02:35 Վերջին ժամերի ընթացքում Խորենացի փողոցից մարդկանց բերման են ենթարկում ոստիկանական բաժիններ: Դա անում են հնարավորինս աննկատ: Epress.am-ի լրագրողի հետ զրույցում հավաքված մարդկանցից մեկը նշել է, որ Էրեբունի բաժանմունք են բերման ենթարկել իր եղբորը՝ Գևորգ Ենգիբարյանին: Վերջինս քիչ առաջ կապ է հաստատել հարազատների հետ ու հայտնել, որ իրեն շուտով բաց կթողնեն: Հավաքվածներից մեկը հայտնեց, որ ձերբակալվել է Կարո Եղնուկյանը, ով երեկ Խորենացի փողոցից բերման էր ենթարկել, ապա ազատ արձակվել: Ներկաներից մեկը նշեց, որ ինքը ականատես է եղել բերման ենթարկելու ևս մեկ դեպքի, սակայն հայտնի չէ, թե ով է եղել այդ մարդը:
Բացի դա, կեսգիշերից հետո քաղաքացիական հագուստով անձինք առևանգել էին արվեստագետ Արթուր Պետրոսյանին: Հետագայում պարզվել էր, որ Պետրոսյանը ոստիկանության բաժանմունքում է:
23:58 Սարի թաղում ոստիկանների և տեղի բնակիչների բախումները տեսանյութում ներկայացրել է Lragir.am-ը:
Հիշեցնենք, որ, համաձայն ոստիկանության ներկայացուցիչների, ոստիկնաներից 4-ը վնասվածքներ են ստացել: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք բերման չի ենթարկվել:
Տեսանյութը՝ Թեհմինե Ենոքյանի
22:20 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գնացել է ՊՊԾ պահպանվող տարածք տանող փողոց՝ հավաստիանալու համար, որ այնտեղ ոչ մի գործողություններ չեն կատարվում: Նրան ոստիկանները պատմել են, թե ինչ է իրականում տեղի ունեցել:
«Փաստորեն, պարզվում է, որ երբ Վարուժան Ավետիսյանն ասում էր, որ իրենք օդ են կրակել ի պաշտպանություն քաղաքացիների, ոչ թե Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիների մասին է եղել խոսքը, այլ Սարի Թաղի մի խումբ բնակիչներ երթով իջել են ՊՊԾ գնդի մյուս կողմից պահպանվող տարածք: Ոստիկանները թույլ չեն տվել մտնել պահպանվող տարածք, որից հետո քաղաքացիները սկսել են քարեր շպրտել դեպի ոստիկանների կողմը, որի հետևանքով 4 ոստիկան վնասվածքներ են ստացել և շտապօգնության մեքենաները նրանց տեղափոխել են հիվանդանոց», – այս մասին լրագրողներին տեղեկացրել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ ինքը ոչինչ չի տեսել, այլ իրեն ոստիկանությունն է պատմել այդ ամենը: Նրանք նաև հավաստիացրել են, որ ոչ ոք բերման չի ենթարկվել և քաղաքացիների կողմից վիրավորներ չկան:
21:20 Խորենացի փողոցում հավաքված մարդկանց մոտ է եկել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ևս մեկ անգամ հանդարտվելու կոչ է արել և հավաստիցրել, որ ինքը կապ է հաստատել ՊՊԾ շենքում գտնվող Վարուժան Ավետիսյանի հետ, ով ասել է, որ իրենք են օդ կրակել ի պաշտպանություն ցուցարարների:
«Ներսում զինված բախում չի եղել: Պետք չի ամեն լուրի հավատալ, քանի որ իրավիճակն արդեն իսկ լարված է ու կարող են մարդիկ լինեն, որ ցանկանան իրավիճակը լարեն ու տանեն այլ ուղղությամբ: Ես որ եկա ստեղ, արդեն 3-րդ համաշխարհային պատերամզը սկսելու մասին լուրեր էին տարածում: Պետք չի սադրանքներին տրվել, քանի որ այստեղ Սերժիկի դեմ բղավողներից բոլորը չեն, որ իսկապես Սերժիկի դեմ են: Դա կոչվում է պրովոկացիա»,- Խորենացի փողոցում հավաքվածներին հավաստիացրել է Նիկոլ Փաշինյանը:
20:50 Ժամը 20:25-ի սահմաններում Խորենացի 47 հասցեում գտնվող շենքի դիմաց իրարանցում է սկսվել: Ոստիկանները հուլիսի 17-ից դեպի գրավված ՊՊԾ գունդ ճանապարհը փակ են պահում հենց այդ հատվածում: Ոստիկանական շարքերի դիմաց հավաքված քաղաքացիները կրակոցների ձայներ են լսել ՊՊԾ գնդի տարածքից, այնուհետև, գնդի կողմից շտապ օգնության մեքենա է անցել Խորենացի փողոցով: Մարդիկ մի պահ սկսել են հրել պատ կազմած ոստիկանների շարքը:
Հավաքվածներից մեկն ասել է, որ խոսել է ՊՊԾ գնդի տարածքում գտնվող Վարուժան Ավետիսյանի հետ, ով ասել է, թե իրենք են օդ կրակել, քանի որ տեղեկություն են ստացել, որ ոստիկանները հարձակվել են քաղաքացիների վրա: Դա արվել է ի պաշտպանություն ժողովրդի: Այդ հայտարարությունը որոշակիորեն հանդարտեցրել է իրավիճակը: Իրարանցման ժամանակ ոստիկանների թիկունքում կանգնած ջրցան մեքենան մոտեցրել են ոստիկանների շարքերին: