Տեղեկանք․
— Հայաստանտյան բանտերում 2018 թվականին մահվան 18, 2019-ին՝ 21, 2020-ին՝ 5, 2021-ին՝ 13 դեպք է գրանցվել,
— Միայն անցյալ տարվա ընթացքում բանտերում արձանագրվել է ինքնավնասման 366, հացադուլի՝ 374 դեպք,
— Ազատությունից զրկված անձանց մոտ 50 տոկոսը տառապում է քրոնիկ հիվանդություններով։
Մոտ մեկ շաբաթ առաջ դատարանի դահլիճում մահացավ ընդդիմադիր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Արդարադատության նախարարությունից արդարանում էին, թե բժշկական զննությամբ նրա մոտ զարկերակային հիպերտենզիա և վեգետոնևրոզ էր ախտորոշվել, բայց բանտում գտնվելու ընթացքում նա առողջական խնդիրների մասին ոչ մի դիմում չի ներկայացրել:
Դեպքի առթիվ ավելի ուշ քրեական գործ հարուցվեց «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու» հոդվածով։ Կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան։
Կալանքը՝ պատիժ
Որքանո՞վ է հիմնավորված նախաքննության փուլի համար խափանման ամենածայրահեղ միջոցի՝ կալանքի կիրառումը։
«Թե նախկին, թե ներկա իշխանությունների պարագայում նախնական կալանքը կիրառվում է որպես անձին ճնշելու կամ որոշակի պատժողական քաղաքականության միջոց, որը ամենևին չի համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքում նախանշված մոտեցմանը», – «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասում էր քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի անդամ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Արմեն Գրիգորյանը մեղադրվում էր հայկական հարթավայրերի, մասնավորապես Շիրակի մարզի և Արարատյան դաշտավայրի բնակչության «ազգային արժանապատվությունը նվաստացնելու» մեջ: Հերթական ասուլիսի ժամանակ ընդդիմադիր գործիչը հայտարարել էր, թե դաշտավայրցիները «թուրքի բռնաբարության և հայկական գինեկոլոգիայի թերաշխատանքի հետևանք» են։ Շաբաթներ անց նա ձեռբակալվել և կալանավորվել էր։ Առողջական գանգատներն արձանագրվել են նաև կալանքի երկու ամիսների ընթացքում։
Համաչա՞փ էր արդյոք խափանման միջոց կալանքի կիրառումը։ Իրավապաշտպանների կարծիքով՝ թե այս, թե բազմաթիվ այլ (պակաս տեսանելի) դեպքերում «ողջամիտ կասկածներ» կան, որ այդքան էլ չէ։
Բանտը հիվանդացնում է
Արմեն Գրիգորյանը Արմավիրի հանրահայտ ՔԿՀ-ում էր պահվում։ Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է՝ Արմավիրի բանտը կառուցվել է նախկին իշխանությունների օրոք՝ վատ տեղում (ձմռանը շատ ցուրտ է, ամռանը՝ շատ շոգ), շինարարական նորմերի տոտալ խախտումներով, «պատկերացրեք՝ ինչ է նշանակում 40 աստիճան շոգին առնվազն 23 ժամ գտնվել առանց օդափոխության խցում»։
Ըստ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Լաուրա Գասպարյանի, ազատությունից զրկված անձանց մոտ 50 տոկոսը քրոնիկ հիվանդություններով է տառապում։ Բանտում նրանց առողջական վիճակը որպես կանոն վատթարանում է․ տարրական կեցաղային պայմաններ չկան, բուժում էլ չի տրամադրվում։
Արմավիրի ՔԿՀ-ում 900-ից ավել մարդ է գտնվում: Ով առողջական խնդիրներ ունի՝ ամիսներով հերթի մեջ է։ Անգամ տարրական բուժզննման համար պետք է շաբաթներ սպասել․․․
«Նախ՝ իսկապես չկան հետազոտական սարքեր, որոնք կարող են արագ ախտորոշել խնդիրը։ Արյան անալիզի պարագայում անգամ լաբորատոր միջոցներ չկան․․․
Հաջորդը տեղափոխման խնդիրն է․ մեքենաներ չկան, դրանք հին են ու մաշված, նույնիսկ դեպքեր են եղել, երբ դատապարտյալին ՔԿՀ-ից պետք է տեղափոխեին հիվանդանոց, մեքենան ճանապարհին փչանում էր․․․
Մյուսը բժշկական ծառայության պրոֆեսիոնալության, գուցե նաև բարեխղճության խնդիրն է․․․», – նշում է իրավապաշտպանը։
Մարդիկ ծայրահեղ քայլերի՝ ինքնավնասման, հացադուլի են դիմում, հաճախ՝ զուտ բուժօգնության պահանջով։
60 օր հացադուլից հետո հունիսի 28-ին մահացել է դատապարտյալ Արմեն Մնացականյանը։ Նրա կնոջ խոսքերով, հացա- և ջրադուլի մեջ գտնվող մարդուն բանտից բանտ, հաստատությունից հաստատություն են տեղափոխել, «Արմավիր»-ում փակել են նրա խցի ծորակները (ջրի ծորակ փակելը, ըստ նրա, Արմավիրում «նորմա է», հարազատներն են ջուրն առնում, տանում)․ «96 կիլոյից դարձել էր 39 կիլո 600 գրամ, արդեն դուրս էր եկել հացադուլից, ասում էր՝ ուտել եմ ուզում, բայց վերականգնողական բուժում չէին անում, պահանջում էին, որ ինչ-որ թղթեր ստորագրի․․․»։
Պատասխանատու կառույցներն ի պատասխան հայտարարել են, թե իրենք մեղավոր չեն, Մնացականյանն ինքն է հրաժարվել բուժումից։
Հովհաննսիյանի տվյալներով, 2021 թվականին միայն Արմավիրի ՔԿՀ-ում հացադուլի 153 դեպք է գրանցվել։ Հացադուլավորների մի մասը, ինչպես Արմեն Մնացականյանը, դատավճռի դեմ է բողոքում, մի մասը՝ պահպան պայմանների։ Շատերը հացադուլով զուտ բուժօգնություն են պահանջում։ Անկախ պահանջներից՝ գրեթե բոլորը առողջական խնդիրներ ունեն։
«Առնվազն մի քանի շաբաթ առաջ մեր խումբը հանդիպել էր 5-6 հացադուլավորների հետ․ բոլորի մոտ առողջական խնդիրներ էին», – նկատում է իրավապաշտպանը։
Ինչպես վարել հացադուլը՝ բանտային բժիշկները չգիտեն, մասնագիտական օգնություն չկա։
«Մենք սահմանափակվում ենք ամենօրյա բժշկական դիտարկմամբ, այսպես ասած։ Երբեմն իրավիճակը խորանում է։ ․․․Այդ սահմանափակ դիտարկումները հնարավորություն չեն տալիս անձի առողջական վիճակը ճիշտ գնահատել, բուժօգնություն ցուցաբերել», – հավելում է ՄԻՊ ներկայացուցիչը։
Ենթադրվում է, որ փակ հաստատություններում ցանկացած մահ պետք է ենթարկվի քննության։ Քրեական գործեր են հարուցվում։ Ինչպես է տարվում քննությունը՝ պարզ չէ։ Հաճախ տարիներով ձգձգվում է, պատասխանատվություն ոչ ոք չի կրում։ Արդյունքները երբեմն չեն էլ հրապարակվում։