Ամեն անգամ նիստերի դահլիճ մտնելիս «Սասնա ծռեր»-ին աջակցելու մեջ մեղադրվող, քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի ճնշումը բարձրանում է՝ հասնելով 230-260-ի։ Ռեալ վտանգ կա, որ ևս մեկ անգամ նրան նիստերի դահլիճ տանելը կարող է Եղնուկյանի կյանքն արժենալ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Վերջին 5 ամիսներին Եղնուկյանը, փաստաբանի պնդմամբ, համբերատար սպասել է իր գործի հետ կապված զարգացմանը, սակայն նրա հույսը մարել է, երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց որևէ հիմնավորման մերժել է նրա երկու միջնորդությունները՝ կալանքը գրավով փոխարինելը և գործից իր մասն առանձնացնելը։ Դրանից հետո Եղնուկյանի մոտ հանկարծակի առաջացել է կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնիա։
«Նրա մոտ արյան ճնշումը 120-ից կտրուկ բարձրանում է 220-230-ի։ Դեպք է եղել՝ հասել է 260-ի», -փաստաբանի խոսքով՝ դա հաստատել են տասնյակ բժիշկներ։
«Եղնուկյանի հիվանդությունը հոգեբանական երևույթ է։ Նա ասում է՝ ամեն անգամ, երբ մտնում եմ նիստերի դահլիճ և տեսնում եմ դատավորի մռայլ դեմքը և դատախազներին, հասկանում եմ, որ որևէ բան փոխել հնարավոր չէ ու այդ խնդիրը առաջանում է», -ասել է Հայրապետյանը։
7 դատական նիստ անընդմեջ Եղնուկյանին բերել են նիստերի դահլիճ, 5-10 րոպե անց նրա ճնշումը բարձրացել է և հետ են տարել։
Նոյեմբերի 30-ից դատավորն այլևս չի կարգադրել, որ Եղնուկյանին բերեն նիստերի դահլիճ։
«Դատավորը հասկացել էր, որ ամեն րոպե հնարավոր է ողբերգական ավարտ լինի։ Նա անօրինական և խորամանկ քայլի դիմեց։ Կեղծ հայտարարություն էր անում, թե Եղնուկյանն իրեն նկուղում վատ է զգացել, և շտապ օգնություն էր կանչում, բայց նկուղում Եղնուկյանն իրեն վատ չի զգացել։ Ուղղակի դատավորն այդպես ասում էր, որ արդարացնի իր՝ Եղնուկյանի դատական նիստերին չբերելը, կամ էլ անօրինական սանկցիա էր կիրառում։ Այդպես 3 ամիս նա չի մասնակցել դատական նիստերին», -ասել է Հայրապետյանը։
Վերջին երկու նիստերին Եղնուկյանին, այնուամենայնիվ, հարկադրաբար տարել են նիստերի դահլիճ և նա վատացել է։
«Ինչ է տեղի ունենում․ դատավորը չի ուզում իր վրա վերցնել պատասխանատվություն և որոշում կայացնել․․․ Դատարանները վախենում են ինքնուրույն քայլեր անեն։ Այն տպավորությունն է, որ դատարանն այնպես է ուզում անել, որ Եղնուկյանը ամեն անգամ գա դատարան, ասի մի վիրավորական խոսք, որ նրա նկատմամբ սանկցիա կիրառեն ու հեռացնեն նիստերի դահլիճից։ Եղնուկյանն էլ ասում է՝ չեմ ուզում էդպիսի բան անեմ», – ասել է փաստաբանը։
Նա նշել է, որ բժիշկը Եղնուկյանի համար հոգեբան է նշանակել, սակայն, չնայած նրան, որ դատարանը թույլատրել է հոգեբանի այցը, Քրեակատարողական վարչությունը թույլ չի տալիս՝ պատճառաբանելով, որ հոգեբանը բժիշկ չէ։ Փաստաբանն այդ հարցի հետ կապված պատրաստվում է դիմել ՄԻԵԴ։
Անդրադառնալով Եղնուկյանի քրեական գործին՝ փաստաբանը նշել է, որ բոլոր մեղադրանքներն անհիմն են։ Մեղադրանքներից մեկն այն է, որ նա «Սասնա ծռեր» խմբի ղեկավարներից մեկին՝ Վարուժան Ավետիսյանին, օժանդակել է պատանդներ պահել։
«Ավետիսյանին չեն մեղադրում, որ նա պատանդներ է պահել, սակայն Եղնուկյանին մեղադրում են։ Սա անհեթեթ է», – փաստաբանը հավելել է, որ արհեստականորեն են Եղնուկյանի գործը միացրել «Սասնա ծռերի» գործին, որ նա տարիներով մնա բանտում։
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու մեջ: Նրան ձերբակալել էին հուլիսի 19-ին՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունի համայնքի ՊՊԾ գունդը գրավելուց 2 օր անց։ Նրա գործը միացվել էր «Սասնա ծռերի» գործին։ Եղնուկյանը հուլիսի 17-ից 19-ն ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անցկացվող ակցիաների մասնակից էր։