«Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում ոստիկանների և տեղի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպը պայմանավորված է եղել զուտ կենցաղային հարցերով, սակայն վերջին նիստերին վկա և տուժող ոստիկանների մի մասը դատարանում տված իրենց ցուցմունքներով փորձում են սարիթաղցիներին կապել «Սասնա ծռերի» հետ։ Նման գործելակերպը միտում ունի ծանրացնել մեղադրյալների վիճակը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է գործով անցնող 10 ամբաստանյալներից 6-ի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։
2016֊ի հուլիսին, երբ «Սասնա ծռեր» խումբը գրավել էր ՊՊԾ գունդը, ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը, երթևեկությունը կաթվածահար էր եղել, թաղամասի մի մասը հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։ Սարիթաղցիները պահանջում էին բացել ճանապարհը, ապահովել իրենց ազատ տեղաշարժը, ոստիկանները հրաժարվում էին։ Նրանց միջև բախումից հետո սարիթաղցիներից 10֊ին մեղադրանք էր առաջադրվել 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը։ Մեղքը ապացուցված համարելու դեպքում ամբաստանյալներին 5-ից 10 տարվա ազատզրկում է սպառնում։
Սիմոնյանը և մյուս 4 ամբաստանյալների փաստաբանները բազմիցս բարձրաձայնել են դատավարության ժամանակ ի հայտ եկած խնդիրների մասին։
Գործը վերաբերվում է 10 հոգու, բայց, Սիմոյանի խոսքով, արհեստականորեն այն կիսված է 4 մասի, ինչը խոչընդոտներ է ստեղծում․ «Մենք ստիպված ենք լինելու 4 անգամ հարցաքննել նույն անձանց»։
Մարտի 22-ին՝ վերջին դատական նիստի ժամանակ, փաստաբանի բնորոշմամբ, խայտառակ իրավիճակ է ստեղծվել։
«Վկաներից մեկը դատական նիստի ժամանակ 20-25 րոպե նստած էր դահլիճում (հնարավորություն ուներ մյուս վկաների ցուցմունքները-խմբ․)։ Հետո, երբ ասում ես՝ այս մարդը այլևս չի կարող հարցաքննվել, քանի որ դահլիճում է նստած, դատավորի համար դա միևնույն է։ Ասում է՝ ես հարցաքննելու եմ», -ասել է Սիմոնյանը։
Վերջինս ստիպված է եղել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել դատավորին՝ դատավարությանը չտիրապետելու հիմքով։
Փաստաբանը նշել է, որ վկաները և տուժող ոստիկաններնանգիր արած նույն ցուցմունքներ են կրկնում։ Հիմնականում ասում են, թե պնդում են իրենց նախքննական ցուցմունքը։ Նրանց նախաքննական ցուցմունքը՝ անկախ, թե երեք քննիչներից ով է քննել նրանց, նույնն է․ «Քոփի-փեյստի տարբերակն է․ ասում են՝ մենք ոչ մի բան չենք արել, մեզ եկան խփեցին, ծեծեցին»։
Վերջին նիստերին, սակայն, մեկ տարբերություն նկատվում է․ եթե նախաքննական ցուցմունքներում ոստիկանները նշել էին, որ սարիթաղցիները կենցաղային պահանջներ են դրել, մասնավորապես, պահանջել են ճանապարհը բացել և այլն, ապա վերջին դատական նիստերին ոստիկաններից ոմանք պնդում են, թե սարիթաղցիներն ասել են․ «Գնում ենք՝ միանանք տղերքին»։
«Նման բան գոյություն չունի, չի ասվել։ Ո՛չ իրենց նախաքննական ցուցմունքներում, ո՛չ առաջին դատական նիստերի ընթացքում ոստիկանները նման բան չեն ասել։ Նրանք հորինում են դա, որ ամբաստանյալներին կապեն «Սասնա ծռերի» գործողությունների հետ, և դրանով իսկ ծանրացնեն նրանց վիճակը», -ասել է Սիմոնյանը։
Պաշտպանը ևս մեկ անգամ բարձրաձայնել է, որ 10 ամբաստանյալներից ոչ մեկի մեղադրանքը կոնկրետացված չէ, չի նշվում, թե նրանից յուրաքանչյուրը կոնկրետ ինչ է արել միջադեպի ժամանակ․ «Այս մարդիկ իրականում չգիտեն, թե իրենց ինչի համար են դատում»։
Բացի դրանից, Սիմոնյանի պնդմամբ՝ բոլոր ողջամիտ ժամկետները խախտվել են․ «Լավագույն դեպքում դատավարությունն ամիսը մեկ անգամ մեկ ժամով է տեղի ունենում»։
Մեղադրվող սարիթաղցիներն արդեն 20 ամիս կալանքի տակ են գտնվում։