Երեխաների հետ կալանավորված կինը զրկված է մյուս զավակների հետ հանդիպումներից
Աբովյանի բանտի կալանավոր, բազմազավակ Աննա Էնգոյանը պահանջում է ապահովել մեծ երեխաների հետ իր կանոնավոր հանդիպումները։
Տեսակցությունները տարբեր պատճառաբանություններով խոչընդոտում է Հայկական Կարիտասի «Սաբինե» խնամքի կենտրոնը, որտեղ 17-ամյա և 8-ամյա որդիները հայտնվել են 2025-ի դեկտեմբերին՝ մոր կալանավորումից հետո։
Մանկատան պայմաններից կինը չի բողոքում, միակ պահանջը՝ ապահովեն տեսակցությունները։ 8 ամսվա մեջ նա որդիների հետ հանդիպել է մեկ անգամ՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավարության ջանքերով։
Աննայի խոսքերով, խնամքի հաստատությունը սկզբից պնդում էր, որ երեխաները մորը հանդիպելուց ստրեսվում են․ «Թող լսեն իմ հեռախոսազրույցները, լսեն, թե ոնց ա էրեխես մղկտալով հարցնում, թե երբ ենք հանդիպելու։ Ինձ հետ կալանավայրում երկու փոքր երեխաներս են ապրում, մեկը այստեղ է ծնվել։ Ստացվում է, որ փոքրերին կարելի ա, իրանք չեն ստրեսվում 18 քառակուսու մեջ ապրելով, իսկ մեծ հասկացող տղաներս հանդիպումների սենյակում մամային տենալուց պիտի ստրեսվե՞ն»։
Խնամքի տան մյուս պատճառաբանությունն այն է, որ իրենց մոտ նման հանդիպումների կազմակերպման համար բյուջե և կարգ չկա։
Մայրը լիազորել էր ամուսնուն կազմակերպել տղաների հետ իր տեսակցությունները։ Նրան թույլ չեն տվել, քանի որ հարազատ հայրը չէ։
Մանկատուն են գնացել նաև Աննայի մայրը և հարսը, որոնց մերժել են, քանի որ «վերջերս մանկատնից 16 տարեկան երեխա է փախել և պետք է սպասել մինչև նախարարությունը թույլատրի»։
Ամուսնու՝ փոքր երեխաների հոր հետ, Աննան և նրա մեծ երեխաները մի քանի տարի միասին են ապրել․ «Ես իրեն վստահում եմ, մի անգամ ձայնը չի բարձրացրել երեխաներիս վրա, էլ չեմ ասում, որ ձեռք բարձրացնի։ Ինձանից շատ եմ վստահում»։
Աննան դատապարտվել է 7 տարի 3 ամիս ժամկետով, որից 2,5 տարին պետք է նստի փակ ռեժիմով․ 18 քմ խցում երկու երեխաների և իր մահճակալներն են, այլ կահույքը և սանհայգույցը, դուռը փակ է, առավոտյան և երեկոյան թույլատրվում է մեկ ժամանոց զբոսանք։
Կինը 4 երեխաներին ունեցել է կեսարյանով, փոքրի ծնվելուց հետո բարդություններ են առաջացել, ինչի պատճառով նորից վիրահատվել է, նաև ունի ողնաշարի ճողվածք։
Աննան մերժում է ստացել նաև, երբ խնդրել է դատարանին հետաձգել պատիժը մինչև փոքր երեխաները դառնան 6 տարեկան․
«Ես իմ մեղքը ընդունում եմ, կալանավայրից չեմ բողոքում, բայց իմ փակ ռեժիմը, դատավորների դաժանությունը չեմ հասկանում, տղայիս շուտով տանելու են բանակ, որտե՞ղ է ինքը վերադառնալու, ես չեմ ուզում, որ երեխեքս կրկնեն իմ ճակատագիրը»։
Այլ մանրամասները՝ տեսանյութում։