Նախընտրական համաներումը տարածվել է ոչ բոլոր նախկին վարորդների վրա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում խոստացել էր հեշտացնել վարորդական իրավունքի վերականգնման գործընթացը՝ մանր վարչական խախտումների դեպքում։ Մայիսին Երևանում բազմաթիվ մարդիկ բողոքի ցույցեր էին անում վարորդականից անարդար զրկվելու դեմ. շատերը առաքիչներ էին, տաքսու վարորդներ, վաճառականներ, ում համար մեքենա վարելը գործի մաս է։
Ընտրություններից հետո՝ հունիսի 16-ին, խոստումը ձևակերպվել է որպես օրենք, բայց չի ներառել բոլոր տուժածներին։ Այսօր Կառավարության մոտ հավաքվել էին վարորդները, որոնք նոր համաներման տակ չեն ընկել։
Նրանք դիմել են վարորդականի վերականգման համար, մուծել են 50 հազար դրամի պետական տուրքը, բայց վկայականը չեն ստացել։ Որոշներին ասել են, որ համաներումը չի տարածվում 2020-ից առաջ վարորդականից զրկվածների վրա։ Մերժել են նաև Լեռնային Ղարաբաղում ստացած կամ այնտեղ վարորդականից զրկված մարդկանց. նրանք Հայաստանում պետք է նոր քննություն հանձնեն։
«Հասկանում ենք, հիմա չկա Արցախ, բայց ինչ կապ ունի։ Մեզ տալիս էին Հայաստանի պրավաներ, լամինացված Հայաստանում։ Հիմա դիմել ենք, արցախցիներով նամակ ենք գրել, խոստացել են տասնհինգ օրվա մեջ պատասխանել։ Երեսուն տարվա վարորդ եմ, բայց հարցաշար անգիր անելը իմ համար բարդ է», - Epress.am-ին ասել է բողոքի մասնակից վարորդներից մեկը։
Չեն վերականգնում նաև այն մարդկանց վկայականները, որոնք զրկվել են Ռուսաստանում, այդ թվում ֆուռի վարորդները կամ արտագնա աշխատողները։
«Ես Ռուսաստանում եմ զրկվել, բայց հայկական պրավա ունեմ։ Հեռուստացույցով տեսա, որ համաներում է, եկա Երևան։ Հիմա ասում են՝ չէ։ Առանց վարորդականի ոչ Հայաստանում ա հնարավոր ապրելը, ոչ Ռուսաստանում», - ասել է մեկ այլ վարորդ։
Ըստ ցուցարարների՝ վկայականի վերականգման մերժում է ստացել մոտ 1500 հոգի։
«Ինադու են անում, որ քաղաքում պրոբկա չլինի, կամ որ նորից քննություն տան, նորից վճարեն։ Բայց չի կարա լավությունը լինի ընտրովի», - նշել է բողոքի մասնակից Արթուրը։
Խնդիրը ոչ միայն վարորդականից զրկելն է, այլև վարորդական ստանալու նոր, խրթին կարգը։ Դիմողները բողոքում են, որ քննություններին անհիմն կտրում են անգամ փորձառու վարորդների, վկայական ստանում են չորրորդ-հինգերորդ փորձից, պրոցեսը հերթերի պատճառով տևում է տարիներ և արժենում թանկ դիմումատուի վրա. Ամեն քննության համար մուծումներ կան` 14.500 դրամ, արտահերթ արագացված քննության համար՝ 45․000 դրամ։
Քննության գնահատականը բողոքարկման, տեսուչի որոշումը քննելու որևէ մեխանիզմ չկա։ Քննական մեքենաններում չկան տեսաձայնագրման գործիքներ՝ անկախ փորձաքննություն պահանջելն անհնար է. վեճերի դեպքում Ոստիկանությունն առաջնորդվում է տեսուչի պատմածով, ոչ թե քննություն հանձնողի։