Թուրքիան նոր «ռազմական օպերացիա» է սկսել Իրաքի հյուսիսային հատվածում՝ ընդդեմ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամների։
Երկրի պաշտպանության նախարար Հուլուս Աքարը հայտարարել է, թե Թուրքիայի զինված ուժերը հրթիռակոծել են քուրդ զինյալների (PKK անդամներին Անկարան ահաբեկիչ է անվանում) ապաստարանները, բունկերները, քարայրերը, թունելները, զինամթերքի պահեստները և այսպես կոչված շտաբները։
Ռազմական օպերացիան կոչվում է «Pençe Kilit»․ նպատակը, ըստ թուրք նախարարի, «ահաբեկիչների ոչնչացումն է»։ Գիշերը մեկնարկած ռազմագործողությունների ընթացքը Աքարը գոհացուցիչ է համարել, «առաջին փուլի» նպատակներն, ըստ նրա, իրագործվել են, «մեծ թվով զինյալներ են ոչնչացվել»։
Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Ռազմական օպերացիային իրականացվում է «օդուժի աջակցությամբ»։ Իրաքի հյուսիսում նաև դեսանտ է իջեցվել։
Զոհերի մասին հստակ տեղեկություններ չկան։
Թուրքիան Իրաքում (և Սիրիայում) տարիներ շարունակ և պարբերաբար «ռազմական օպերացիաներ» է իրականացնում. Անկարան Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) տեռորիստական կառույց է համարում, հարևան երկրի տարածքում իրականացվող ռազմագործողություններն էլ որակում է որպես «հակաահաբեկչական»։
Պաշտոնական Բաղդադը թուրքական բանակի հատուկ օպերացիաները համարում է Իրաքի «ինքնիշխանության խախտում»․ դատապարտող հայտարարություններից զատ, սակայն, Բաղդադը ոչինչ չի ձեռնարկում։ Այս անգործությունը քրդերը լռելյալ համաձայնություն են որակում։