Home / Ազգային ժողով / 2 տարի առաջ վարչապետը խոստանում էր բացահայտել նախորդների գնդակահարությունը

2 տարի առաջ վարչապետը խոստանում էր բացահայտել նախորդների գնդակահարությունը

Լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24 տարին։

1999 թվականին՝ 1998-ի պալատական հեղաշրջումից ընդամենը մեկ տարի անց, նախկին դաշնակցական, լրագրող Նաիրի Հունանյանի զինված խումբը մտել էր Ազգային ժողով և գնդակահարել խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին։ Պաշտոնյաներից ևս 8-ը վիրավորվել էին։

2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի մյուս 5 անդամներին դատապարտել է ցմահ, ևս 1 հոգու՝ 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում «ինքնասպանություն է գործել», 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը՝ «հանկարծամահ եղել»։ Բանտախցում հիվանդությունից մահացել է նաև Էդուարդ Գրիգորյանը, որը մահվանից առաջ նա խոստանում էր աղմկահարույց բացահայտումներ անել։ Վաղաժամ մահացել են նաև գործին այս կամ այն կերպ առչնված Նորայր Եղիազարյանը, Մուշեղ Մովսիսյանը, Տիգրան Նաղդալյանը, Տիգրան Նազարյանը․․․

Զոհերի հարազատները պնդում են՝ հոկտեմբերի 27-ի պատվիրատուները առ այսօր էլ բացահայտված չեն, և հիշեցնում ոճրագործությանը նախորդած դեպքերի՝ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունների, այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի և խորհրդարանում սպանված Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի միջև քաղաքական դիմակայության, իշխանության համար մղվող պայքարի մասին, որ ավարտվեց հենց 1999-ի հոկտեմբերին։

Գլխավոր դատախազությունն այսօր առավոտյան հաղորդագրություն է տարածել՝ հոկտեմբերի 27-ի գործով 2022-2023 թվականներին հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք։ Նոր հարցաքննությունները նպատակ ունեին պարզել «հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցներին, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնյաներին, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց»։

Նոր քննության ընթացքում, ըստ հաղորդագրության, առգրավվել են պաշտոնատար անձանց անձնական գործեր, տարբեր քրեական վարույթներ, բազմաթիվ տեսա- և ձայնագրություններ․ դրանք առ այժմ էլ գտնվում են ուսումնասիրության կամ փորձաքննության փուլում։ Հարցաքննվածների անունները չեն հրապարկվել։

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտի հանգամանքները պարզելու<․․․>նպատակով կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ», – գրել է Դատախազությունը:

Փաստորեն, քրեական գործի վերաբացումից 4 տարի անց էլ բացահայտված չեն ո՛չ կազմակերպիչները, ո՛չ էլ դրդիչները։ Որևէ նոր մեղադրյալ չկա։

2019-ին գործը վերաբացվել է խորհրդարանում սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կնոջ՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա։ Նիկոլ Փաշինյանը 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին խոստանում էր՝ իր քաղաքական թիմին տված ձայնը թույլ կտա գտնել նաև հոկետմբերի 27-ի կազմակերպիչներին։ «Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, եկեք պատասխան տվեք «Հոկտեմբերի 27»-ի համար, որ ձեր ղեկավարած Ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է ու զենքով գնդակահարելու է ժողովրդի առաջնորդներին», – ասում էր Փաշինյանը։

Գլխավոր դատախազությունը չի պատասխանում՝ արդյոք այս ընթացքում հարցաքննել են այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ԱԱԾ պետ Սերժ Սարգսյանին։ Վերջիններիս փաստաբաններն էլ մեկնաբանություններ չեն տալիս։

Չորս տարի առաջ Փաշինյանի թիմակիցներից Սասուն Միքայելյանը դիմել էր ժամանակին զինդատախազ աշխատած (արդեն նախկին ԲԴԽ նախագահ) Գագիկ Ջհանգիրյանին և խնդրել նրան որոշ փակգծեր բացել («Ժամանակն է, որ Ջհանգիրյանը ասի, թե Հոկտեմբերի 27-ին ինչ է կատարվել»)։ Անցած տարիների ընթացքում Ջհանգիրյանը որևէ բան չի ասել։ Այսօր՝ լրագրողների հարցերին Եռաբլուրում պատասխանելիս, նշել է՝ Հոկտեմբերի 27-ը բացահայտված է, ամեն ինչ վերաբացված քրգործի նյութերում է։

«Շատ ցանկալի վկաներ գոյություն չունեն։ Մի մասը մահացել է տարօրինակ հանգամանքներում։ Վկաներից Տիգրան Նազարյանը չկա, Հունանյան եղբայրների քեռին նույնպես չկա, կալանավայրում «էլեկտրահարվել է» նաև տվյալ մասնագիտությամբ գիտելիքներ ունեցող խմբի մեջ ներառված անձը: Ինչ-որ մարդիկ կան, կան նաև այն ծավալուն հատորները, որոնց մեջ կարող են գտնել բազմաթիվ դրվագներ, համոզված եմ, որ գտել են, և այդ ուղղությամբ պետք է զարգացնել քննությունը:

Վերջին հաշվով, բոլորդ մոռացել եք, թե ուր է [նախագահի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար] Ալեքսան Հարությունյանը։ Քանի դեռ Ալեքսան Հարությունյանը կա, գործը շանս ունի բացահայտվելու։

Կարևոր վկաներից մեկն այն ժամանակ համարվում էր հենց Ալեքսան Հարությունյանը։ Շատ տարօրինակ ձևով գործում ներառված, նաև կալանքի տակ գտնվողները հոկտեմբերի 27-ից հետո հնարավորություն ունեցան ոչ միայն ստի դետեկտորով չանցնելու, այլև ազատ արձակվեցին։ Ենթադրում եմ, որ նորից պետք է լսել այդ մարդկանց», – լրագրողներին այսօր ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Թե ուր է Ալեքսան Հարությունյանը, որը պաշտոնից ազատվել է 2018 թվականին, Քոչարյանը չի ասել։

Ազատության արխիվային ֆիլմը՝ հոկտեմբերի 27-ից առաջվա և անմիջապես հետոյվա մասին