Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ փետրվարի 24-ին, հրապարակել է 2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով վճիռը:
Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Էդուարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը մեղավոր են ճանաչվել և դատապարվել 8-ից 25 տարի ժամկետով ազատազրկման։
Ապստամբները մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում ապօրինի զենք պահելու, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ շինություններ և տրանսպորտային միջոցներ զավթելու և պահելու մեջ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, պատանդ պահելով, հրազեն ու ռազմամթերք հափշտակելով։
Նրանցից Սմբատ Բարսեղյանն, ի թիվս վերը նշվածի, մեղադրվում էր նաև ՊՊԾ գնդի տարածքում երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ։ Ճանաչվել է մեղավոր։ Իսկ Արմեն Բիլյանը, ով մեղադրվում էր ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ, սպանության գործով արդարացվել է․ դատարանը համարել է, որ մեղսագրված արարքի կատարմանը նրա մասնակցությունը հիմնավորված չէ։
Սմբատ Բարսեղյանն, այսպիսով, դատապարտվել է 25 տարի ժամկետով ազատազրկման:
Արմեն Բիլյանը դատապարտվել է 9 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման: Հաշվակցելով նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ որպես վերջնական պատիժ նշանակվել է 4 տարի 11 ամիս, 6 օր ժամկետով ազատազրկումը: Մինչև վճռի ուժի մեջ մտնելը Բիլյանի նկատմամբ կալանավորումը վերացվել է՝ փոխարինվելով չհեռանալու մասին ստորագրությամբ:
Պավել Մանուկյանը դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման: Հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում Մանուկյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 7 տարի, 8 ամիս, 22 օր ազատազրկումը:
Վարուժան Ավետիսյանը դատապարտվել է 9 տարի, 6 ամիս ազատազրկման․ հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 7 տարի, 4 ամիս, 11 օր ազատազրկումը:
Արեգ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման․ նույն պատճառներով՝ վերջնական պատիժ է սահմանվել 7 տարի, 1 ամիս, 24 օր ազատազրկումը։
Սեդրակ Նազարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցելով՝ վերջնական պատիժ է նշանակվել 8 տարի, 2 ամիս ազատազրկումը:
Մխիթար Ավետիսյանը դատապարտվել է 9 տարի, 6 ամիս ազատազրկման․ կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցելով՝ վերջնական պատիժ է նշանակվել 7 տարի, 6 ամիս 15 օր ժամկետով ազատազրումը:
Էդվարդ Գրիգորյանը դատապարտվել է 8 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման, կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցելով՝ վերջնական պատիժ է նշանակվել 6 տարի, 6 ամիս 26 օր ազատազրկումը:
Գագիկ Եղիազարյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցելով՝ վերջնական պատիժ է նշանակվել 7 տարի, 5 ամիս 18 օր ժամկետով ազատազրկումը:
Դատարանը Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է (մահվան հիմքով)։
Դատավորը՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալներն ազատ արձակվելուց հետո պատշաճ վարքագիծ են դրսևորել, որոշել է, որ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը նրանք կարող են մնալ ազատության մեջ։ Վճռով նախատեսված պատիժները ամբաստանյալները կկրեն վճռի ուժի մեջ մտնելուց հետո։
Նշենք, որ ոստիկանների սպանությունից բացի՝ մնացած մեղադրանքները «Սասնա ծռերը» որակում են որպես քաղաքական հետապնդում։ Ինչ վերաբերում է ոստիկանների մահվան հանգամանքներին՝ Սմբատ Բարսեղյանի ու Արմեն Բիլյանի փաստաբանը՝ Մուշեղ Շուշանյանը, բազմիցս նշել է, որ անցած երեք տարիների ընթացքում դատարանը սպանության հանգամանքների պատշաճ քննություն չի իրականացրել։ Փաստաբանը պնդում է, որ զոհված երեք ոստիկաններից երկուսի մահվան հետ «Սասնա ծռերը» կապ չունեն․ կան վկայություններ, որ նրանց սպանել են հե՛նց ոստիկանները։ Այս հանգամանքին դատարանն, ըստ պաշտպանական կողմից, այդպես էլ չի անդրադարձել։
Ինչ վերաբերում է երրորդ ոստիկանի սպանությանը, փաստաբանը նշում է, որ Գագիկ Մկրտչյանը ՊՊԾ գնդում վիրավորվել է թևից և իր ոտքով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա մահացել է հիվանդանոցում՝ ՊՊԾ գնդի գրավումից երեք շաբաթ անց։ Նրա մահվան հանգամանքները ևս, ըստ պաշտպանության, պատշաճորեն չեն քննվել։
Զոհված ոստիկանների հարազատներից ոմանք դատավարության գրեթե ողջ ընթացքում պահանջում էին ամենախիստ պատիժները կիրառել ՊՊԾ-ն գրաված բոլոր ապստամբների նկատմամբ։ Ոմանք լռում են։ Իսկ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը համակարծիք էր Ծռերի հետ․ նա պնդում է, որ իր որդուն սպանել են ոչ թե ապստամբները, այլ ոստիկանները։