Home / Ոստիկանություն / ՀՀ ուժայիններն ու ԱՄՆ-ը զգուշացնում են բռնությունների վտանգի մասին

ՀՀ ուժայիններն ու ԱՄՆ-ը զգուշացնում են բռնությունների վտանգի մասին

Դատախազություն

Գլխավոր դատախազությունը բողոքի ակցիաների նախաձեռնողներին, ղեկավարներին ու մասնակիցներին զգուշացնում և կոչ է անում մնալ «Հավաքների ազատության մասին» օրենքի սահմաններում, «դրսևորել իրավահպատակ վարքագիծ, ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն կատարելուց», այդ թվում՝ իրավապահների և քաղաքացիների հետ բախումներ, սադրիչ գործողություններ, զանգվածային անկարգություններ հրահրելուց կամ դրանց մասնակիցը դառնալուց։

ԱԱԾ

ԱԱԾ-ն էլ նախօրեին հայտարարել էր, թե Հայաստանում առկա են զանգվածային անկարգությունների իրական վտանգներ և կոչ է արել «տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ հորդորներին, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից»։

Ուժային կառույցների երկու հայտարարություններն էլ նախորդում են Երևանում այսօր սպասվող ընդդիմության հանրահավաքին․ նախկին նախագահի առաջնորդած «Հայաստան» և ԱԱԾ նախկին պետի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարում են, որ իշխանափոխությանն ուղղված իրենց պայքարի համար այսօր վճռորոշ օր է։

ԱՄՆ դեսպանատուն

Հայտարարություն է տարածել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը․ Միացյալ Նահանգների քաղաքացիներին այն հորդորել է «լինել զգոն և խուսափել մարդաշատ վայրերից»։

«Մայիսի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսվում է ցույց սկսել։ ․․․Դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ մեծ բազմությունն անկանխատեսելի է։ Միջոցառման մասնակիցների, հակացուցարարների և ոստիկանների միջև առերեսումներ և բռնություններ կարող են տեղի ունենալ՝ նաև առանց նախազգուշացման», – նշված է հայտարարության մեջ:

Ոստիկանություն

Առավոտից սոցցանցերում ահազանգեր են շրջանառվում, որ Արցախից Երևան տանող մայրուղու վրա ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։

Դաշնակցական Գեղամ Մանուկյանը նշել էր, թե «Սիսիանի մոտ հենակետներ են դրել, խուզարկում, ստուգում են»։

Քիչ անց հաղորդագրություն տարածեց նաև ոստիկանությունը, ըստ որի՝ վաղ առավոտյան, ժամը 6։40-ի սահմաններում, Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր։

Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է, կատարվում է քննություն:

Ընդդիմություն և չընդդիմություն

Պրոկառավարական մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում, թե ընդդիմությունը պատրաստվում է սադրանքների։ Վարկածներից մեկի համաձայն՝ ընդդիմադիրները հանրահավաքին մեծաթիվ քահանաների են ներգրավվելու, որպեսզի նրանք կենդանի պատնեշ կազմեն ոստիկանների և խուլիգանների միջև։ Սրան հղվում է անգամ իշխող խմբակցության պատգամավորը։ Վարկածներ են շրջանառվում, թե ընդդիմությունը քննարկում է կառավարական շենքի գրավման հնարավորությունը։

Ընդդիմադիրները սա կտրականապես հերքում են։ Նախկին ԱԱԾ-ական, այժմ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է, թե իշխանական թևը, խոսելով այն մասին, որ լինելու են զինված խմբեր, անկարգություններ, կռիվներ, «փորձում է ամեն կերպ մարդկանց հետ պահել հանրահավաքին մասնակցելուց»։ Վանեցյանը հավաստիացրել է՝ անկարգություններ հրահրելու մտադրություն իրենք չունեն։