Հունիսի 10-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում ծեծելով, ապա նաև դիտավորությամբ դանակի հարվածով տաքսու վարորդի են սպանել: Միջադեպին փորձել է միջամտել մի երիտասարդ, սակայն նրան նույնպես դանակահարել են: Գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի տիրույթում:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ տաքսու սպանված վարորդը Սարգիս Ավագյանն է՝ Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը:
Մարտի 1-ին ծանր վիրավորված Արթուր Ավագյանը պաշտոնապես տուժող էր ճանաչվել միայն 2008-ի սեպտեմբերի 2-ին՝ «Մարտի 1»-ի մայր գործով նախաքննության ավարտից 2 օր առաջ:
Արթուր Ավագյանը մարտի 1-ին, ժամը 22:15-ին, շտապ օգնության մեքենայով բերվելով «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մի քանի օր անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում և ստացած վնասվածքների պատճառով անգամ չէր կարողացել պատասխանել քննիչների հարցերին: Հիվանդանոցում արձանագրվել էին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Արթուր Ավագյանի վնասվածքները. «Պարանոցի և դեմքի հրազենային վնասվածք, տրավմատիկ շոկ, ձախ ենթածնոտային շրջանի պատռվածք վերք (հրազենային վերքի մուտք), աջ թշային շրջանի, վերին շրթունքի, բերանի աջ անկյան պատառոտված, ջնջխված վերք, հյուսվածքների արատ (հրազենային վերքի ելք): Լեզվի ենթալեզվային և թշային շրջանի լորձաթաղանթների պատառոտված և ջնջխված վերք… Ստորին ծնոտի հրազենային, բեկորային կոտրվածք ձախ անկյան շրջանում, ատամների լրիվ տեղաշարժով»: Արթուր Ավագյանի վիրահատությունը տևել էր շուրջ 7 ժամ: Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետներն Արթուր Ավագյանին հետազոտել էին միայն մարտի 12-ին: Եվ արձանագրել էին, որ նա վերքերի և վնասվածքների պատճառով չի կարողանում բացել բերանը: Նաև նշել էին, թե հնարավոր չէ ասել՝ այդ հրազենային վերքերը գնդակայի՞ն են, կոտորակայի՞ն, թե՞ բեկորային։