Եթե 20 տարի առաջ Նաիրի Հունանյանը համագործակցեր նախաքննական մարմնի հետ և ասեր, թե ինչ էր տեղի ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, դա հնարավորություն կընձեռեր իր հանդեպ ավելի «մեղմ» քննություն ապահովելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովում ահաբեկչական գործողություն կատարած խմբի ղեկավար, ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի կողմից ներկայացված վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ դիմումը։
Քոչարյանի տպավորությամբ՝ սկզբում Հունանյանն ու խմբի անդամները հոգեբանորեն պատրաստ էին համագործակցել, սակայն, ըստ նրա, որոշակի խոչընդոտներ և վախեր ի հայտ եկան՝ «հնարավոր բացահայտումների առումով»։ Պատգամավորի խոսքով՝ քաղաքական և ոչ քաղաքական շրջանակներն, իրենց վախերից ելնելով, ամեն ինչ անում էին, որպեսզի կա՛մ գործողության բացահայտումը տեղի չունենա, կա՛մ տեղի ունենա իրենց ուզած ձևաչափով։ Նմանատիպ վախեր էին եղել նաև այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի և իր թիմակիցների մոտ, ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամը․ «Այդ թիմից կասկածյալներ կային. Ալիկ Հարությունյանը գտնվում էր կալանքի տակ: Հոկտեմբերի 27-ի բացահայտման առումով քաղաքական պրոցեսները այնպես գնացին, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի այդ բացահայտումը տեղի չունենա: Ավելին՝ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից ձևավորված իշխանությունը շատ կարճ կյանք ունեցավ, որովհետև վարչապետ դարձավ Արամ Սարգսյանը, որի կառավարությունը չունեցավ հնարավորություն՝ լիարժեք հասնելու բացահայտմանն այդ կարճ ժամանակահատվածում»։
Քոչարյանը չի կարծում, որ տվյալ դիմումը ազդակ է այն մասին, որ Հունանյանը գործի հետ կապված նոր ասելիք ունի։ Ինչ֊որ մարդիկ, ենթադրեց պատգամավորը, երևի, ինչ֊ինչ հույսեր են տվել խմբի ղեկավարին, սակայն, դա «իշխանությունների հետ հաստատ որևէ կապ չունի»։