Home / Ազգային ժողով / Միշտ փախնելու եք․․․ Կեցցե հայկական ժողովրդավարությունը․ Փաշինյանը՝ ընդդիմությանը

Միշտ փախնելու եք․․․ Կեցցե հայկական ժողովրդավարությունը․ Փաշինյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմադիրներն այսօր շարունակել են բողոքի իրենց ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Առավոտյան նրանք բեռնատար և բետոնախառնիչ մեքենաներով փակել էին Կիևյան և Դավթաշենի կամուրջները, մարդատար ավտոմեքենաներով փակվել էին Օրբելի-Կիևյան և Օրբելի-Բաղրամյան հատվածները։ Կեսօրից հետո արդեն ընդդիմադիրների կողմնակիցները հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում, այնտեղից շարժվեցին դեպի խորհրդարանի շենք, որտեղ մեկնարկել էր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը։ Հարցուպատասխանին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր պատգամավորները նիստի կեսից լքեցին դահլիճը։

Ի հեճուկս ԱԱԾ-ի և Ոստիկանության հայտարարությունների՝ դաշնակ Իշխան Սաղաթելյանը հավաստիացրել էր, որ իրենք ոչ մի շենք էլ չեն գրավելու։ Ավելի վաղ ուժայիններն ահազանգել էին ընդդիմադիրների կողմից ԱԺ շենքի զավթման հնարավոր փորձի մասին։ Խորհրդարանի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել, տեղադրվել էին նաև լուսաձայնային հրթիռները։ Նիստի ընթացքում ցուցարարները հասան ԱԺ շենքի մոտ, մի քանի անգամ հրմշտոց տեղի ունեցավ ուժայինների և ցուցարարների միջև։ Այժմ ընդդիմադիրները քայլերթով շարժվում են Դեմիրճյան փողոցով։ 

Բանակցությունների տապալման և Ղարաբաղի կարգավիճակի մասին

Հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ընդդիմության պահանջը, որն ավելի վաղ ընթերցվել էր նաև Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքին․ «Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»:

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տապալելով արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը բերել է պատերազմ ու պարտություն, խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա: 2021-ի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս ունենք գերիներ: Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն, ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո և որ առաջնահերթ է համարում Արցախի տարածքների դեօկուպացիան, սակայն փաստացի իրականացնում է «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Թուրք-Ադրբեջանական տեսակետը», – ասաց պատգամավորը:

Փաշինյանն ընդդիմադիրների հայտարարությանը պատասխանեց կետ առ կետ․

«Տապալել է բանակցային գործընթացը՝ հայկական շահերը պաշտպանելու առումով»։ Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, և ինքը դրա մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է․․․լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ՝ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջները անիրատեսական և անընդունելի են մեզ համար։ Եվ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Սա առաջինը։

«Խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը»․ Ես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել եմ․ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ԱԺ պատգամավորներ, ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը։ Դրա համար կա պայման՝ պետք է համաձայնենք, որ Լեռնային Ղարաբաղը լինի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նման կարգավիճակ ունեցող մի միավոր, այսինքն՝ Ադրբեջանի կազմում»։

Եթե վերադառնանք և միացնենք այս տրամաբանությունը Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, կստացվի հետևյալը․ ըստ էության, պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի «անիրատեսական և անընդունելի պահանջները», այսինքն՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։

Խոսում եք նշաձողերի մասին․․․ Ես ուզում եմ արձանագրել, որ այն պահին, երբ նաև Ձեր իշխանությունը, (Դուք այդ ժամանակ եղել եք կառավարության մաս) Հայաստանի Հանրապետությունն ընդունել է Մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, ահա այդ պահից Դուք ճանաչել եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում․․․», – ասաց Փաշինյանը, ինչին ի պատասխան սկսեց տեղից բղավել ընդդիմադիր պատգամավորներից մեկը։

«Հիմա շատ կարևոր բացահայտում է հնչելու։ Պետք չի թողնել, որ աղմուկ-աղաղակի մեջ կորի։ Հիմա շատ կարևոր բան ա բացահայտվելու», – ասաց երկրի վարչապետը։ 

Ռուստամյանն արձագանքեց՝ նշելով, որ «նախկինների վրա մեղքեր բարդելը» Փաշինյանին պատասխանատվությունից չի ազատում։  

«․․․2018 թվականին մենք բանավեճ ենք ունեցել։ Այդ բանավեճի ժամանակ ես ձեզ հարցրել եմ՝ որ դուք դառնաք վարչապետ, պարտավորվու՞մ եք իրականացնել էն, ինչ Ղարաբաղի ժողովուրդը իր սահմանադրության 175-րդ հոդվածով նախատեսել է։ Դուք ասել եք՝ այո։ Դրա մասին խոսեք՝ ինչու՞ չեք առաջնորդվել Ղարաբաղի ժողովրդի կամքի իրականացման պատասխանատվությամբ։ Հիմա ի՞նչ կապ ունի՝ ով ինչ ա ժամանակին արել։ Դուք եք եկել վարչապետ և պարտավոր էիք այդ կամքը իրականացնել։ Էդ կամքի իրականացման խոստումը դուք եք տվել։ Դրանից հետո ինքներդ եք հայտարարել, որ անգամ չեք տեսնում տեսական հնարավորություն Արցախն Ադրբեջանի կազմից հանելու։ Եթե դուք էդ տեսակետի վրա եք, մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք․ որ թողնեք Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ։ Սա պատասխանեք»։

Մինչ Նիկոլ Փաշինյանը կփորձեր պատասխանել, ընդդիմադիր պատգամավորներն աղմուկով հեռացան։

«Ախ, չե՞ք ուզում լսել, չե՞ք ուզում լսել․․․ Բա էդպես ասեք․․․ Ոնց միշտ փախել եք, նենց էլ միշտ փախնելու եք․․․Կեցցե հայկական ժողովրդավարությունը», – ասաց Փաշինյանը՝ իր իսկ թիմակիցների ծափահարությունների ներքո։

Ընդմիջումից հետո ընդդիմադիրներն այդպես էլ դահլիճ չվերադարձան, իսկ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուստամյանի հարցին կպատասխանի, երբ վերջինս ու իր թիմակիցները վերադառնան, քանի որ այդ հարցին նա պետք է պատասխանի «բոլորի աչքերին նայելով»։

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հարցրեց, թե ինչ կարծիք ունի վարչապետն ընդդիմության փողոցային պայքարի և ընթացիկ գործընթացների մասին։ Փաշինյանը հիշեցրեց, որ ժողովրդավարությունը չպետք է մեկնաբանվի որպես «իշխանության կամ պետության թուլություն»։

«Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ մեկ միջազգային բրենդն է, և մենք այդ բրենդը պահպանելու ենք, բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական, իրավական, ինստիտուցիոնալ մեխանիզմներով՝ ամբողջ թափով և խստությամբ։ Սա բոլորս պետք է արձանագրենք։

Ինչ վերաբերում է բուն գործընթացին՝ տեսեք, ընդդիմության մեր հարգելի գործընկերները մեզ ծաղրում էին քայլելու համար։ Իրենք պտույտներից հետո որոշեցին քայլել։

Իրենք մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար։ Քաղաքի խանութներում ուսապարկ․․․ ցավոք մնացել է, որովհետև ընդդիմության շարքերը այդքան հոծ չեն, որպեսզի սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը։ Պարզապես գներն են բարձրացել, որովհետև գիտեն, որ նորահայտ կլիենտուրան փողի խնդիր չունի, և բիզնեսը որոշել է նաև ընդդիմության մտահոգությունը հաշվի առնելով, կրկնապատկել նույն քանակությամբ ապրանքի վաճառքով շրջանառությունը․․․

Մեզ ասում էին, որ մենք հեղաշրջմամբ էինք եկել իշխանության, հիմա մեր նույն քայլերը կրկնում են։ Հիմա իրենք կամ պիտի ասեն, որ ուզում են հեղաշրջում անել կամ էլ պիտի խոստովանեն, որ մենք, իհարկե հեղաշրջում չենք արել, այլ օրինական, ժողովրդավարական պրոցեսով ենք եկել իշխանության։ Բայց ի՞նչն է կանխավարկածը։ Նրանց թվում է, թե ամենը, ինչ կրկնեն, նույն ձևով անեն, նմանակեն, կստացվի։ Դրա հետ կապված ուզում եմ մի պատմություն պատմել։ 

Ժամանակին Ֆրունզիկ Մկրտչյանը դիմում է Վահրամ Փափազյանին, ասում է՝ վարպետ, ուզում եմ նոր փուլ անցնել իմ դերասանական կարիերայի և ստանձնել Օթելլոյի դերը։ Վահրամ Փափազյանը նայում է Ֆրունզիկ Մկրտչյանին, որոշակի պաուզա է վերցնում և ասում․՝ «Տղաս, ամեն սև բան Օթելլո չէ», – եզրափակեց Հայաստանի վարչապետը։

Հիշեցնենք՝ արդեն 3-րդ օրն է՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ը, որի մեջ է մտնում նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն, «անհնազանդության ակցիաներ» են անում։ Նմանակելով 2018 թվականի հեղափոխությանը՝ նրանք փակ են պահում Ֆրանսիայի հրապարակը և փորձում են փակել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն ու միջպետական նշանակության մայրուղիներ։

Մայիսի 3-ի հիմնական «անհնազանդությունների» մասին տե՛ս այստեղ,
մայիսի 2-ի մասին՝ այստեղ, իսկ մայիսի 1-ի մասին՝ այստեղ