։ Առանց տվյալ պատգամավորին պիտակավորելու ու առանց նրան՝ կատարվածը հասկանալու հնարավորություն չտալու։ Ընդամենը հազարներից մեկն է, ով մնացածի պես ապրել և ապրում է շատ կոնկրետ միջավայրում։ Բայց հանրային դեմք է, այն էլ՝ պատգամավոր։
Ալլա Մանվելյան