Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ։ Դատարանի որոշմամբ՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։ Տվյալ որոշումը հունիսի 25-ին կայացած նիստին ընթերցեց դատավոր Արմեն Դանիելյանը։ Նշենք, որ Քոչարյանը նիստին չէր ներկայացել։
«Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կալանքի սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Սույն որոշման կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։ Որպես անձնական երաշխավորություն մուծված դրամական գումարները վերադարձնել դրանք մուծած անձին», – մասնավորապես, ասել է դատավորը։
Ավելի վաղ Դանիելյանը Ոստիկանություն էր դիմել՝ իր անվտանգությունն ապահովելու համար։ Նույն բանն էր արել նաև դատավոր Դավիթ Գրիգորյանը:
Դահլիճում ներկաները ծափողջույններով և «բրավո» վանկարկումներով ընդունեցին հայտարարությունը։