Home / Հայաստան / 25 տարով դատապարտված «Սասնա ծուռը» մեղադրում է Ժիրայր Սեֆիլյանին

25 տարով դատապարտված «Սասնա ծուռը» մեղադրում է Ժիրայր Սեֆիլյանին

«Սասնա ծռեր» խմբի՝ 25 տարվա ազատազրկման դատապարտված անդամ Արմեն Բիլյանն իր դեմ կեղծ մեղադրանքի համար պատասխանատու է համարում համանուն կուսակցության վարչության անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին և մի քանի այլ զինակիցներին՝  նշելով, որ վերջիններս գործարքի էին գնացել իշխանությունների հետ։ Մեկ օր անց մեղադրանքները հաստատեց նաև Ալեք Ենիգոմշյանը։

2016-ի աշնանը Բիլյանին մեղադրանք էր առաջադրվել նույն թվականի հուլիսին՝ խմբի անդամների կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին, ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար, հետագայում նա արդարացվեց ու ազատ արձակվեց։ Իսկ անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի որոշումը․ Բիլյանը դատապարտվեց 25 տարվա բանտարկության և դատարանի դահլիճից տեղափոխվեց բանտ։

«Ես չեմ կասկածում, որ մեղադրանքի վերահաստատման և 25 տարով դատապարտման մեջ ևս իր թաքուն կապերով Ժիրայրը կարևոր դեր է ունեցել, նույնիսկ եթե այլ դրդապատճառներ էլ եղած լինեն։ ․․․Իմ հանդեպ իրենց դավաճանությունը և իշխանությունների հետ գործարքը քողարկելու համար Ժիրայրն ու իր ենթակաները 2018 թվականի օգոստոսից կեղտոտ արշավ սկսեցին ինձ դեմ՝ ինձ հայտարարելով «ընկեր ծախող» և «ռեժիմի հետ գործարքի գնացած»: Նույնն արեցին այս տարվա ապրիլին կայացած իմ ասուլիսից հետո: Իրենք են ինձ դավաճանում ու ծախում, գործարքի և առևտրի գնում իշխանությունների հետ, իսկ հետո իրենց արածը վերագրում ինձ», – ասված է նախօրեին տարածված բաց նամակում։

Իրադարձությունները հանգամանորեն վերաշարադրելով, Բիլյանը, մասնավորապես, հետևյալ դրվագներն է արանձնացնում․

«1. 2016 թվականի աշնանից ինձ առաջադրված սպանության մեղադրանքը պատահական չէր. դա գործարքի արդյունք էր։ Չկա այլ տարբերակ:

2. Ժիրայր Սեֆիլյանը 2018 թվականի ամռանը կալանքից ազատվելուց հետո կարող էր կազմակերպել իրեն առաջարկված շատ պարզ միջոցները, որոնք դեռ այն ժամանակ կարող էին իմ վրայից հանել մեղադրանքը, բայց նա չկատարեց դրանք։

3. Երբ խնդրին լուծում գտնելու անհաջող փորձերից հետո 2018 թվականի օգոստոսին Պավլիկ Մանուկյանը դատարանի առաջ իր հայտնի հայտարարությունն արեց ոստիկան Մկրտչյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին [Մանուկյանը դատարանում հայտարարեց, որ ոստիկանության պարեկապահակետային գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ ուրիշ անդամ, այդ պահին ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանը – խմբ․], Ժիրայրն ու իր շրջապատը, իրենց իսկ կատարած գործարքը ծածկելու նպատակով անցան նոր կեղծիքների և ստոր վերագրումների, ոչ միայն Պավլիկին, այլև ինձ հայտարարելով «ծախված» և «գործարքի գնացած»:

4. Այդ պահից նրանք հիվանդ մորս ու հիվանդ քրոջս հետ վարվեցին ամենաստոր ու տմարդի կերպով»։

Ըստ Բիլյանի՝ այն, որ նա կապ չուներ ոստիկան Գագիկ Մկրտչյանին վիրավորելու հետ և նույնիսկ դեպքի վայրում չէր գտնվել, հայտնի էր բոլորին՝ գունդը գրաված խմբի անդամներին, դեպքին ականատես ոստիկաններին, հետևաբար՝ նաև քննիչներին․

«Դեպքը տեղի էր ունեցել գնդի շենքերից մեկի սենյակներից մեկում: Այնտեղ էին գունդը գրաված խմբի 8-10 անդամներ և երկու ոստիկան՝ Գագիկ Մկրտչյանը և ևս մեկը: Խմբի մնացած ավելի քան 20 անդամները, ներառյալ ես, գտնվում էինք գնդի մյուս տարածքներում: Խմբի՝ սենյակում ներկա անդամներից մեկի (ամենայն հավանականությամբ, անզգուշաբար) արձակած գնդակներից թևից վիրավորվեց Մկրտչյանը: Նա շուտով բաց թողնվեց և, ամբողջովին գիտակից վիճակում, իր ոտքերով դուրս եկավ գնդի տարածքից: Բաց թողնվեց նաև երկրորդ ոստիկանը: Նրանք երկուսն էլ ինձ չէին ճանաչում, չէին տեսել, հաստատապես գիտեին, որ ես չէի կարող եղած լինել կրակողը, տեսել էին կրակողին ու գիտեին նրա ինքնությունը, առնվազն դիմագծերը, և անհնար էր, որ իրականությունը պատմած չլինեին իրենց վերադասներին և քննիչներին»։

Ըստ նամակի հեղինակի, եթե Մկրտչյանը վիրավորվելուց հետո գիտակից վիճակում հեռացած չլիներ գնդից, եթե վիրավորվելու պահին դեպքի վայրում այլ ոստիկան չլիներ, ապա զուտ տեսականորեն հնարավոր կլիներ չբացառել, որ քննիչները, չկարողանալով պարզել իրական կրակողին, «արդյունք» ցույց տալու համար, գնդի գրավմանը մասնակցած 33 հոգու միջից զուտ պատահականությամբ դեպքը բարդել են իր վրա:

«Բայց քանի որ երկու ոստիկանները հայտնվել էին իրավապահ մարմինների մոտ, զուտ պատահականության արդյունքում կրակելու պատասխանատվությունը իմ վրա բարդելու վարկածը բացառվում է: Այդ դեպքում ինչո՞ւ դա բարդվեց ինձ վրա: Դա կարող էր միայն հստակ մտածված լինել:

Ո՞ւմ մոտ է այդ միտքը առաջացել և ինչո՞ւ»:

Վերլուծելով վարկածներից մեկը, այն է՝ իրական մեղավորի հարուստ բարեկամները կարող էին քննիչներին կաշառք առաջարկել, ըստ նրա, «Ժիրայրենց պատասխանատվությունից չի ազատում», և նրանց լռությունը համազոր է իր (և ընդհանրապես) դավաճանության․ «Տեսականորեն չի բացառվում, որ կաշառված լինեն նաև իրենք»։

 «Իսկ եթե կրակողին մաքուր դուրս բերելու և մեղադրանքն ինձ վրա քցելու նախաձեռնությունը օրվա իշխանություններից ու քննիչներից չի եկել, ապա միակ բացատրությունը մնում է այն, որ այդ առումով հատուկ շահագրգռվածություն ունեցել են Ժիրայրենք: Նրանք օրվա իշխանություններին առաջարկել են իմ ու կրակողի «տեղերը» փոխել ու իշխանությունները դա ընդունել են: Իսկ վերջինները այդպիսի առաջարկ կարող էին ընդունել միայն եթե դրա դիմաց ստանալու էին չափազանց մեծ ծառայություն․․․

Ավելացնեմ, որ բացի ոստիկան Մկրտչյանի գործից, քննիչներն իսկական կրակողի վրայից «մաքրել» են նաև գնդի գրավման գործող առնվազն երկու այլ կարևոր հոդված (ի դեպ, դրանցից մեկով կրկին ամբողջովին շինծու, «մեղավոր» ենք ճանաչվել ես և մի քանի ուրիշներ)։

Վերջապես ասեմ, որ ՀՔԾ քննիչ խումբը ղեկավարել է Էդիկ Հակոբյանը: Նա հիմա ստացել է պաշտոնի բարձրացում և զբաղեցնում է նոր ստեղծված, ՀՔԾ-ը փոխարինող Հակակոռուպցիոն կոմիտեի պետի տեղակալի պաշտոնը։

2. 2018 թվականի ամռանը՝ իշխանափոխությունից հետո, Ժիրայր Սեֆիլյանի և նրա գործով կալանավորվածների և «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը սկսեց փոխվել, և նրանք հերթով սկսեցին դուրս գալ բանտից, բացառությամբ սպանության մեջ մեղադրվող երկուսի: Այդ օրերին Պավլիկ Մանուկյանը խմբի անդամների ու Ժիրայրի մոտ բարձրացրել էր իմ ճակատագրի հարցը։ Պավլիկը հարց ուղղեց խմբի մյուս անդամներին. դուք ո՞ւր եք թողնում ձեր ընկերոջը, կեղծիքը դրել եք այս տղայի ուսերին ու չեք էլ ուզում աչքերի մեջ նայել ու ասել՝ ներողություն, մենք գնում ենք: Նրանք ոչինչ չասացին։ Պավլիկը խմբի անդամներին հորդորեց հրաժարվել կալանքից դուրս գալ, քանի դեռ բոլորն ազատ չեն արձակվել։ Բայց նրանք շարունակում էին դուրս գալ։ Ինչպես նրանցից ոմանք խոստովանեցին, էլ չէին դիմանում:

3. Բացի այդ, նույն օրերին Պավլիկը մի շատ կարևոր տրամաբանական միտք առաջարկեց Ժիրայրին. Ժիրայրն արդեն ազատության մեջ էր, իսկ ինքը՝ Պավլիկը, դեռևս ոչ:

Հեռախոսային կապով նա Ժիրայրին հորդորեց սուտ ցուցմունք տված անդամների կամ գոնե նրանցից մի քանիսի կողմից հրապարակային հայտարարություն կազմակերպել, որտեղ նրանք պետք է ընդունեին, որ իմ մասին տված իրենց ցուցմունքները կեղծ են։ Ժիրայրը Պավլիկին պատասխանեց, որ այդ մասին հետո կխոսեն, նախ ինքը՝ Պավլիկը պետք է դուրս գա բանտից։ Նա ոչ այն ժամանակ, ոչ էլ ավելի ուշ չկատարեց այդ շատ տրամաբանական հորդորը։ Բացի Պավլիկից՝ ուրիշներն էլ նույն առաջարկն արել էին Ժիրայրին, դարձյալ ապարդյուն։

Ավելին, նա ոչ միայն հրաժարվեց մեղայականները կազմակերպել, ինչը կարող էր դեռ այն ժամանակ մաքրել իմ դեմ առաջադրված կեղծ մեղադրանքը, ոչ միայն չպատժեց դասալիք ու իրենց ընկերոջը սուտ մատնությամբ վաճառած երիտասարդներին, այլև նրանցից մի քանիսին ներառեց իր շրջապատը։

Ինչպես ասել եմ, ավելի ուշ, շատ ավելի ուշ՝ 2020թ․-ին նրանցից մի քանիսը դատարանում հրաժարվեցին իրենց առաջին ցուցմունքներից, և դա կարևոր նշանակություն ունեցավ առաջին ատյանի կողմից իմ արդարացման համար:

4. Ժիրայրի ազատ արձակվելուց հետո նրան բանտից զանգահարեցի, շնորհավորելու նպատակով: Նա ինձ հորդորեց իմ անունից ֆեյսբուքում հայտարարություն պատվիրել, որտեղ պետք է ցավ հայտնեի ոստիկանի մահվան կապակցությամբ։ Ուրիշ ոչինչ: Դատական նիստերի ընթացքում ես արդեն հնարավորություն ունեցել էի որպես ոստիկան Գագիկ Մկրտչյանի իրավահաջորդ մասնակցող նրա այրուն ասել, որ ցավում եմ ամուսնու մահվան համար, բայց կապ չեմ ունեցել նրա վիրավորվելու դեպքի հետ:

Ֆեյսբուքում նորից ցավ հայտնելը ոչինչ չէր տալու, բացի՝ իմ վրայից կասկածները ցրելու փոխարեն, ընդհակառակը, դրանք ավելի կենտրոնացնելու իմ վրա:

5. Խմբի անդամների և Ժիրայրի մոտ իր ապարդյուն փորձերից հետո, երբ անդամների մի մասն արդեն ազատ էին արձակվել, իսկ մյուսները՝ դեռ ոչ, Պավլիկը դատական նիստերից մեկի ժամանակ, 2018թ․ օգոստոսին արեց իր հայտնի հայտարարությունը, որտեղ ասաց, որ Արմեն Բիլյանը ոչ մի առնչություն չունի ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորվելու դեպքի հետ և որ վերջինը թևից վիրավորվել էր խմբի մեկ այլ անդամի (ում անունը տվեց) կողմից պատահաբար արձակված գնդակից։

6.Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը, բնականաբար, բացարձակապես դուր չէր գալու Ժիրայրին: Դա խառնում էր նրա հաշիվները և սպառնում էր դուռ բացել գործարքի բացահայտմանը: Նա ամեն գնով պետք է խուսափեր դրանից:

Հետևաբար նա անմիջապես դիմեց «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մարտավարությանը․․»։

Բիլյանն ի պատասխան իր հասցեին հնչող մեղադրանքներին հարց է տալիս․ ինչո՞ւ է ինքը մնում անազատության մեջ, եթե միևնույն ժամանակ համագործակցում է հատուկ ծառայությունների հետ․ «Եթե ես, կեղծիքով մեղադրվածս, 2018 թվականին համագործակցել եմ հատուկ ծառայությունների հետ, ապա ինչպե՞ս բացատրել, որ փոխանակ «վարձատրվելու», ընդհակառակը, ևս մոտ երեք տարի մնացել եմ բանտում, մինչդեռ իրենք՝ «չհամագործակցողները», ազատ են արձակվել։ Եթե 2021թ․ փետրվարին՝ իմ չկատարած սպանության մեղադրանքից «ազատվելու գինը» ապրիլին տված իմ ասուլիսն էր, ապա ինչո՞ւ այդ «գինը» վճարելուց հետո դեկտեմբերին դատապարտվեցի 25 տարվա ազատազրկման։

․․․ Ի՞նչ անուն տալ այն բանին, որ 2018թ․ «հեղափոխությունից» կարճ ժամանակ առաջ առաջին ատյանի դատարանը Ժիրայրին դատապարտեց 10․5 տարվա բանտարկության, իսկ ամիսներ անց վճռաբեկ ատյանը զրոյացրեց այդ վճիռը: Ես երկու անգամ իբր «գործարքի» եմ գնում ու դրա դիմաց իմ չարածի համար ստանում 25 տարի: Ժիրայրը, քավ լիցի, ոչ մի գործարքի չի գնում, բայց իր վճիռը զրոյացվում է: Իսկ ինչպե՞ս է լինում գործարքը:

8. Հարազատներս, մայրս ու քույրս, բնականաբար, դժգոհ էին 2018թ․ այդ օրերին ստեղծված իրավիճակից: Իրենց համար ընդունելի չէր, որ իրենց հարազատը անարդարորեն մեղադրվում է սպանության մեջ և չափազանց անհանգիստ էին մյուսների պայմանական ազատումից հետո ինձ սպասող ճակատագրով:

Հարազատներիս անհանգստությունը Ժիրայրին դուր չեկավ: Նա ուզեց մորս հանդիպել: Գնաց մեր տուն: Բայց փոխանակ փորձելու նրան սփոփել ձայն բարձրացրեց նրա վրա ու կոպտեց նրան:․․

Ժիրայրը մտնում է շեմից ներս: Նախնական փոխադարձ բարևից հետո, դեռ ոտքի, հանկարծ երկու ձեռքերը տնկում է առաջ ու իրեն հատուկ ինտոնացիայով, լարված ու հարձակվողական տոնայնությամբ ասում է. «Ի՞նչ կուզես…, ի՞նչ կուզես… », «կամավոր է գնացել… », «որ զոհվեր՝ պիտի գայիր, ինձնի՞ց ուզեիր… », «ուրախ չե՞ս, որ սաղ է մնացել»: Այսինքն՝ մայրս պետք է ուրախ ու գոհ լիներ, որ ես չեմ մահացել, ես դեռ ողջ եմ, թքած, որ տասնամյակներ բանտում մնամ իմ չարածի համար։․․․ Բացի այդ՝ նույն «այցելության» ընթացքում մայրս նրան ասում է. «Արմենը իր արածի համար թող նստի: Բայց ինչո՞ւ …ի (տալիս է կրակողի անունը) արածի համար տղես պետք է նստի»: Ժիրայրը նույն տոնայնությամբ պատասխանում է. «բայց …ը կդատվի»: Մայրս հակադարձում է․ «Իսկ Արմենը չի՞ դատվի»: Նա պատասխանում է․ «Կաշխատենք, կհանենք»:

Նա իրոք շատ աշխատեց, այլ արդյունքի համար:

․․․ 11. Այս ամենը բավարար չէր, արվեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի հետաձգվի առաջին դատավարության ավարտը, ինչի արդյունքում անընդհատ ձգձգվում էր իմ անմեղության ապացույցը։

Երբ դատավարությունը սկսվեց 2017թ․ գարնանը, փաստաբաններն ասացին, որ այն կպահանջի մինչև երկու տարի, ինչն արդեն երկար ժամանակ էր համարվում: Դա իրականում տևեց չորս տարի: Համաճարակն ու պատերազմը դրանում ընդամենը չորս-հինգ ամսով դեր խաղացին։

Երկարաձգման հիմնական պատճառը Ժիրայրի և հիմնական դեմքերի վարած հատուկ ձգձգման քաղաքականությունն էր։ Ազատ արձակվելուց հետո նրանք անընդհատ պատրվակներ էին բերում դատական նիստերը հետաձգելու համար՝ մեկ սրա, մեկ մյուսի հիվանդության, մեկ այս մեկի կամ այն պաշտպանի բացակայության, մեկ այս ու մեկ այն իրականում ոչ մի կարևորություն չներկայացնող վկան հրավիրելու պատճառաբանությամբ և այլն:

Ինձ առաջադրված մեղադրանքի, այսպես կոչված կարևոր «հիմնավորումներից» մեկը գնդի գրավման մասնակից սպիտակցի Էդգար Սողոմոնյանի կեղծ «ցուցմունքն» էր։ Գնդի գրավման ավարտից մոտ երկու ամիս անց ՀՔԾ-ն նրանից կեղծ ցուցմունք էր կորզել, ինչի դիմաց նա անմիջապես ազատ էր արձակվել։ Ի վերջո, սպանության մեղադրանքը մերժելու հիմնական գործոնը դատարանում նույն Էդգար Սողոմոնյանի տված նոր ցուցմունքն էր, որտեղ նա հիմնովին հերքել էր իր նախկին ցուցմունքը։ Բայց այս նոր ու վճռական ցուցմունքի գրանցումը հեշտ չստացվեց: Նիստերը տարբեր պատրվակներով հետաձգվեցին ամբողջ երկու ամսով։ Էդգարը Սպիտակից ամեն շաբաթ իզուր գալիս էր Երևան ու վերադառնում, մինչև վերջապես կարողացավ ներկայացնել իր նոր ցուցմունքը։ Բայց պարզվում է՝ առաջին ատյանի վճիռը ոմանց շատ դժգոհ թողեց: Հիմա ես վայելում եմ 25 տարվա նվերս»։

Բիլյանը նշել է, որ կարող է ավելի շատ մանրամասներ ներկայացնել․ «Թող Ժիրայրն ու իր «վկաները» փորձեն պատասխանել ինձ դավաճանելու և ընդհանրապես դավաճանության այս փաստերին»։

Վերջիններիս պատասխանը դեռ չկա։

Հունվարի 21-ին հայտարարությամբ է հանդես եկել Բիլյանի թիմակից Ալեք Ենիգոմշյանը։

«Անընդունելի դրությանը լուծում գտնելու անպտուղ փորձերից հետո անուն հնչեցնելը համարվում է «ընկեր վաճառել». իսկ ի՞նչ պետք է համարվի ճշմարտությունն իմանալով հանդերձ՝ 2016թ-ից այն պարտակելն ու թույլ տալը, որ դեպքին բոլորովին չառնչվող ընկերը զոհ գնա ծանր անարդարության: Ես բոլորի նման իմացել եմ, որ կրակողն Արմենը չի եղել, բայց մինչև 2021թ․ ծանոթ չեմ եղել հարցի ներքին նրբություններին…»։

Ենիգոմշյանը պնդում է, որ խմբի ղեկավարի հետ զրույցներում բազմիցս է բարձրացրել Բիլյանի կեղծ մեղադրանքից ազատելու անհրաժեշտության մասին, սակայն իր փորձերը որևէ արդյունք չեն տվել։

«Արմենի մեղադրանքը «հիմնվում» էր մեկ ոստիկանի և խմբի երեք անդամների կեղծ ցուցմունքների վրա: Դատավարության ընթացքում, 2020թ-ին այդ երեք անդամները հրաժարվեցին իրենց ցուցմունքներից, պնդելով, որ դրանք ստորագրել էին ճնշումների տակ և ներողություն խնդրեցին Արմենից: 2021թ․ փետրվարի 24-ին առաջին ատյանի դատարանը Արմենին արդարացրեց ոստիկան Մկրտչյանի սպանության հոդվածից, և նա ստորագրության դիմաց ազատ արձակվեց:

Նա պայքարի նախկին ընկերների միջից ինձ համարում էր միակ իսկական ընկեր և ազատվելուց հետո հաճախ էր հանդիպում ինձ: Այդ հանդիպումներից ես շատ բան եմ հասկացել ամբողջ հարցի մասին և հանգել եմ սեփական եզրակացությունների:

Այդ հանդիպումներում նաև զգացել եմ Արմենի ատելության խորությունը Ժիրայրի նկատմամբ: Նա անդադար ասում էր, որ Ժիրայրը պիտի վճարի իր արածի համար: Դա ասում էր ոչ միայն ինձ, այլ հանդիպած բազմաթիվ մարդկանց: Ապրիլին Արմենը մամուլի ասուլիս տվեց, որտեղ Ժիրայրին անբարոյական հայտարարեց ու այլ անուններով որակավորեց: Ես մտածեցի, որ նախքան հարցն ավելի բարդանա, պետք է փորձել այն առնվազն մեղմացնել: Իմ նախաձեռնությամբ և առանց Արմենին տեղյակ պահելու՝ ասուլիսից մեկ կամ երկու օր անց հանդիպեցի Ժիրայրին մոտիկ, նրա կողմից «լսվող» մարդու: Նրան առաջարկեցի վերջինին համոզել հանդիպել Արմենին՝ խոստանալով նրա համաձայնության պարագայում ինքս համոզել Արմենին համաձայնել հանդիպմանը: Խոսակիցս առաջարկիս համաձայնվեց: Բայց դա էր. դրան ոչ մի հետադարձ կապ չհաջորդեց»։

Նույնը կրկնվեց մի քանի ամիս անց։ Իսկ հետո եղավ Վերաքննիչ դատարանի «համարյա բոլորի համար անսպասելի» որոշումը։ Հաջորդ օրը հանդիպումն, այնուամենայնիվ, կայացավ․ Ենիգոմշյանը պնդեց «իրական կրակողի ներկայանալու» անհրաժեշտությունը, սակայն մերժվեց։

«․․․ Ես պատրաստ չեմ համակերպվելու այս կեղծիքին և անարդարությանը, այն էլ յուրայինների կողմից: Ուստի, բոլոր ապարդյուն փորձերից հետո, վերջ եմ դնում այս հարցում իմ հրապարակային զսպվածությանը:

Արդեն լսում եմ «Ալեք Ենիգոմշյանը՝ դավաճան», «Ալեքը՝ գործակալ» վայրահաչոցները:

Բայց դա ամենը չէ: Հաշվի առնելով այն կատաղի համառությունը, որով թե՛ «իրավապահ» մարմինները և թե՛ «շարժման» ղեկավարները ամբողջ հինգ ու կես տարի կառչել են այս կեղծիքից ու ամեն գնով փայփայում են այն, ես հակված եմ մտածելու, որ այս հարցի հետևում մեծ շահեր են թաքնվում: Դիպչելով այդ շահերին, Արմենն ու ես ինքներս մեզ թիրախ ենք դարձնում: Թող լինի այդպես․․․», – մասնավորապես, գրել է Ենիգոմշյանը։