«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին ձերբակալաված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով): Տեղեկությունը հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա նշեց, որ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ։ 31-ամյա Զաքար Հովահաննիսյանը զոհվել է 2008 թվականի Մարտի 2-ին՝ ժամը 01:30-ին, Մաշտոցի շուկայի դիմաց` «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից: