Home / Հայաստան / Հայաստանում ռուսական գործակալների մասին հրապարակումը քննելու հիմքեր չկան

Հայաստանում ռուսական գործակալների մասին հրապարակումը քննելու հիմքեր չկան

Հայաստանի պետական կառույցներում ռուսական գործակալների մասին «Դոսյե» կենտրոնի հրապարակումն ուսումնասիրելուց հետո ԱԱԾ-ն քրեական գործ չի հարուցել, հաղորդում է «Ազատությունը»։ Թե ինչ արդյունք է ունեցել ուսումնասիրությունը՝ կառույցը հրաժարվել է մանրամասնել։

«Դոսյե»-ի հրապարակման վերաբերյալ «Ազատությունը» հարցում էր ուղարկել նաև Գլխավոր դատախազություն, որտեղից արձագանքել էին, թե հրապարակումն ուսումնասիրվել է, բայց «ՀՀ իրավասու մարմիններում» քրգործ չի հարուցվել։

«Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ չեն բերվել հրապարակման մեջ հանցագործության կոնկրետ հատկանիշների վերաբերյալ որոշակիություն պարունակող բավարար տվյալներ, այն բաղկացած է հանրածանոթ փաստերի համադրման և շարադրման հիման վրա արվող ընդհանրական բնույթի դատողություններից և առկա չեն դրանք քրեական վարույթի շրջանակներում ստուգման առարկա դարձնելու բավարար հիմքեր, ուսումնասիրությունը թողնվել է անհետևանք»,-ասված է դատախազության պատասխանում։

Լրատվականը հարցում է ուղարկել նաև ԱԱԾ՝ տեղեկանալու համար արդյո՞ք հրապարակելու են Պետանվտանգության կոմիտեի (КГБ) շարքերում աշխատած մարդկանց անունները։

ԱԱԾ-ից հրաժարվել են տեղեկություն հայտնել՝ հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետին, թե տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե այն «պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք»։

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերին ռուսական «Դոսյե» կենտրոնը (ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկի, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկու կողմից) հետաքննություն էր հրապարակել, որում ներկայացնում էր Հայաստանին առնչվող մի շարք գաղտնի փաստաթղթերի մանրամասները։ Ըստ հետաքննության՝ Խորհրդային ԿԳԲ-ի սպա Չերնովը 2012-ից ղեկավարում է Կրեմլի` Արտասահմանյան երկրների հետ միջռեգիոնալ և մշակութային կապերի վարչությունը:  Կառույցի նպատակն ԱՊՀ տարածքում «գունավոր հեղափոխությունների դեմ պայքարելու և Ռուսաստանի շահերն առաջ տանելն» է։ Գեներալն, ըստ հեղինակների, իր ամենամեծ հաջողությունը արձանագրել է Հայաստանում, որտեղ «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց է գործում՝ և՛ ակնհայտ, և՛ շատ ընդհատակյա։ Ըստ հետաքննության՝ Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում, իսկ 2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո հատուկ  ուշադրություն է դարձվում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում կառույցում տվել են «Մորուք» անվանումը։ Հետաքննությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։  

2020-ի սեպտեմբերի 21-ին ԱԱԾ այդ ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանն ասել էր, որ հետաքննության մասին հրապարակումը կառույցը «դիտարկում է որպես հանցագործության մասին հաղորդում և համապատասխան իրավական ընթացք է տալիս»։