2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Երևանյան ցույց․ ՄԱԿ-ով փոխարինե՛նք «ռուս-թուրքական զավթիչներին»

Հայաստանի արտգործնախարարի՝ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ շենքի մոտ «Սասնա ծռերը» և մի շարք «եվրոպամետ» կուսակցությունների ներկայացուցիչները ցույց էին անում։ Ցույցի մասնակիցների խոսքով՝ բողոքը «ռուս-թուրքական զավթման» դեմ է․ ըստ նրանց, պետք է «մերժել կապիտուլյացիան և վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափին»։

Հայաստանի և հատկապես արցախաբնակ հայության ճակատագիրը չի կարող մնալ Ադրբեջանի ու Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանին ու Թուրքիային աջակցող Ռուսաստանի հույսին, հայտարարեց «Ազգային-ժողովրդավարական բևեռի» անդամ Վարուժան Ավետիսյանը։

ԱԺԲ-ի հրապարակված հայտարարությունում նշվում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է որակվի ընդամենը հրադադարի և հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ, դրա մնացած դրույթները պետք է առ ոչինչ ճանաչվեն, Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը և վարձկան ահաբեկիչներին գրաված տարածքներից, իսկ Արցախում ու այդ տարածքներում պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող և հակամարտության ելքով չշահագրգռված պետություններ ներկայացնող միջազգային խաղաղապահ ուժեր։

«Նիկոլ Փաշինյանը այլևս չի ներկայացնում հայ ժողովրդին և Հայաստանը, ուստի նրա կամ նրա կառավարության անդամների հետ ձեռք բերած պայմանավորվածություններն ի սկզբանե առ ոչինչ են», - ասված է հայտարարության 5-րդ կետում։ 6-րդ կետով էլ նախաձեռնությունը պատրաստակամություն է հայտնում հանդիպել Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ:

Ցույցի ժամանակ ելույթ ունեցավ նաև «Սասնա Ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։

«Այն, ինչ կատարվեց վերջին երկու ամսում, շատերի միտքն է բացելու: Պետք չէ լինել այս կամ այն աշխարհաքաղաքական բեւեռի ծառան: ․․․Այն, որ այսօր այստեղից կծու խոսքեր են հնչում Կրեմլի հասցեին, մենք եւ ժողովուրդը դրա իրավունքն ունենք: Այստեղ չկա հակառուսականություն, ոճրագործությունն իր անունով պետք է կոչել: Այսօր բոլորիս մեջ ծնվում է ապագա ինքնիշխան Հայաստանը», - հայտարարեց Սեֆիլյանը։

Կինոռեժիսյոր, «Եվրոպական կուսակցության» անդամ Տիգրան Խզմալյանն էլ կարծիք հայտնեց, թե «աշխարհը Հայաստանին առաջարկում է քաղաքակրթական ընտրություն կատարել» և լինել Եվրոպայի մաս։

«Մենք տարիներ շարունակ մտածում էինք, թե ինչպես 100 տարի առաջ կատարվեց այն, ինչ կատարվեց։ Այսօր, այս օրերին մենք տեսանք ինչպես։ Մենք տեսանք, որ սա նույն ռուս-թուրքական դավադրություն է, սա նույն բյուզանդական դավաճանական քաղաքականությունն է։ Եվ մենք այստեղ ունենք մեկ հարց՝ ո՞ր քաղաքակրթությանն է պատկանում Հայաստանը», - նշեց Խզմալյանը։

Նա համոզված է, որ պատերազմի ընթացքում «երկու անգամ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ուղիղ առաջարկում էին միջամտություն և զորքեր ռազմաճակատի գծով»։ «Ահա ինչու փաշինյանական խամաճիկային կառավարությունը ստրկամտորեն մերժում էր դա, որովհետև նրանք մաս են կազմում ռուս-թուրքական այս դավադրության»։

«Ազգային ինքնորոշում միավորան» հիմնադիր Պարույր Հայրիկյանն էլ հայտարարեց, որ երբ Պուտնինն ասում էր՝ «դա ինքնասպանություն կլինի», նկատի ուներ՝ «ես քեզ կսպանեմ»։ Հայրիկյանը հավաստիացրեց՝ Ռուասաստանի հետ մնալով՝ Հայաստանը դեմ է դուրս գալու «քաղաքակիրթ աշխարհին»։