Home / Կանանց իրավունքներ / Հայաստանում հայտնաբերել են ազգականներից փախած չեչենուհու դին

Հայաստանում հայտնաբերել են ազգականներից փախած չեչենուհու դին

Երևանում հայտնաբերել են ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած և Հայասանում ապաստանած Այշատ Բայմուրադովայի դին:

«Հոկտեմբերի 19-ին [ոստիկանություն] է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովան է», – գրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Նշանակվել է փորձաքննություն: Այլ մանրամասներ ոստիկանությունը չի հաղորդել։

Այշատի ընկերները պատմել էին, որ նրա հետ կապը կորել է հոկտեմբերի 15-ին. դուրս էր եկել տնից՝ instagram-ով ծանոթացած ընկերուհու հետ զբոսնելու, և անհետացել։ Հետո պարզվել էր, որ այդ օգտատիրոջ հետևորդների մեջ կան նաև մարդիկ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրով շրջապատից։

Մի քանի ամիս առաջ Բայմուրադովան կարողացել էր լքել Չեչնիան կանանց աջակցող իրավապաշտպանական կազմակերպության օգնությամբ։ Նա ապաստանել էր Երևանում։

Ընկերները կասկածում էին, որ նրան առևանգել են և բռնի վերադարձրել Չեչնիա։ Ոստիկանությունը որոնում էր հայտարարել։

photo_2025-10-18_21-20-15
ՀՀ ՆԳՆ հրապարակած լուսանկարը

Չեչնիայի իշխանությունների հրահանգով պարբերաբար առևանգում են քաղաքական դրդապատճառներով երկրից փախած մարդկանց։ Կանանց և քվիր կազմակերպությունները բազմաթիվ տվյալներ ունեն նաև ընտանեկան բռնությունից կամ նույնասեռականների դեմ պետական բռնաճնշումներից փախած մարդկանց առևանգությունների մասին․ նման դեպքեր գրանցվել են և՛ հարևան Վրաստանում, և՛ եվրոպական տարբերակ երկրներում։ Հայաստանում սա առաջին այսպիսի դեպքն է։

2023-ին իրավապաշտպանները հաղորդել էին նաև Ինգուշեթիայից փախած մի բնոջ առևանգության փորձի մասին՝ բարեկամները նրան հետապնդել էին և գտել Երևանում՝ տեղական ոստիկանության օգնությամբ, որին հանցագործության մասին կեղծ հաղորդում էին ներկայացրել։ Այն ժամանակ կնոջը հաջողվեց փրկել հանրային աղմուկի շնորհիվ․ հայկական գերատեսչությունների օգնությամբ, նա տեղափոխվել էր կանանց շելթեր։ Կա նաև Չեչնիայից փախած Սալման Մուկաևի դեպքը․ նա նույնասեռականների դեմ Ռամզան Կադիրովի պատերազմի հերթական զոհերից էր, ոստիկանական խոշտանգումներից հետո կարողացել էր փախնել Հայաստան։ Մուկաևին Չեչնիա էին փորձում վերադարձնել «իրավական լծակներով»․ Հայաստանում նա ի վերջո քաղաքական ապաստան ստացավ։