2026 թ. հուլիս 31, ուրբաթ

5 «ինքնասպանություն», 2 սպանություն, 1 «անզգույշ մահ» 7 ամսում. ո՞ւմ է պաշտպանում Պաշտպանության նախարարությունը

Ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով ձերբակալված երկու զինծառայողները կալանավորվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ, մեղադրյալներից մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը՝ շարքային զինծառայող։

20-ամյա Նարեկ Թորոսյանին մահացած էին գտել հուլիսի 21-ին։ Պաշտպանության նախարարությունը դեպքի մասին նույնիսկ հաղորդագրություն չէր տարածել։ Քննչական կոմիտեի պրես-ռելիզում մահացած զինծառայողի անունը չէր նշվում․ ավելի ուշ ՔԿ-ն խմբագրել էր հաղորդագրությունը և ավելացրել նրա անվան սկզբնատառերը։ Երկու օր շարունակ ռազմական գերատեսչությունը և նախաքննական մարմինը հրաժարվում էին մեկնաբանել դեպքը։ 


Armlur-ի նախնական տվյալներով, մահվանից առաջ զինվորը ծեծի է ենթարկվել ծառայակիցների կողմից։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի ուսումնական զորամասից Նարեկը վերջերս արձակուրդ էր եկել, հետ տեղափոխվել Ճամբարակի զորամաս, առաջին անգամ բարձրացել դիրքեր: Ենթադրվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ճամբարակի դիրքերում։

0xGNjbrZe7uOaIa5.webp

Նարեկ Թորոսյանը հոր հետ

Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, սովորում էր Ռուս-հայկական համալսարանի լրագրության բաժնի 4-րդ կուրսում, բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին՝ ուսման ավարտից մի քանի ամիս առաջ։ 


Տարեսկզբից հայկական բանակում առնվազն 8 զինծառայող է մահացել։ Սրանք միայն այն դեպքերն են, որոնց մասին հաղորդել է ՊՆ-ն կամ Քննչական կոմիտեն։

Հունվարի 14-ին հայտնաբերվել է 18-ամյա զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքներով։ Վահանը Վարդենիսում էր ծառայում, 6 ամիս առաջ էր զորակոչվել, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սաներից էր։ Օրեր անց Քննչական կոմիտեից հաղորդել են, որ քրեական գործ են հարուցել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով և ձերբակալել ծառայակցին։

vahan petrosyan

Վահան Պետրոսյանը, լուսանկարը՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի էջից

Փետրվարի 7-ին հաղորդվել է նաև 22-ամյա պայմանագրային Դավիթ Մանուկյանի մահվան մասին։ Քննիչների հիմնական վարկածը ինքնասպանությունն է։ Դավիթը ծառայում էր Կողբի զորամասում, Տավուշի Բագրատաշեն գյուղից էր, մոտ 3 տարի առաջ  5 տարով պայմանագրային ծառայության էր անցել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։ Դեպքից երկու-երեք օր առաջ տուն էր եկել, հետո վերադարձել էր զորամաս և բարձրացել դիրքեր։

davit manukyan

Դավիթ Մանուկյանը, լուսանկարը՝ ՖԲ-ից

Փետրվարի 26-ին Գեղարքունիքի զորամասերից մեկում սպանվել է 19-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանը։ Սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա ծառայակիցը։ 

ArmLur.am-ի տեղեկություններով, մեղադրյալն ասել է իրավապահներին, որ տևական ժամանակ ծաղրի է ենթարկվել, կրակել և սպանել է իրեն ծաղրողներից մեկին։ Պաշտոնական աղբյուրներն այս վարկածը չեն մեկնաբանել։

narek hakobyan

Նարեկ Հակոբյանը, լուսանկարը՝ shamshyan.com-ից

Ապրիլի 2-ին էլ Բաղրամյանի կրակարաններում 29-ամյա պայմանագրային զինծառայող է մահացել, 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։ Դեպքի մասին հաղորդել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Մեկ օր անց Քննչականից հաստատել են՝ քրեական վարույթ են նախաձեռնել «զինվորական պաշտոնեական անփութության և զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածներով, որն անզգուշությամբ առաջացրել է մահ»։ Հարուցված քրեական գործով մեղադրյալ կա՞, թե՞ ոչ, ո՞ւմ անփութությունն են քննում իրավապահները՝ հայտնի չէ։

Ապրիլի 14-ին Նուբարաշենի կրակարաններից «Մուրացան» զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է 19-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Նա հրազենային վնասվածք է ունեցել։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Հունիսի 2-ին հայտնաբերվել է զինծառայող Արամայիս Գևորգյանի դին: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն։  NEWS.am-ի տեղեկություններով, զինծառայողին հայտնաբերել են Կապանի զորամասերից մեկում՝ կախված։ Նա արցախցի էր, հունվարին պետք է զորացրվեր, 20-ամյակը կլրանար շուտով։

image_2026-07-23_20-26-36.png

Արամայիս Գևորգյանը, լուսանկարը՝ bavnews-ից

Փետրվարի 21-ին էլ Սևանի կենտրոնական հրապարակում դանակահարել էին 19-ամյա պայմանագրային զինծառայող Արամ Խաչատրյանին։ Նրա մահվան մասին ՊՆ չի հաղորդել։ Խաչատրյանը ծառայում էր Տավուշի Վերին Ծաղկավանին մոտ գտնվող զորամասում, դեպքը տեղի է ունեցել Սևանում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինծառայողին դանակահարածը անչափահաս էր։ Քրեական գործով երկու մեղադրյալ կա։ Սպանությունը դասակարգվել է որպես զինվորական ծառայության հետ կապ չունեցող։

aram-khachatryan-zinvor

Արամ Խաչատրյանը, լուսանկարը՝ armlur-ից

***

Վերջին տարիներին ռազմական գերատեսչությունը և նախաքննական մարմինները ոչ բոլոր մահերի մասին են հաղորդագրություններ տարածքում։


Արտադատական կարգով մահերի մի մասը դասակարգվում է որպես «ծառայության հետ կապ չունեցող» և դուրս մնում նաև ՊՆ տարեկան վիճակագրությունից։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարեսկզբից կրկնում է, թե 2025 թվականին բանակային սպանություններ չեն եղել։ Նա համարում է սա «շոշափելի արդյուն»՝ բանակային ռեֆորմների հետևանք։

Մարտի 1-ին Epress.am-ը հոդված էր հրապարակել, որում հերքել էր նախարարի այս պնդումը։ 2025 թվականին, ըստ Քննչական կոմիտեի, առնվազն երեք զինծառայող է սպանվել։ Դեպքերից և ո՛չ մեկի մասին հաղորդագրություն չի տարածվել։ Սպանություններն ի սկզբանե դասակարգվել են որպես զինվորական ծառայության հետ չկապված։ Դեպքերից մեկը հետագայում վերադասակարգվել է։

տե՛ս Ինչպես է ստում պաշտպանության նախարարությունը

Պայմանագրային զինծառայող Աշոտ Դիլաչյանի քույրը պատմել է ԶԼՄ-ներին, որ եղբորը դաժանաբար ծեծի է ենթարկել հրամանատար Անաստաս Բաբալարյանը և նրա որդին։ Ծեծից հետո Դիլաչյանը հոսպիտալացվել է և մահացել հիվանդանոցում։ Հարազատների բարձրաձայնման շնորհիվ քրեական գործը վերավորակավորվել է, հրամանատարին և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել «անզգուշությամբ մահ պատճառելու» և խուլիգանության հոդվածներով։ Դատախազությունը ընդունել է, որ դեպքը կապված է բանակային ծառայության հետ։

Բայց Պաշտպանության նախարարը շարունակում է պնդել, որ հրամանատարի կողմից սպանված զինծառայողի մահը ծառայության հետ կապ չունի։ ՊՆ վիճակագրության մեջ այն այդպես էլ չի ներառվել։ Մնացած երկու սպանությունների մասին ոչինչ հայտնի չէ։

ՊՆ-ն համարում է, որ պատասխանատու չէ բոլոր այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել զորամասի տարածքից դուրս։ Այդպես գերատեսչության պաշտոնական վիճակագրությունից դուրս է մնացել նաև ժամկետային զինծառայող Էրիկ Բարսեղյանի դեպքը։ Նրա մահվան մասին ևս հաղորդագրություն չի տարածվել։

Տեղեկությունը հանրայնացվել է ԶԼՄ-ների միջոցով։ Ըստ հարազատների, ուսումնական զորամասից Բարսեղյանին նախատեսում էին տեղափոխել Վարդենիս, բանակային խնդիրներով պայմանավորված՝ նա դիմել էր հրամանատարությանը և խնդրել իրեն այլ զորամաս տանել, բայց մերժում էր ստացել։ Նրա մարմինը հայտնաբերել էին Ալավերդիի բարձրահարկ շենքերից մեկի տանիքում՝ կախված։ Մահվան պահին նա արձակուրդում էր, արձակուրդից հետո պիտի տեղափոխվեր Վարդենիսի զորամաս։

Էրիկ Բարսեղյանի մահը քննվում է ծառայության հետ ուղղակիորեն կապված հոդվածով՝ զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, բայց ՊՆ համարում է, որ դեպքը կապ չունի բանակի հետ, զուտ որովհետև զինվորը կախվել է զորամասից դուրս գտնվող վայրում։


Կամայականորեն «ծառայության հետ կապ չունեցող» դասակարգված մահերի մասին ոչինչ չի հաղորդվում և դժվար է չափել, ստուգել, հավաստել՝ որքանով են դրանք պայմանավորված ծառայությամբ և որքանով՝ ոչ։

Epress.am-ի հրապարակումից հաշված օրեր անց էլ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում կրկնել էր նախկինում հնչեցրած իր թվերը՝ նորից շեշտելով, թե 2025-ին բանակային սպանություններ չեն եղել։

«Ծառայության հետ չկապված հանգամանքներում 24 մահվան դեպք է արձանագրվել, այո։ Դրանց մեջ 3-ը պայմանագրային զինծառայողների սպանություններ են ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ կենցաղային հարցերով։ Մեկն էլ ինքնասպանություն է գործել, ևս մեկը ինքնասպանության հասցնելուն առնչվող հարց է, — ասել է Պապիկյանը՝ շարունակելով․ — Հիմա այս ամենը գումարում են իրար և ներկայացնում, որ ամբողջ օրը բանակում ավտոմատը առած ժամկետային զինծառայողները իրար կոտորում են կամ իրար նվաստացնում են, որ ինքնասպան լինեն։ Մենք չենք հերքում, որ բանակում կան խնդիրներ, մենք չենք հերքում, որ բանակում կան ոչ կանոնադրային հարաբերություններ, մենք դրա մասին ինքներս ենք բարձրաձայնում, բայց այս կերպ փորձել անընդհատ ահաբեկել և ցավեցնել մեր հասարակությանը, մի բանի մասին է՝ այս բոլոր հավաքական խմբերը, նաև արտախորհրդարանական նորելուկ կուսակցությունները, մահվան և պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են»։


Պապիկյանը ներբանակային մահերի մեջ մեղադրում է հասարակությանը, որը սխալ է դաստիարակում իր որդիներին։ Սա օգնում է խուսափել պատասխանատվությունից։ Զինծառայողներին վերահսկող, նրանց կյանքի և առողջության համար պատասխանատվություն կրող սպաները սովորաբար չեն պատժվում իրենց պարտականությունները տապալելու համար։ Քաղաքական հետևանքներ չեն կրում նաև ոլորտը կարգավորող պաշտոնյաները։

Տարեսկզբին, ի դեպ, պաշտպանության նախարարը 2026 թվականը հռչակել էր բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի։

տե՛ս Բանակային (ինքնա)սպանությունները չեն կանխվում, հանգամանքները կոծկվում են․ հայտարարություն