Երևանյան «Զատիկ» շուրջօրյա խնամքի կենտրոնում երեխաների նկատմամբ բռնությունների, նվաստացումների, երեխաների շրջանում ինքնավնասումների և ինքնասպանության փորձերի մասին դիտորդների ահազանգին սոցիալական ապահովության նախարարությունը առ այսօր պատշաճ չի արձագանքել։ Ավելի քան մեկ ամիս անց իրավական գործընթաց չկա։
տե՛ս Երևանյան գիշերօթիկի սարսափները
Հրատապ զեկույցի հանրայնացումից հետո դիտորդական խմբի անդամները ահազանգել էին՝ տեղեկություններ ունեն, որ «Զատիկի» տնօրինությունը ճնշումներ է գործադրում երեխաների և նրանց ծնողների նկատմամբ, որ ոչ մեկին էլ ոչ մի բան չպատմեն։ Իրավապաշտպաններին էլ սպառնում էին «դատի տալով»։
Առերևույթ հանցագործությունների մասին բոլոր այս հաղորդումները մնացել են անհետևանք։ Մայիսի 5-ին Քննչականից տեղեկացրել են, որ նույնիսկ քրեական գործ չեն հարուցել։
տե՛ս Երեխաների ծնողներին ասել են՝ «Զատիկից» էլ ոչ մի տեղ չբողոքեք
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Epress.am-ին ավելի վաղ պատասխանել էին, որ «Զատիկում» մշտադիտարկումներ մինչ այս չեն արել, բայց ուսումնասիրում են հասարարական կազմակերպությունների դիտորդական դաշինքի կողմից հրապարակված տեղեկությունները։
Արդեն այսօր օմբուդսմենը հաղորդել է, որ մայիսի 5-ին չհայտարարված այց է կատարել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն և արձանագրել մի շարք խնդիրներ, որոնց «մի մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող բազմաթիվ այլ հաստատությունների»։
Նշվել է, օրինակ, որ
բռնություններ
— առանձնազրույցների ընթացքում երեխաները և աշխատակիցները հայտնել են աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ, երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ և երեխաների միջև ֆիզիկական ու հոգեբանական բռնության դրսևորումների մասին:
(Թե բռնության կոնկրետ ինչ «դրսևորումների» մասին են պատմել երեխաները՝ օմբուդսմենի գրասենյակը չի մանրամասնել։ Հաղորդագրությունում չի հիշատակվում նաև հղի դեռահասի նկատմամբ ճնշումների մասին)։
— պարզվել է, որ հաստատությունում առկա չէ երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների վարման գրանցամատյան:
— ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաև բողոքարկելու իրավունքի իրացման իրական հնարավորություն, մասնավորապես՝ բողոքների և առաջարկությունների համար նախատեսված արկղը դրված է հաստատության վարչական աշխատանքների համար նախատեսված հատվածում, որի մասին երեխաները տեղյակ չեն:
ծնողների հետ շփումները վերահսկվում են
— արձանագրվել են երեխայի և ընտանիքի հետ շփման ապահովման, ընտանեկան կապերի պահպանման վրա ազդեցություն ունեցող միջամտության դեպքեր: Մասնավորապես՝ երեխաների և ծնողների տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները հաճախ տեղի են ունեցել աշխատակիցների ներկայությամբ:
տարրական պայմաններ չկան
— հաստատությունում պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։
«Արձանագրվել են դեպքեր, երբ տղաների համար նախատեսված մասնաշենքում բավարար տարածք չլինելու պատճառով արական սեռի երեխաները ժամանակավոր տեղափոխվել են աղջիկների մասնաշենք:
Սենյակներում բացակայել են կողապահարաններ, 3 կամ 4 անձի համար եղել է հագուստի միայն 1 պահարան, ընդ որում՝ կոտրված, օգտագործման համար ոչ ենթակա և առանց փականների»:
միակ պահարանը՝ աջից, լուսանկարները՝ ՄԻՊ գրասենյակի
— շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին:
ընդհանուր ներքնազգեստներ, բաց զուգարաններ և այլն
— ապահովված չեն երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն:
«Զուգարանների դռների մեծ մասը չեն փակվում ներսից, լոգախցիկները սանհանգույցից առանձնացված են միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայում է նաև միջնապատը»:
սանհանգույցն ու լոգախցիկը, լուսանկարը՝ ՄԻՊ գրասենյակի
— սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. հագուստի, այդ թվում՝ ներքնազգեստի լվացքն իրականացվում է առանց անհատականացման և անհրաժեշտ տեսակավորման՝ հանգեցնելով տարբեր երեխաների կողմից նույն հագուստը կամ ներքնազգեստը կրելու դեպքերի:
— երեխաների համար առանձնացված խոհանոցում առկա բաժակները չեն համապատասխանել երեխաների թվաքանակին. թվով 14 երեխային հատկացված է եղել 6 բաժակ:
— անկողնային պարագաների, սրբիչների, սանրերի անհատականացումն իրականացվում է առանց համապատասխան նշումների:
հիմնական զբաղմունքը՝ հեռուստացույց (չի աշխատում)
— ապահովված չէ երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններով:
«Դպրոցահասակ երեխաները ստիպված են դասապատրաստում իրականացնել փոքրահասակ երեխաների քնելուց հետո:
Բացակայում են հաստատությունից դուրս սպորտային և մշակութային միջոցառումներին, խմբակներին հաճախելու հնարավորություն ապահովող ծրագրեր:
Հաստատության ներսում որպես հիմնական զբաղմունքի միջոց օգտագործվում է հեռուստացույցը, որն այցի ամբողջ ընթացքում աղջիկների խմբում միացված է եղել բարձր ձայնով և երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ, իսկ տղաների խմբում վահանակի անսարքության պատճառով չի միացվել շուրջ 2 ամիս»:
— այցի պահին հաստատությունում բացակայել է առաջին բժշկական օգնության պայուսակը, բժշկական ծառայությունների համար նախատեսված տարածքում միակ գործող սենյակը միաժամանակ ծառայում է որպես ընդունարան, բժշկի աշխատասենյակ և հերթապահ բուժքրոջ հանգստի սենյակ: Ներդրված չէ նաև երեխաների բժշկական փաստաթղթերի վարման միասնական ձևաչափ։
— հաստատությունն ապահովված չէ տրանսպորտային միջոցով` երեխաների փոխադրումները կազմակերպելու համար, ինչը էապես սահմանափակում է նաև հասարակության հետ շփումները:
— բազմամասնագիտական թիմի ներսում, ինչպես նաև հաստատություն-դպրոց փոխհարաբերություններում բացակայում է արդյունավետ համագործակցությունը, ինչի հետևանքով չի ապահովվում երեխայակենտրոն մասնագիտական միասնական մոտեցում՝ ելնելով երեխայի լավագույն շահից:
— ներդրված չեն փաստաթղթավորման և երեխաների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, կազմման և դեպքերի վարման հստակ ձևաչափեր, ինչի հետևանքով անհասկանալի են բազմամասնագիտական թիմի կողմից կոնկրետ երեխայի զարգացման համար սահմանված նպատակները, այդ ուղղությամբ տարվող կոնկրետ աշխատանքները և արդյունքները:
ժամկետանց սնունդ
— Ճաշարանում ու խոհանոցում արձանագրվել են աշխատանքի կազմակերպման խնդիրներ։ Խոհանոցում առկա է անձակազմի անհամաչափ ծանրաբեռնվածություն ու գործառույթների միաձուլում։ Այցի ընթացքում պատրաստված ուտեստների չափաբաժինները և սնվելու ժամերը ճաշացուցակում հստակ նշված չեն եղել։ Պահպանված չեն եղել նաև սննդի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:
«թվով 14 երեխային հատկացված է եղել 6 բաժակ» և այլն, լուսանկարները՝ ՄԻՊ գրասենյակի
— Հայտնաբերվել են ժամկետանց ալյուր և կարմիր պղպեղ, հիգիենայի և մաքրման միջոցներ, խոհանոցի սառցարանում առկա մսամթերքի վրա բացակայել է ժամկետների նշումը:
աշխատանքային պայմաններ
— Աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են և առկա է աշխատակիցների ռեսուրսների պակաս:
խնամատար ընտանիքների հետ կապված խնդիրներ
— Առկա են խնդիրներ երեխային խնամատար ընտանիք հանձնելու, և խնամքը կազմակերպելու գործընթացում:
«Օրինակ, գրանցվել են դեպքեր, երբ նույն երեխայի խնամքը 2 անգամ տարբեր խնամատար ընտանիքներում է կազմակերպվել, սակայն որոշ ժամանակ անց այդ ընտանիքները հրաժարվել են երեխայի խնամքը իրականացնելուց․․․»։
«Արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին», – նշվել է հաղորդագրության վերջում։
հիշեցում
Նախարարի հրամանով ստեղծված դիտորդական խմբի՝ «Զատիկում» կատարած մշտադիտարկման, արձանագրված խախտումների, ենթադրյալ բռնությունների և այլ ապօրինությունների մասին ավելի վաղ պատմել էր իրավապաշտպան Մուշեղ Հովսեփյանը։ Նրա հարցազրույցը՝ ստորև․