Օգոստոսի 12-ին մեղադրական ճառն ընթերցելով՝ դատախազներն առաջարկեցին 2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին դատապարտել 8 տարվանից մինչև ցմահ ազատազրկման։
Ապստամբները մեղադրվում են ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար։ Նրանցից Սմբատ Բարսեղյանն, ի թիվս վերը նշվածի, մեղադրվում է նաև ՊՊԾ գնդի տարածքում երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի, իսկ Արմեն Բիլյանը՝ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ։
Առաջադրված մեղադրանքներում խմբի անդամները իրենց մեղավոր չեն ճանաչում և պնդում են, որ դատախազությունը, ինչպեսև նախկինում, իրենց արարքը դիտարկում է դրդապատճառներից և քաղաքական կոնտեքստից անջատ։ Նրանց փաստաբաններն ու աջակիցները վստահ են, որ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ դուրս եկած Ծռերը ապստամբել են և պետք է արդարացվեն, քննության առարկա պետք է դառնան բացառապես ոստիկանների մահվան հանգամանքները։ Դատախազությունը ապստամբության մասին հայտարարությունները «օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի կամայական ու խեղաթյուրված մեկնաբանություն» է որակել։
«Սասնա ծռերի» գործողության, դրա դրդապատճառների, նրանց արարքը պայմանավորած քաղաքական իրականության, ապստամբության իրավունքի, նախորդ կառավարմանը չտրված քաղաքական գնահատականի և նոր Հայաստանի հին սկզբունքների մասին զրուցեցինք իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ։
Հեռախոսազրույցի ձայնագրությունը՝
Epress.am — Դատախազության մեղադրանքն այս պարագայում որքանո՞վ է համաչափ։ Առհասարակ՝ ինչպե՞ս կարող ենք մոտենալ այս գործին։
Արթուր Սաքունց․ — Մոտենալու համար երևի թե պետք է անալոգիաներ անցկացնել, նաև՝ օրինակներ բերել, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե այս գործի նկատմամբ ինչպիսին պետք է լինի վերաբերմունքը։
Նախ՝ Ադոլֆ Հիտլերի դեմ մահափորձ իրականացրած գլխավոր շտաբի գնդապետ Կլաուս ֆոն Շտաուֆենբերգի օրինակը․ նրա կազմակերպած սպանության փորձից Հիտլերը չմահացավ, մահացան չորս այլ մարդիկ։ Նացիզմը պարտվեց ոչ միայն պատերազմում, նացիզմի (ոչ թե դրա առանձին պարագլուխների) դեմ նաև միջազգային դատավարություն իրականացվեց։ Նրանք որպես կազմակերպված խմբավորում, որը հստակ գաղափարախոսություն էր հռչակել, դատապարտվեցին։ Այսինքն՝ դատապարտվեց այդ կառավարման ոճը, կառավարման բնույթը, կառավարման հետևանքները, որոնք մարդկային կյանքեր էին զոհել։ Տարիներ անց ժողովրդավարական Գերմանիայում պատվո հուշատախտակ է ամրացվել՝ նվիրված գնդապետին, որն այդ մահափորձի անմիջական իրականացնողն էր։ Շատ հետաքրքիր է՝ ինչ կարող էին այդ մասին ասել այն մարդկանց հարազատները, որոնք եղել են Հիտլերի կողքին և, ցավոք սրտի կամ ավելի ճիշտ՝ հանգամանքների բերումով, զոհվել են։ Չգիտեմ։ Բոլոր դեպքերում, երբ նացիզմը, որպես կառավարման ձև, դատապարտվում է, ստեղծվում է այն հիմքը, որի վրա վերագնահատում է կատարվում՝ գործողությունների, արարքների, երևույթների։
Առավել քան վստահ եմ՝ Սասնա ծռերը, որոնք գրավել էին ՊՊԾ գունդը, և այդ գրավման ընթացքում, ցավոք սրտի, եղան նաև զոհեր․․․ Եթե նրանց գնդակահարեին՝ նրանք հերոսացվելու էին որպես բռնապետության դեմ դուրս եկած մարտիկներ։ Ես միշտ՝ և՛ այն ժամանակ, և՛ հիմա, չեմ համարել Սասնա ծռերին քաղաքական գործիչներ (զենքը քաղաքական գործիք չէ), բայց որ նրանք ապստամբել են․․․ Ինչո՞ւ։ Այդ ժամանակվա իշխանությունը, կառավարումը զանգվածաբար և անպատիժ խախտում էր մարդու իրավունքները, ստեղծում մի այնպիսի մթնոլորտ, որում իշխանության կասեցման նման մեթոդները, այսինքն՝ զինված մեթոդները, դառնում էին լեգիտիմ։
Կառավարման ոճը կարող է բերել նման դրսևորումների, և այդ դրսևորումները հետևանք են հենց բռնապետական կառավարման։ Սա շատ անկյունաքարային հարց է։ Սասնա ծռերը չեն գնացել կողոպտելու ինչ-որ բանկ, չեն գնացել կենցաղային մակարդակում մեկի տունը թալանելու՝ զինված հարձակման միջոցով։ Դա ակնհայտ ընդվզում էր տիրող կառավարմանը։ Սա է հարցը։
Այդ ընթացքում, նորից եմ կրկնում, եղել են մարդկային զոհեր, ինչն, իհարկե, ցավալի է։ Բայց այդ զոհերը ․․․ծառայում էին մի համակարգում, որը բռնություն է կիրառել քաղքացիական ակտիվիստների նկատմամբ, քաղաքական ընդդիմության նկատմամբ, ապահովել է պետության զավթումը որպես համակարգ։ Պետության զավթումը իրականացնողների գործողությունները ապահովող կառույցը նույնպես մեղսակի՛ց է։
Մեկ օրինակ էլ բերեմ՝ Ֆրանսիական դիմադրության շարժումը։ Վիշի կառավարությունը ֆրանսիական օրինական կառավարություն էր։ Ճիշտ է՝ որոշակի համաձայնության էր գնացել նացիստական Գերմանիայի հետ, բայց ֆրանսիական կառավարություն էր։ Ֆրանսիական դիմադրության ներկայացուցիչները Վիշի կառավարության տեսանկյունից ահաբեկիչներ էին՝ պարտիզաններ, որոնց այն ժամանակվա օրենքներով կարող էին և ձերբակալել, և գնդակահարել։ Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին տարիներին հարուցվում է քրեական գործ դիմադրության մարտիկների նկատմամբ, որոնք ապօրինի զենք են վերցրել, ապօրինի զենք են կրել, նաև գործողություններ են կատարել, որոնց հետևանքով պաշտոնատար անձինք են մահացել, և այդ քրեական գործը շարունակվում է նացիզմի պարտությունից հետո՝ Ֆրանսիայում նոր հանրապետության օրոք։ Ես չգիտեմ՝ նման բան հնարավո՞ր է պատկերացնել։
Կամ Միսաք Մանուշյանը՝ դիմադրության հերոս, որին Ֆրանսիան իր ազգային հերոսն է համարում։ Վիշի կառավարության համար նա ահաբեկիչ է, այո, բայց ժողովրդավարական Ֆրանսիայի համար նա ահաբեկիչ չէ և չի կարող լինել։
E. — Քաղաքական ահաբեկչությունը գրեթե միշտ ապստամբության տարրն ունի իր մեջ․․․ Ինչպե՞ս ենք տարանջատում ահաբեկչությունը ապստամբությունից։
Սաքունց․ — Միջոցները նույնն են։ Բայց ապստամբության «կարգավիճակը» որոշվում է կառավարման բնույթով։ Ժողովրդավարական, իրավունքի գերակայության պետությունում երաշխավորում է իրավունքների պաշտպանությունը, երաշխավորում է խախտված իրավունքների վերականգնումը՝ իշխանության տարանջատման և փոխզտման, իրավունքի գերակայության սկզբունքների շնորհիվ, որը կոչվում է դատական անկախություն։ Եթե սա ապահովված չէ, ուրեմն՝ երաշխավորված է մարդու իրավունքների շարունակական և անպատիժ խախտումը․․․
Մուսոլինին շատ հետաքրքիր խոսք ուներ․ «Օրենքը աշխատում է միայն հակառակորդների դեմ»: Յուրայինների համար այն չի աշխատում։ Համակարգն ինքն է որոշում՝ ով է յուրային, ով է հակառակորդ։ Ընտրովի արդարադատության այս սկզբունքը ստեղծում է պայմաններ, որ․․․ դրա դեմ գործողությունը, այդ կառավարման բնույթի՛ դեմ գործողություններն են կոչվում ապստամբություն։ Սա շատ էական տարբերություն է։
Բրեյվիկը Նորվեգիայում գնդակահարեց 70 մարդու։ Նա ուներ գաղափար, չէ՞։ Իշխող քաղաքական ուժը կողմ է միգրանտների ընդունմանը Նորվեգիայում, ինքն էլ դեմ էր։ Եվ դա ահաբեկչություն էր ժողովրդավարական արժեքների դեմ։
Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության նախագահը գնդապետ [Շտաուֆենբերգի] հուշատախտակի մոտ շատ կարևոր խոսքեր ասաց։ Կա Գերմանիա, որը նացիզմ է ապրել, որը պետական ահաբեկչության մի ամբողջ արհավիրք է ապրել։ Այդ գնդապետն իր հայացքներով․․․ վերջին հաշվով՝ նա նացիստական զինված ուժերի գլխավոր շտաբի փոխգնդապետ էր։ Գուցեև ժողովրդավարական արժեքների կրողը չէր, բայց իր գործողությունը ուղղված էր ազատության և իրավունքի վերականգնմանը։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդ մարդուն դատապարտեին, որ գիտեք՝ չորս մարդ, որ Հիտլերի բունկերում կամ այդ շտաբում էր, մահացել է, զոհվել են ձեր ռումբի պայթյունից, հետևաբար դուք մարդասպան եք։
Մենք պետք է ընդունենք, որ կա՛մ հեղափոխություն է եղել, կա՛մ հեղափոխություն չի եղել։ Շատ կարևոր է կոնտեքստը, շատ կարևոր է իրավիճակը, շարժառիթը։ Շարժառիթները շատ կարևոր են։ Շարժառիթները անձնական մակարդակում չեն։ Մենք պետք է հասկանանք՝ իշխանությունը Հայաստանում զավթված է եղել, թե զավթված չի եղել․․․
E. — Այս գործը չի քննվում Ազգային ժողովում, որպեսզի քաղաքական գնահատականի արժանանա։ Այն քննվում է դատարանում։ Որքանո՞վ է հայաստանյան օրենսդրությունը ունակ հաշվի առնել այդ կոնտեքստը։ Թե՞ դրանք քաղաքական գնահատականներ են, քաղաքական մեկնաբանություններ, որոնք անցնում են դատարանների կողքով։
Սաքունց․ — Այդ մասին բազմիցս այն ժամանակ էլ էինք ասում, զգուշացնում, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը ընդունվել է որպես հանձնարարություն անդամ պետություններին, իր նախաբանի երրորդ պարբերության մեջ ուղղակի ամրագրում է, որ – սա շատ կարևոր է – պետությունը չպե՛տք է ընդունի այնպիսի օրենքներ, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների այնպիսի խախտումների, որ դրանց դեմ դուրս գալու միակ միջոցը լինի ընդվզումը, ապստամբելը։ Սա անկյունաքարային է։
Ոչ մի օրենսդրության մեջ՝ ժողովրդավարական պետության, չի կարող լինել քաղաքական բանտարկյալ կամ հետապնդում քաղաքական հայացքների համար հասկացությունը։ Չկա։ Չի կարող լինել նման բան։ Խորհրդային միությունում կար հակասովետական ագիտացիա, պրոպագանդա հոդվածը՝ մաքուր քաղաքական բան։ Հիմա նման բան չկա։ Հիմա հարգի չէ ասել «գիտեք՝ ես դիկտատոր եմ»։ Նույնիսկ ամենածայրահեղ բռնապետները փորձում են հանդես գալ որպես ժողովրդավարներ։ Նկարագրելու, հանդես գալու այդ բառապաշարն այլևս ընդունելի չէ։ Բայց գործողություններն ու բառերը խիստ տարբեր բաներ են։
Այդ տեսակետից է, որ մենք գտնում ենք՝ Ազգային ժողովի կողմից պետք է տրվեր քաղաքական գնահատական նախորդ կառավարմանը, կառավարման այդ ժամանակահատվածին։ Դա կլիներ այն իրավական հիմքը, որը կդիտարկվեր որպես «նոր հանգամանք»։ Նոր հանգամանքը իրավական հասկացություն է, այն որոշիչ ազդեցություն է ունենում քրեական գործի ընթացքի վրա։ Սա մեկ։
Ռոբին Հուդին դատում էին գողության համար։ Թագավորական կամ իմպերատորական Անգլիայի օրենսդրությամբ, նաև՝ ժամանակակից Անգլիայի օրենսդրությամբ գողությունը դատապարտելի է։ Շատ կարևոր է այստեղ գործողության մոտիվը։ Եվ այդ մոտիվի բովանդակությունը պայմանավորված է տվյալ պահի կառավարման բնույթով նաև։ Սրան շատ քիչ է ուշադրություն դարձվում։ Բայց սա է, որ կարող է ունենալ մեղմացուցիչ, խստացնող կամ արդարացնող նշանակություն։
Երբ մենք ասում ենք՝ վեթինգ, նկատի ունենք, որ դատաիրավական համակարգը – դա վերացական խոսքեր չեն, դրանք կոնկրոտ որոշումներ են, գործողություններ են – իրականացրել է պետության զավթումն ապահովող գործողություններ, որոշումներ, քրեական գործերի հարուցումներ, քրեական գործերի քննություններ։ Եվ նրանք հիմա շարունակում են գործել․․․
E. — Սասնա ծռերը, համենայն դեպս՝ նրանց պաշտպանները, պնդում են, որ ընդունելի են բացառապես երեք ոստիկանների սպանությանը առնչվող մեղադրանքները (նաև հայտարարում, որ նրանց սպանության հանգամանքները պատշաճ չեն քննվել դատարանի և նախաքննություն իրականացնող մարմնի կողմից), մնացածը հարկավոր է դիտարկել որպես ապստամբություն․․․
Սաքունց․ — Ես չեմ ուզում խորանալ իրավաբանական ինչ-որ քննարկումների մեջ։ Ես ուղղակի ուզում եմ շատ պարզ հարց տալ։ Երբ Գերմանիան դատում էր Սողոմոն Թեհլերյանին, գերմանական դատարանը, այն պետության դատարանը, որը դաշնակից էր Օսմանյան Թուրքիային, որն իրականացրել էր Ցեղասպանությունը՝ ըստ էթնիկ պատկանելիության մարդկանց զանգվածային ոչնչացումը կամ գործողությունները, որոնց հետևանքով այդ մարդիկ ոչնչացել են․․․ Սողոմոն Թեհլերյանը ասում էր․ «Այո, ես մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ»։ Երբ ես նշում եմ շարժառիթներ հասկացությունը, նկատի ունեմ այս հանգամանքը։ Այո, գործողության հետևանքով մարդ է սպանվել, բայց նա մարդասպան չէ։ Դատարանն արդարացնում է։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ հիմա էլ պետք է արդարացնի։
Նելսոն Մանդելան երկու փուլ է ունեցել իր պայքարում․ զինված պայքարի փուլ և առանց զենքի պայքարի փուլ։ Զինված պայքարի փուլում զոհվել են մարդիկ։ Նելսոն Մանդելային դատապարտել էին, նա ազատազրկված էր։ Բայց կարևորն այն է, որ նրա նկատմամբ քրեական գործ չհարուցվեց ապարտհեյդի ռեժիմի ավարտից հետո՝ այն մարդկանց պահանջով, որոնց հարազատները եղել են ապարտհեյդի ռեժիմի ծառայողները և զոհվել են․․․
Ես պարզ եմ ասում։ Աչքներիս առաջ է բելառուսական ՕՄՈՆ-ը, որը ուժ է կիրառում, բռնություններ, խայտառակ բռնություններ, որը այդ բռնապետական, պետությունը զավթած ռեժիմի սպասարկողն է․․․ Եթե նրանցից որևիցե մեկը որևիցե ցուցարարի կողմից վնասվի, կամ՝ Աստված ոչ անի, մահանա, հիմա նրա նկատմամբ քրեական գործ են հարուցելու, չէ՞։ Եթե իշխանությունը փոխվի, այդ քրեական գործը պետք է շարունակվի՞։ Աբսուրդ։ Աբսո՛ւրդ։
Կյանքի իրավունքը թանկ է, կարևոր իրավունքներից մեկն է։ Խոսքը վերաբերվում է պետության կողմից կյանքի իրավունքի պաշտպանությանը։ Քաղաքացին չէ կյանքի իրավունքի և առհասարակ մարդու իրավունքների երաշխավորը, այլ՝ իշխանությունը։ Եվ եթե այն քաղաքացուն հասցնում է այնպիսի վիճակի, որ իր իրավունքները խախտվում են, որ նա հետապնդվում է, սեփականազրկվում է, ունեզրկվում է, տագնապի մեջ է շարունակաբար ապրում, արժանապատվությունը շարունակաբար նսեմացվում է, և եթե այդ մարդն ընդվզում է կատարում, որի հետևանքով կարող են լինել զոհեր․․․ իհարկե՝ կարող է ռեժիմը դատել, բայց երբ ես ասում եմ շարժառիթ․․․
Մարդիկ անարդարությունից ինքնահրկիզվում են։ Այն, ինչ եղավ Թունիսում։ Բայց կան նաև մարդիկ, որ չեն գնում ինքնասպանության ճանապարհով, այլ գնում են ընդվզման, ապստամբության ճանապարհով։ Այդպես եղավ Լիբիայում։
Խնդիրը նրանում է, որ հասարակական հյուսվածքները աղճատվում են հենց բռնապետական կառավարման հետևանքով, որը թույլ չի տալիս, չի երաշխավորում արժանապատվության խնդիրների լուծման հնարավորություն։ Այս առումով իրավական համակարգերը, իրավական մոտեցումները նույնպես բովանդակային տեսանկյունից խեղաթյուրում են, աղճատում։
Հիմա մարդկանց մտածելակերպերն էլ, մոտեցումն էլ փոխվել է․․․ Չեն էլ հասկանում, վերջին հաշվով՝ շատերը մոռանում են, թե ինչ է եղել։ Կոնտեքստը չեն պատկերացնում, որը լիովին կբացահայտվեր, երբ քաղաքական գնահատականը տրվեր։ Քանի դեռ քաղաքական գնահատականը չտրվեց, քանի դեռ լյուստրացիան չեղավ, պարզ է, որ վերցնելու են ու դատեն։
Պատժիչ մոտեցումը չի կարող կիրառելի լինել բռնապետության դեմ ընդվզում կատարող անձի նկատմամբ ժողովրդավարական պետությունում։ Վե՛րջ։
Սրանից հետո թե իրավաբանական տուռնիկ են թռնում, թե ակրոբատ են անում, թե ինչ են անում․․․ Ասում եմ՝ դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք անում։ Դուք լրիվ արժեզրկում եք ամեն ինչ, հավասարացնում եք։
Նույնիսկ Անգլիան Անգլիա է․․․ իռլանդական ապստամբական բանակը, որը, իհարկե, ահաբեկչական էր, բայց ահաբեկչական էր այնքանով, որքանով Անգլիան Հյուսիսային Իռլանդիայում չէր ապահովում, չէր երաշխավորում մարդու իրավունքները․․․ Եվ Անգլիայի վարչապետը ստիպված էր նրանց ճանաչել ռազմագերի բանտում։ Այո՛, ճանաչել է։ Եվ դրանից հետո հարցը տեղափոխվել է քաղաքական հարթություն․ իռլանդական ապստամբական հանրապետական բանակի ներկայացուցիչներն անցել են պառլամենտ։ Նրանց բոլորին չեն հետապնդել։
Ամեն մեկը [Հայաստանում] յուրովի է տարել այդ իրավիճակը, այո։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ասում։ [Բանտում] Վարդգես Գասպարիի կողքը քրեականների էին մտցրել, որ բռնություն գործադրեն։ Մնացածները հաշտվել էին։ Հիմա կարող է ասեն՝ «մենակ Վարդգես Գասպարիի նկատմամբ է եղել», որովհետև դա է փաստագրված։ Ո՛չ։ Բոլորի նկատմամբ է եղել։ Քրեականներին օգտագործել են քաղաքական գործիչների դեմ։ Ահավոր բան էր։ Իհարկե, հիմա էլ կան տենդենցներ։ Ռեֆորմներ չանելը, արմատական փոփոխության բացակայությունը վտանգի զգացում է առաջացնում, որ կարող է կրկնվել։
Օգոստոսի 12-ին մեղադրական ճառն ընթերցելով՝ դատախազները առաջարկեցին 2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներից Սմբատ Բարսեղյանին դատապարտել ցմահ, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ազատազրկման, Էդվարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին և Արեգ Կյուրեղյանին՝ 8 տարի 6 ամսվա, Պավել Մանուկյանին և Սեդրակ Նազարյանին՝ 9 տարվա, Մխիթար Ավետիսյանին և Վարուժան Ավետիսյանին` 8 տարի 9 ամսվա ազատազրկման:
Ոստիկանների սպանությունից բացի՝ մնացած մեղադրանքները «Սասնա ծռերը» որակում են որպես քաղաքական։ Ինչ վերաբերում է ոստիկանների մահվան հանգամանքներին՝ նրանց սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը բազմիցս նշել է, որ անցած երեք տարիների ընթացքում դատարանը հանգամանքների պատշաճ քննություն չի իրականացրել։ Փաստաբանի պնդում է, որ զոհված երեք ոստիկաններից երկուսի մահվան հետ «Սասնա ծռերը» կապ չունեն, կան վկայություններ, որ նրանց սպանել են հե՛նց ոստիկանները։ Այս հանգամանքին դատարանն այդպես էլ չի անդրադարձել։
Ինչ վերաբերում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանությանը, փաստաբանը նշում է, որ Գագիկ Մկրտչյանը ՊՊԾ գնդում վիրավորվել է թևից և իր ոտքով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա մահացել է հիվանդանոցում՝ ՊՊԾ գնդի գրավումից երեք շաբաթ անց։ Նրա մահվան հանգամանքները ևս պատշաճորեն չեն քննվել։
Զոհված ոստիկանների հարազատներից ոմանք բողոքում են՝ պահանջելով ապստամբների նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ։ Ոմանք լռում են։ Իսկ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը համակարծիք է ծռերի հետ․ նա պնդում է, որ իր որդուն սպանել են ոչ թե ապստամբները, այլ ոստիկանները։