Home / մարտի-1 / 2008-ի մարտի 1-ին խոշտանգված ու 1-ին կարգի հաշմանդամ դարձած ցուցարարը օգնության կարիք ունի

2008-ի մարտի 1-ին խոշտանգված ու 1-ին կարգի հաշմանդամ դարձած ցուցարարը օգնության կարիք ունի

Աղբյուրը՝ Forrights.am

Մարալիկի բնակիչ 41-ամյա Ռաջու Պետրոսյանը 2008 թ մարտի 1-ի առավոտյան իրավապահների կողմից ծեծի ու խոշտանգման է ենթարկվել նախ Ազատության հրապարակում, հետո՝ ոստիկանական գազելում ու Կենտրոն ոստիկանության բաժանմունքում: Իսկ կալանավորումից հետո Կոշի գաղութում 10 ամսվա բանտարկությունից հետո նրա մոտ ծնկահոդերի խնդիր ու ռևմատոիդ պոլիարթրիտ հիվանդություն է առաջացել, որն այժմ նրան գամել է սայլակին՝ դարձնելով առաջին կարգի հաշմանդամ:

Ռաջու Պետրոսյանը մարտյան դեպքերի նախօրեին Ռոբերտ Քոչարյանի  «հրապարակը մաքրելու» օպերացիայի արդյունքում կորցրել է ոչ միայն առողջությունն ու ազատությանը, այլև աշխատանքը, իսկ այժմ էլ՝ աշխատելու ունակությունը: Արդեն մեկ ամիս է՝ նա չի կարողանում անհրաժեշտ դեղեր օգտագործել ստամքոսի ցավի ու գումարի բացակայության պատճառով:

2008-ի փետրվարի 29-ին Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ հայտարարեց, թե իշխանությունը ունի ընդամենը երկու տարբերակ. «Առաջինը` համբերատար սպասել, երբ է այդ թատերական բեմադրումը Թատերական հրապարակում ինքը իրենով մարվելու… Երկրորդ տարբերակը` ոստիկանական գործողություններ կիրառելով մաքրել այդ հրապարակը եւ այդ նաեւ ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ ապրել»:

«Առավոտյան դեռ մութ էր, ժողովրդի կեսը քնած էր վրանների մեջ, երբ եկան ու առանց որևէ բան հայտարարելու՝ չնայած Լևոն Տեր-Պետրոսյանը բարձրախոսով հարցրեց, թե ինչ են ուզում՝ զգուշացնելով, որ վրաններում կանայք ու երեխաներ կան, լույսերն անջատեցին, բարձրախոսները ջարդեցին ու մահակներով հարձակվեցին ժողովրդի վրա: Ժողովրդի ձեռքին էլ մենակ նստարանների փայտերն էին, որոնցով փորձում էին պաշպանվել: Սկզբի շարքերում ոստիկանների հագուստներով էին, իսկ հետևում սև համազգեստով մարդիկ էին, որոնք անարխիստավարի խփում էին մահակներով»:

Իրավապահների գործողության արդյունքում Ռաջուն Ազատության հրապարակում ականջի պատռվածք է ստացել՝ արյունահոսող վերքով: Վազել է Հյուսիսային պողոտայի կողմը, սակայն սև համազգեստով  իրավապահները իրեն հետապնդել են ու Հյուսիսային պողոայում էլեկտրաշոկ կիրառել: «Ես ուժեղ հարվածով ընկա ասֆալտին, ուշքս գնաց»: Ուշքի է եկել ոտքերի հարվածներից: «Մի ոստիկան ոտքը դրել էր դոշիս, ասում էր վեր կենաս: Մահակներով խփում էին ոտքերիս: Հետո ինձ քարշ տալով տարան ոստիկանական գազելի մեջ, հեռախոսս ձեռքիցս վերցրին, ջարդեցին, ու սկսեցին մահակներով էլի ծեծել: Ինչ-որ լրագրողներ նկարում էին, կարծեմ «Երկիր մեդիան» էր, ոստիկանները էդ նկարողներին տարան գազելի մեջ, ձեռքերից կասետը վերցրեցին, իմ աչքի առաջ ջարդեցին ու հետ ուղարկեցին», – պատմեց նախկին ցուցարարը:

Ոստիկանական գազելի մեջ Ռաջուի ոտքերին են մահակներով հարվածել՝ թե ուզում էիր փախչե՞լ մեզնից, հիմա տեսնենք՝ ոնց ես փախչելու: «Փակել էին գազելի դուռը, որ դրսից չտեսնեն՝ ինչ է կատարվում: Անգամ բերանիս խփեցին, ատամներս լրիվ թուլացան ու հետո թափվեցին: Ծեծելով տարան Կենտրոնի ոստիկանություն: Ոստիկանությունում էնքան արյույնլվիկ ցուցարարներ կային, որ երևի 41 թ-ի պատերազմներում էդպիսի բան չէր կատարվում: Ականջիս պատռվածքի համար բժիշկ կանչեցին, բայց նրանք ասեցին, մինչև տաք ջուր չլինի, արյունը չմաքրեն, չեն կարող հասկանալ՝ ինչ վնասվածք է: Տաք ջուր չկար, էդպես թողեցին, գնացին»:

Ոստիկանությունում Ռաջուի վնասվածքներից միայն ականջի պատռվածքն են գրանցել: Իսկ մեկուսարանում ստիպել են սեռական բնույթի հայհոյանքներով հայհոյել ընդդիմությանն ու ցուցարարներին, ով չի հայհոյել, ծեծ է կերել մահակներով: Էդտեղ ևս իրեն ծեծել են: Հետո տարել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ռաջու Պետրոսյանին դատարանը 2.5 տարվա ազատազրկման է դատապարտել՝ քրօրի 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: «Մի քաղաքացիական հագուստով ոստիկան բերեցին, Գ Հակոբյան՝ պնդելով, որ ես հարվածել եմ ոստիկանին, բայց ես էդ մարդուն կյանքում առաջին անգամ էի տեսնում: Ինքը մի քանի ցուցարարների քրեական գործերով անցնող տուժող ոստիկան էր: Իբր ես ոտքով հարվածել ու հրել էի իրեն, բայց ինքը ոչ մի վնասվածք չուներ։ Ես արագացված դատավարություն ուզեցի, որովհետև տեսա, որ անիմաստ է ինչ որ-բան փորձել ապացուցելը, ես էլ փաստաբան չունեի: 10 րոպե տևեց դատավարությունս, ինձ դատապարտելով 2.5 տարի, ուղարկեցին Կոշի գաղութ»:

Կոշի գաղութում Ռաջուն անցկացրել է 10 ամիս, համաներումով դուրս է եկել: Բանտից դուրս գալուց հետո պարբերաբար ծնկահոդերի ցավեր է ունեցել: Բժիշկի դիմելուց հետո պարզել է, որ հիվանդությունը հարվածների հետևանք կարող էր լինել: Այժմ Ռաջուն առաջին կարգի հաշմանդամ է, տեղաշարժվում է սայլակով: Վիրահատության համար անհրաժեշտ է նվազագույնը 6 հազար դոլար, ինչը նպաստով ու թոշակով ապրող իր ընտանիքը չունի: Ռաջուն երկու մանկահասակ երեխա ունի, իրեն խնամող կին ու թոշակառու հիվանդ մայր:

Մարտի մեկին իշխանության գործողություներից տուժած, նա նաև դիմել է Եվրադատարան՝ փոխհատուցման պահանջով, սակայն դեռ պատասխան չկա: Ընտանիքը հույս ունի նաև ԱԺ-ում շրջանառվող Մարտի մեկին տուժածներին փոխհատուցում տալու օրինագծի միջոցով գումար ստանալ, սակայն այդ հեռանկարը ևս անորոշ է, իսկ կրկին քայլելու համար Ռաջուին անհապաղ վիրահատություն է հարկավոր:

Կինը՝ Լելյի Գրիգորյանը պատմեց, որ դիմել են վարչապետին, սակայն այնտեղից ուղղորդել են առողջապահության նախարարություն: Առողջապահության նախարարությունից էլ ասել են, որ վիրահատությունը կանեն անվճար, բայց էնդոպրոթեզները պետք է իրենք գնեն: Դրանցից յուրաքանչյուրը 3000 ԱՄՆ դոլար գումար արժե:

«Նպաստով ու թոշակով ենք ապրում: Շատ դժվար, գումարը միայն կոմունալին ու ցավազրկողներին է հերիքում: Արդեն մեկ ամիս է ստամոքսի ցավի ու գումարի բացակայության պատճառով ամուսինս դեղեր չի խմում: Ինքը ցավեր ունի, պետք է ցավազրկող խմի։ Ինձ համար շատ ծանր շրջան է, երեխաներիս հետ կապված ծախսերը նույնիսկ չեմ կարողանում հոգալ»:

Նախկին ցուցարարի կինը դիմում է բարի մարդկանց՝ օգնության ակնկալիքով. «Երեխաներս երազում են հայրիկին ոտքի վրա տեսնել: Նախապես շնորհակալ եմ շատ, նկարներ և հիվանդության եզրակացության փաստաթղթերը կուղարկեմ: Մեր հասցեն է. քաղաք Մարալիկ , 1 թաղամաս, 1 շենք, բնակարան 35»:

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՎ՝ քարտի հաշվի համալրում՝ Ակբա֊Կրեդիտ Ագրիկոլ բանկ հաշվեհամարներ՝ 6776780000428298

Ակբա֊Կրեդիտ Ագրիկոլ բանկ 9051340400082102

ՎՏԲ բանկ 5362340003737914

ԻԴՐԱՄ ID 166589991

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ նաև ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐ՝
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ 220361879251000 ( AMD RUB USD EUR )
Արքա քարդ 220361874732000 AMD
ՎՏԲ բանկ 16003008733400 AMD
ՎՏԲ բանկ 16003008733401 USD
ՎՏԲ բանկ 16003008733402 EUR
ՎՏԲ բանկ 16003008733403 RUB
Հեռախոս. 098 281 707, 077 010 678 Մարինե Խառատյան