«Սասնա Ծռերի» գործով 25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը ապրիլի 17-ին դադարեցրել է հացադուլն ու տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»։ Տեղեկությունը հաստատել է նրա պաշտպաններից Աննա Ծառուկյանը։
Բիլյանը մարտի 28-ից հացադուլի մեջ էր՝ պահանջում էր, որ «Արմավիրի» բանտից իրեն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»՝ բուժման։ Նրա փաստաբանը ահազանգում էր մշտական և ուժգնացող ցավերի մասին, քրեակատարողական ԲԿ-ից հերքում էին, թե դատապարտյալը քաղաքացիական հիվանդանոցում ստուգումներ է անցել, առողջական լուրջ խնդիրներ չեն արձանագրվել։
«Շուրջ 21 օր հացադուլի մեջ մնալուց հետո իմ պաշտպանյալի պահանջը կատարվել է, նա տեղափոխվել է պատշաճ բուժում ստանալու», – Factor.am-ի հետ զրույցում ասել է պաշտպան Ծառուկյանը։
2021 թվականի փետրվարին Արմեն Բիլյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման․ ի թիվս այլի, նա մեղադրվում է 2016-ի հուլիսին՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին, ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ։
(Ոստիկանների մահվան դեպքերը հարցերի տեղիք են տալիս։ Տե՛ս՝ «Զոհված ոստիկանների կանայք հրաժարվում են հասկանալ ապստամբությունը»)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2021-ի փետրվարի 21-ին վճռել էր, որ ոստիկանի սպանությանը նրա մասնակցությունն ապացուցված չէ․ սպանության մեղադրանքով Արմեն Բիլյանն արդարացվել էր։ Ավելի ուշ վերաքննիչ դատարանը փոխել էր դատավճիռը․ Բիլյանը մեղավոր էր ճանաչվել սպանության համար և դատապարտվել 25 տարվա ազատազրկման։
2022-ի հունվարին Արմեն Բիլյանը հանդես եկավ բաց նամակով, որում մանրամասն ներկայացնում էր իր անմեղության փաստարկները․ իր դեմ կեղծ մեղադրանքի համար նա պատասխանատու է համարում նախկին թիմակիցներին՝ «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանին և մի քանի այլ զինակիցներին։ Ըստ Բիլյանի՝ վերջիններս գործարքի են գնացել իշխանությունների հետ։
(Տե՛ս՝ «25 տարով դատապարտված «Սասնա ծուռը» մեղադրում է Ժիրայր Սեֆիլյանին»)
Համանման մեղադրանքներ է հնչեցրել նաև «Սասնա ծռերի» գաղափարակից Ալեք Ենիգոմշյանը։ Մեղադրանքներին միացել էր նաև ապստամբներից Պավլիկ Մանուկյանը։