Home / Հայաստան / Ձերբակալված զտարյուն հայը նաև ռուսատանցի է

Ձերբակալված զտարյուն հայը նաև ռուսատանցի է

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին ձերբակալել է պրոդյուսեր, «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) նախկին անդամ, ընդդիմադիր գործիչ Արմեն Գրիգորյանին։ Վերջինս մեղադրվում է հայկական հարթավայրերի, մասնավորապես՝ Շիրակի մարզի և Արարատյան դաշտավայրի բնակչության «ազգային արժանապատվությունը նվաստացնելու» և «նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու» մեջ:

Ռուսական «ՏԱՍՍ»-ը (պետական լրատվամիջոց) ձերբակալվածին ներկայացնում է որպես «ռուսաստանցի պրոդյուսեր» և հավելում՝ «ՏԱՍՍ-ի թղթակցի տեղեկություններով, Գրիգորյանն ունի և՛ հայկական, և ռուսական քաղաքացիություն»։

Հայաստանցիներին Արմեն Գրիգորյանը հայտնի է նաև ընդդիմության՝ 16+ ուժերի հետպատերազմական բողոքի ցույցերով։ Հարցազրույցներին զուգահեռ՝ պարբերաբար նա ելույթներ էր ունենում նաև հրապարակի ամբիոնից։

https://www.youtube.com/watch?v=jmtBFhWk3Hc

Առավել հաճախ նրան կարելի է տեսնել «Հայելի» ակումբում՝ ասուլիսներ տալիս։ Հաղորդավար Անժելա Թովմասյանի հետ (արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է) նրանք սովորաբար քննարկում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրած քաղաքացիաներին։

Համացանցում վերջին օրերին շրջանառվում է Գրիգորյանի ապրիլի 25-ի ասուլիսից մի հատված։ Ռուսաստանցի պրոդյուսերը հայտարարում է․ «Դաշտավայրի ժողովուրդը՝ Շիրակի, Արարատյան դաշտավայր, միշտ դավաճան է եղել, էսօր էլ նիկոլական դրանք են․․․ Սարեցիները՝ Տավուշը, Սյունիքը, Արցախը, միշտ էլ եղել են իսկական հայ, որովհետև արյուն չեն խառնել թուրքերի հետ։ Արա, սրանց կեսը թուրք են։ «Ублюдок»-ը ո՞նց էր հայերեն, էն որ ապօրինի ծնված է։ Եթիմ, չէ՞։ Արա, սրանք թուքրի եթիմ են։ Ես չունեմ ուրիշ բացատրույթուն։ Արա, ո՞նց կարան դրանք հայ լինեն, ո՞նց կարամ ես էլ հայ լինեմ, դրանք էլ։ Վիրավորո՞ւմ եմ։ Լա՛վ եմ անում»։

Անժելա Թովմասյանը նույն ասուլիսի ընթացքում բացականչում է, թե «գյումրեցիք ասում են՝ մենք աղուհացով թուրքին դիմավորել ենք, մի ամսվա ընթացքում տղամարդկանց կոտորել են, կանանց բռնաբարել են, դրա համար էլ էսքան նիկոլապաշտ են, կեսը երևի թուրք ա ծնվել»։

Արմեն Գրիգորյանն հաստատում է։ Երկուսով եզրակացնում են, որ «նիկոլականները թուրքերի բռնաբարության հետևանք են»։

Գրիգորյանը չի մոռանում նաև Արարատի դաշտավայրը։ Մեջբերում․ «Նայելով անցած տարվա ընտրություններին, ես հասկանում եմ, որ Արարատյան դաշտավայրի մեծամասնությունը նույնպես թուրքերի բռնաբարության և հայկական գինեկոլոգիայի թերաշխատանքի հետևանք է․․․ Հիմնականում թուրքի հետևանք են՝ թուրքի բռնաբարության։ Դե հիմա ի՞նչ անենք»։ Թովմասյանն էլ երկրորդում է․ «Լրիվ համաձայն եմ» և հավելում՝ «է ո՞վ ասեց, որ իրանց կամքով չեն գնացել»։

Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է մայիսի 17-ին՝ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում (ՔՕ 226-րդ հոդվածի 2-րդ մասով): Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Գրիգորյանի պաշտպանները՝ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն ու  փաստաբան Արմեն Մաշինյանը սա քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց հետ համաձայն է նաև իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ըստ որի «բռնապետիկի անմիջական ցուցումով, նրա գրպանային աած-ն գործ է թխել և ձերբակալել ռեժիսոր, թունդ ընդդիմադիր հայացքներ ունեցող Արմեն Գրիգորյանին»։ Գրիգորյանի ելույթը Իշխանյանը համարում է «խիստ վրդովված, իրեն կորցրած մարդու խոսք, ով ահավոր անհանգստացած է հայրենիքի ճակատագրով»։