ՄԻՊ արագ արձագանքման խումբը երեկ այցելել է ընտանեկան բռնության պատճառով Ինգուշեթիայից փախած և Հայաստանում ձերբակալված Ֆաթիմա Զուրաբովային, նրա անվտանգությանը վերաբերող հարցերը քննարկվել են ոստիկանների և իրավապաշտպանների հետ՝ նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան Epress.am-ին ասել են Հայաստանի օմբուդսմենի գրասենյակից։ Այցից հետո ոստիկանությունից ՄԻՊ աշխատակազմին տեղեկացրել են, որ կինը «տեղափոխվել է անվտանգ վայր»։
Բարեկամների հաղորդման հիման վրա Հայաստանում ձերբակալել են Ինգուշեթիայից փախած 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովային։ Կինը երկար տարիներ բռնության է ենթարկվել ընտանիքի անդամների կողմից, մոտ մեկ շաբաթ առաջ «Մարեմ» շարժման իրավապաշտպանների օգնությամբ փախել է մայրենի քաղաքից և ժամանակավոր տեղափոխվել Հայաստան։ Նոյեմբերի 10-ին, հավանաբար ազգականների հաղորդման հիման վրա, Հայաստանի ոստիկանությունը սկսել է որոնել նրան որպես անհետ կորած։ Երկու օր անց կինը տեսաուղերձ է հրապարակել, պատմել է, որ փախել է տնից երկարամյա նվաստացումների և բռնությունների պատճառով, և խնդրել իրեն չփնտրել։
Նոյեմբերի 14-ին հայաստանցի իրավապահները ձերբակալել են նրան և տարել բարեկամների մոտ՝ ոստիկանության բաժին։
տե՛ս Հայ ոստիկանները օգնում են բարեկամներին հետապնդել բռնությունից փախած ինգուշ կնոջը
Բաժնում Ֆաթիմայից վերցրել են հեռախոսը և իր կամքին հակառակ փակել նրա հետևից եկած հորեղբոր հետ միևնույն սենյակում։ Հորեղբայրը Ինգուշեթիայի տնտեսական զարգացման նախկին նախարարն է եղել, Վլադիմիր Պուտինի իշխող կուսակցության պատգամավոր։ Նա հայտարարել է, թե կապեր ունի նաև Հայաստանի ՆԳՆ-ում։ Ֆաքիմայի մոտ է մտել նաև մայրը և սպառնացել՝ եթե աղջիկը չվերադառնա տուն, նրա վրա գործ կհարուցեն, օրինակ, գողության հոդվածով։ 21-ամյա կինը հաղորդում է ներկայացրել ընտանեկան բռնության և Հայաստան ժամանած բարեկամների կողմից սպառնալիքների մասին։
«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը նոյեմբերի 14-ի երեկոյան մեկնել է Ոստիկանության Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն բաժին Ֆաթիմա Զուրաբովայի իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով: Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են Ոստիկանության և Քննչական մարմնի ներկայացուցիչների հետ, ստացել անհրաժեշտ պարզաբանումներ: Այնուհետև, հանդիպում է տեղի ունեցել Ֆաթիմա Զուրաբովայի շահերի պաշտպանությունը ստանձնելու նպատակով Քննչական մարմին ժամանած փաստաբանի հետ:
Նոյեմբերի 15-ին Պաշտպանի արագ արձագանքման խումբը կրկին այց է իրականացրել նշված բաժին, առանձնազրույց ունեցել Ֆ. Զուրաբովայի հետ: Նրա կողմից բարձրացրած մի շարք հարցեր, այդ թվում՝ անվտանգության ապահովման հետ կապված, քննարկվել են Ոստիկանության և գործընթացում ակտիվ ներգրավված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ», – Epress.am-ի հետ զրույցում երեկ ուշ երեկոյան ասել է Հայաստանի օմբուդսմենի խոսնակ Արթուր Ասլանյանը։
Ըստ նրա՝ այցից հետո ոստիկանությունից տեղեկացրել են իրենց, որ Զուրաբովան տեղափոխվել է անվտանգ վայր։ Թե ի՞նչ անվտանգ վայրի մասին է խոսքը, արդյո՞ք նրան տարել ապաստարան՝ պարզ չէ։ Օմբուդսմենի խոսնակը մանրամասներ չի նշել։ Նոյեմբերի 15-ի ցերեկվա դրությամբ նա դեռ ձերբակալված էր։
Պարզ չէ նաև, թե ինչ հիմքով էին նրան առհասարակ ձերբակալել և առնվազն երկու օր պահել ոստիկանությունում։ Epress.am-ի հարցերին ոստիկանության և Քննչական կոմիտեի խոսնակները պատասխանել հրաժարվել են։
Ֆաթիմայի գործով զբաղվող իրավապաշտպանները ահազանգում են՝ երևանյան ոստիկանությունում խախտվել են նրա հիմնարար իրավունքները, կնոջը ծաղրել են, փակել բռնարար բարեկամների հետ, նրա գտնվելու վայրը արդեն բացահայտված է, կա վտանգ, որ կնոջ հետևից Հայաստան եկած բարեկամները նրան կարող են առևանգել և ուժով վերադարձնել տուն։
Ինգուշեթիայում նրա կյանքին անմիջական վտանգ է սպառնում։ Սա առաջին դեպքը չէ, երբ Դաղստանից, Չեչնիայից կամ Ինգուշեթիայից փախուստի դիմած կանանց բարեկամները գտնում են արտասահմանում և զոռով վերադարձնում տուն։ Նրանցից շատերը հետագայում «անհետանում են»։