Գորիս համայնքի Հալիձոր գյուղի դպրոցի ուսուցչուհի Մարի Խաչատրյանը դիմել է «Հետքին» և պատմել՝ նախկին զուգընկերը սպանել է իր հորը և մահվան հասցրել հորեղբորը, հիմա էլ իրեն է սպառնում։ Սպանողը Գորիսի ավագանու նախկին անդամ Հարություն Սինանյանն է՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ընկերը։ Իրավապահների անգործությունը Մարի Խաչատրյանը պայմանավորում է Սինանյանի կապերով։ Նրա ընկերներից Կարեն Մալխասյանը Գորիսի դատախազ Գոռ Մանուչարյանի մտերիմն է, որը նախաքննության ժամանակ հսկել է քրեական գործը, հետո դատարանում ներկայացրել մեղադրանքը։
Մոտ 6 տարի առաջ Մարի Խաչատրյանը սկսել է ընկերություն անել Գորիսի ավագանու նախկին անդամ Հարություն Սինանյանի հետ։ Նրանց հարաբերությունները մեկուկես տարի անց վատացել են։ Մարիի խոսքով՝ Հարություն Սինանյանը թույլ չի տվել խզել այդ կապը, պարբերաբար ծեծել է իրեն, երկու անգամ կոտրել է քիթը, հետապնդել է, սպառնացել անձնական կյանքին վերաբերող գաղտնի տվյալներ տարածել։
Խաչատրյանը երկար ժամանակ թաքցրել է սա ընտանիքից և իրավապահներից: Հետագայում խնդիրների ավելի տեսանելի են դարձել՝ Սինանյանը նաև Մերիի աշխատանքի վայր և տուն է գնացել, վեճեր հրահրել, բռնություն գործադրել նրա նկատմամբ, քարեր նետել նրա տան վրա և այլն։ Կինը դիմել է նաև ոստիկանություն, բայց ոստիկանները ոչինչ չեն արել։ Սպառնալիքների տակ նրանց հարաբերությունները շարունակվել են մինչև 2022-ի ապրիլի 10-ը, երբ հերթական վեճը ավարտվել է սպանությամբ։ Հարություն Սինանյանը Մարի Խաչատրյանի շենքի բակում սպանել է նրա հորը՝ Գուրգեն Խաչատրյանին, հրազենային վիրավորում հասցրել նաև հորեղբորը՝ Կամո Խաչատրյանին։
Սինանյանին կալանավորել են սպանության, սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով։ Քրեական գործն ուղարկվել է դատարան։ Դատարանի դահլիճում մահացել է Մարի Խաչատրյանի հորեղբայրը, որը նրա հոր սպանության ականատեսն էր։ Մարիի կարծիքով՝ հորեղբայրը մահացել է սպառնալիքների և հոգեբանական ճնշման պատճառով։
Հոր սպանությունից հետո Մարի Խաչատրյանը դիմել է իրավապահներին, պատմել է նախկինում իր նկատմամբ իրականացված բռնությունների, անձնական կյանքին վերաբերող գաղտնի տվյալներ հրապարակելու սպառնալիքների մասին։ Իրավապահները ոչինչ չեն ձեռնարկել։
Սպանության գործով նախաքննության ժամանակ մեղադրյալի, նրա ընտանիքի անդամների և տուժողի ընտանիքի անդամների միջև առերեսումներ են եղել, որոնք ուղեկցվել են բռնությամբ և սպառնալիքներով։ Մարի Խաչատրյանի մոր և Հարություն Սինանյանի ընտանիքի անդամների միջև ծագած վեճին հաջորդել են Սինանյանի ընկերոջ կողմից հայհոյանքներն ու սպառնալիքները։ Դեպքը տեղի է ունեցել Գորիսում՝ Քննչական կոմիտեի շենքի դիմաց։ Սրանից հետո Մարի Խաչատրյանը և նրա մայրը սպառնալիքներ են ստացել նաև սոցիալական ցանցերով և հեռախոսազանգերով։ Ւրավապահները ոչինչ չեն ձեռնարկել։
Պատասխանատու կառույցների անգործությունը Մարի Խաչատրյանը պայմանավորում է ամբաստանյալ Հարություն Սինանյանի կապերով։ Հարություն Սինանյանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ընկերն է։ Սինանյանի ընկերներից Կարեն Մալխասյանն էլ Գորիսի դատախազ Գոռ Մանուչարյանի մտերիմն է, որը նախաքննության ժամանակ հսկել է քրեական գործը, հետո դատարանում ներկայացրել մեղադրանքը։ Նրանք համատեղ լուսանկարներ ունեն նաև սոցցանցերում։
Մարի Խաչատրյան գրավոր դիմել է նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, բայց որևէ արդյունք չի եղել։ Կից տեսանյութում նա մանրամասն ներկայացնում է իր և իր ընտանիքի հետ տեղի ունեցածը․