– Այսօր վախի մթնոլորտ է։ Ո՞վ պետք է դիմադրի։ Բոլորը վախենում են մի խումբ փոքրամասնությունից՝ ագրեսիվ, վանդալ փոքրամասնությունից։ Բոլորը իրար հայհոյում են, որ այդ մեկը չկանգնի մարդասպանի առաջ ։ Այ էդ մեկը չլինելու համար։
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր գնացել էր Ռոբերտ Քոչարյանի` Ծովակալ Իսակովի պողոտա 23/7 հասցեում գտնվող առանձնատան մոտ։ Դարպասների դիմաց Գասպարին պարզեց «Պողոս Պողոսյան, հոկտեմբերի 27, մարտի 1» գրառմամբ պաստառը, վանկարկեց «Ռոբիկ՝ մարդասպան, Ռոբիկ՝ սրիկա», փակցրեց պաստառը դարպասներին և հեռացավ․
– Հարգելիներս, չեք մոռանում, չէ՞, որ Կոբուլետի պետք է գնաք։ Հիմիկվանից ձեր տեղերը ապահովում եք, չեք մոռանում, չէ՞, որ Եվրոպաներ սեմինարների պիտի գնաք, տեսնեք՝ ոնց մարդու իրավունքները պաշտպանել, ոնց կոռուպցիայի դեմ պայքարել։ Հա, դե գնացեք, գնացեք Կոբուլետի, սեմինարների եվրոպական և այլն, հետո տեսնենք՝ ոնց կլինի։ Այ եկեք կանգնեք մարդասպանի առաջ, այդ դեպքում է, որ իրավիճակ կփոխվի։ Ոչ թե Գերմանիաներից ֆեյսբուքում սրտաճմլիկ ստատուսներ գրելով։ Եթե չլինի հանրային աջակցություն, ոչինչ էլ չի լինի։
– Իմ ուղերձները Քոչարյանը ինչպես կընդունի․․․ես կարծում եմ, նվազագույնը նա է, այսպես թե այնպես նրան կհասցվի, որ գոնե մեկ գանգ պատրաստ է իրա բռունցքների դեմ կանգնել, այ դա է։ Թող չկարծի, որ բոլոր գանգերը արդեն չկան։ Այ էն գանգը, որ Պողոս Պողոսյանի, ինքը «Արագաստ» սրճարանում ջարդեց, թող իմանա՝ ևս մեկ գանգ դրված է իրա բռունցքների դիմաց։
Գասպարիի գալուց առաջ ողջ տարածքը՝ Իսակովի պողոտայից թեքվող ճանապարհից սկսած վերահսկվում էր թիկնազորի կողմից։ Լրագրողներին հարցուփորձ անելուց և նախատեսվող ակցիայի մասին իմանալուց հետո անվտանգության աշխատակիցները, որոնք մինչ այդ շրջում էին տարածքով, նաև՝ դարպասների մոտ կանգնած թիկնապահները տարածքից հեռացան։ Գասպարիի ակցիայի ժամանակ դարպասների մոտ ոչ-ոք չկար։