Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով 2-րդ դատական նիստը։
Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Այս գործով անցնում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։
Դեռևս դատավարությունից մեկ ժամ առաջ դատարանի բակում էին հավաքվել այսպես կոչված Քոչարյանի կողմնակիցները և նրան մարդասպան համարողները։ Բանակները կանգնել էին դեմ դիմաց մայթերի և պարբերաբար վանկարկում էին՝ Քոչարյան մարդասպան, ալբանացի, չես մարսելու։
Պռոքոչարյանականները եկել էին Ռուսաստանի դրոշով մազակալներով, պարբերաբար խրոխտ հայրենասիրական և մարտական երգեր էին դնում բարձրախոսով բանակի և Ղարաբաղի մասին։
Դահլիճում է նաև մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ 2008 թվականի իրադարձությունների հիմնական մեղավորն, ըստ նրա, հենց Քոչարյանն է․ «Եկել եմ, որ ասեմ՝ Աստված պահի Քոչարյանի բալին, ո՞նց էր համը իմ ձագի»։
Նշենք, որ երկու դեմ դուրս եկած խմբերը միատարր չէին։ Հակաքոչարյանական խմբում կային մարդիկ, ովքեր փորձում էին սադրել, կռիվ հրահրել։ Նրանց շարքերում էր նաև մի երիտասարդ, որը, ըստ շրջանառվող լուրերի, Քոչարյանի որդու ընկերն է, նա նաև Աժ-ի դիմաց մեկ ամիս առաջ տրանսգենդեռի թեմայով ատելության կոչեր էր անում։
Հակաքոչարյանականների ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ առավոտյան նա նկատել է, որ Քոչարյանի աջակցի ձեռքին մոտ 15 անձնագիր կար։ Նրա ենթադրությամբ՝ դրանք հավաքել էին, որ հետագայում փող բաժանեն։
Երեկվա դատական նիստին եկել էր նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Նրա վրա էին հարձակվել Քոչարյանի կողմնակիցները, շշով հարվածել և պատռել նրա պաստառը։ Ավելի ուշ մի քանի հոգի ձերբակալվել էին, ապա ազատ արձակվել։
Քոչարյանականները ֆիկտիվ բեյջեր ունեն և ներկայանում են որպես լրագրող։ Օրինակ, այս կինը Անի Կարապետյանն է, Քոչարյանի կողմնակիցների ակցիաների ժամանակ միշտ ելույթ է ունենում՝ պաշտպանելով նրան։
Իսկ, ահա, նիստի ընթացքում կինը որպես լրագրող էր ներկայանում և պահանջում տեղ տալ, որ նստի։ Այնուհետև սկսեց վիրավորել լրագրողներին՝ ասելով, թե իրեն հաճելի էլ չէ «ձեզ նմանների կողքին նստելը»։
Երեկվա դատական նիստին Քոչարյանի պաշտպանները դատավորի ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որն այսօր մերժվեց Գրիգորյանի կողմից։
Նիստին քննելու են Քոչարյանի կալանքի՝ հիմնավորված կամ չհիմնավորված լինելը։