ՊՊԾ գնդի գրավման օրերին գնդի տարածքում սպանված Յուրի Տեփանոսյանի հայրն ու կինը սպանության հանգամանքների վերաբերյալ լուրջ տարաձայնություններ ունեն: Ինչպես հայտնում է Hetq.am-ը, Տեփանոսյանի հայրը պնդում է, որ սպանությունը գործել են ոստիկանները, իսկ կինն, ով նույնպես ոստիկանական համակարգում է աշխատում, կարծում է, որ ոստիկանը նման արարքի ընդունակ չէ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 12-ին տևական ընդմիջումից հետո ՊՊԾ-ի գրավման գործով նիստ տեղի ունեցավ, որի շրջանակներում դատարանը Տեփանոսյանի հորը՝ Վահրամ Տեփանոսյանին, հեռացրեց գործի վարույթից, իսկ կնոջը՝ Արփինե Թումասյանին, նորից ներգրավեց որպես տուժողի իրավահաջորդ:
Ի սկզբանե Թումասյանն էր Տեփանոսյանի իրավահաջորդը, սակայն դատական նիստերից մեկի ժամանակ Տեփանոսյանի հայրը ներկայացել էր դատարան ու հայտնել, որ ցանկանում է ստանձնել որդու իրավահաջորդությունը: Դատարանը, կարծելով, թե դա արվում է Արփինե Թումասյանի համաձայնությամբ, վերջինիս փոխարինել էր Վահրամ Տեփանոսյանով:
Նախորդ դատական նիստին Թումասյանը դատարան գրություն էր ուղարկել այն մասին, որ համաձայն չէ իրեն գործի վարույթից հեռացնելու որոշման հետ, ուստի դատարանը, ընդունելով, որ իրավունքի խախտում է թույլ տրվել, որոշում էր կայացրել Թումասյանին ծանուցել դեկտեմբերի 13-ի դատական նիստի մասին ու դատական նիստով լսել նրա դիրքորոշումը:
Թումասյանին լսելուց հետո դատարանը որոշեց նրա՝ Տեփանոսյանի իրավահաջորդությունը շարունակելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել ու Վահրամ Տեփանոսյանին հեռացնել վարույթից:
Լրագրողների հետ զրույցում սպանվածի հայրն ասաց. «Թատրոն է, կապիկություն է, այստեղ դատավարություն չկա: Տղային 2,5 տարի է՝ սպանել են, փոխանակ տղայիս մասին խոսեն, գործը բացեն, եկել են՝ իրավահաջորդ, կինը, հայրը: Էս ի՞նչ ա, ոնց որ թատրոն լինի»:
Հարցին, թե ինչո՞ւ է կարծում, որ ոստիկաններն են սպանել իր տղային, Վահրամ Տեփանոսյանն ասաց՝ կապացուցեմ, կտեսնեք.
«Հիմա չեմ ուզում ասել, մի հատ ծառ կար հունվարին, երբ փորձաքննություն արեցին, հիմա այդ ծառը կտրել են, որովհետև երբ այդ ծառը կար, դիպուկահարը չէր կարող խփել որդուս…Սերժը, Վովան, Գուգոն՝ երեքով խփին տղուս, տղուս գլուխը կերան, որ քցեն «Սասնա ծռեր»֊ վրա, շտուրմ անեն: Մի հատ ոստիկան պիտի մեռներ, իմ տղային են խփել, էդ էլ հետո կասեմ, թե ինչու են խփել, հիմա որ ասեմ․ ապացույցները կվերացնեն»,- վրդովված ասում էր սպանված ոստիկանի հայրը:
Նրա խոսքով՝ որդին տարաձայնություններ է ունեցել իր հրամանատարի՝ Գուրգեն Գրիգորյանի հետ:
«Տղես ասաց՝ պապա ջան, ժողովրդին չեմ ծեծում, ինձ ուզում են հակա հանեն: Իմ տղան էլ իր հրամանատար Գուրգեն Գրիգորյանի հետ լավ հարաբերությունների մեջ չէր եղել, դուխով տղաների չէր սիրում ասել է՝ այս մարդուն խփեք», – ասաց Վահրամ Տեփանոսյանը:
Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թումասյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, թե չի հավատում, որ ոստիկաններն ունակ են նման արարքի: