Շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին։ Այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը պաշտոնապես հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Դեկտեմբերի 14-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ընդգծել է՝ հաստատված գերիների փոխանակումից հետո կառավարությունը կկենտրոնանա անհետ կորածների փնտրտուքի վրա․ նրանց մի մասը հնարավոր է, որ գերեվարված լինեն։
«Նոր թափով պիտի տեղի ունենա նաև զոհերի մարմինների փնտրտուքը և չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը։ ․․․Ցավոք, մինչև տարեվերջ չենք կարողանա այս գործընթացը լրիվ ավարտել», – ասել է պաշտոնյան։
Դեկտեմբերի 19-ին, երբ լրանա ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի։ Նախատեսվում է կազմակերպել նաև հիշատակի երթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր։
Փաշինյանը անդրարձել է նաև նոյեմբերի 11-ի զինված միջադեպին՝ նշելով, որ օգտվելով նրանից, որ ռուս խաղաղապահները դեռևս չէին տեղակայվել այդ հատվածում, ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ էին ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը։
Վարչապետն ընդգծել է, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել։ Գործողությունների հետևանքով վիրավորվել են ՊԲ 6 զինծառայողներ։ Տեղեկություններ կան այլ տուժածների մասին․ դրանք ճշտվում են։ Պատճառն այն է, որ տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է․ ըստ Փաշինյանի, այժմ միջոցներ են ձեռնարկվում այնտեղ հասանելիություն ապահովելու համար։
«Շաբաթ և կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այդ հատվածում, ինչը նշանակում է, որ ՌԴ խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին․ սա իր հերթին նշանակում է, որ, քանի որ ամսի 9-ի դրությամբ այդ տարածքը եղել է հայկական ուժի վերահսկողության ներքո, այն պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո», – եզրափակել է վարչապետը։
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի ճշգտմանը, Փաշինյանը նշել է, որ «նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ [սահմանամերձ] Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո»։
«Այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում։ Առաջիկա շաբաթվա ընթացքում դա պետք է իրականացվի։ Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր․ այդ հարցերի կառավարման շուրջ ընթանում են ինտենսիվ բանակցություններ»։
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը՝ անդրադառնալով Կուբաթլու և Զանգելան շրջաններին սահմանամերձ հատվածին, նախազգուշացրել էր՝ «հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերվում: Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր», և նշել, որ նախորդ օրը մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ․ «Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան, և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ»:
Փաշինյանը կրկին շեշտել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման բոլոր փուլերում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի։ Հայաստանի սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել։
«Այս գործընթացները շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով։ Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ։ Դրանց բավական մեծ մասը կառավարվում է արտերկրից։ Օրինակ․ առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ողջ գիշեր Սյունիքի մարզում մարտական գործողություններ են ընթացել։ Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպեսև նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր առմամբ բոլոր գիշերները, ռազմական առումով անցել է հանգիստ», – նշել է վարչապետը՝ հավելելով, թե «չի բացառվում», որ ապատեղեկատվության այս արշավը փոխկապակցված լինի «օտարերկրյա հատուկ ծառայությունների» հետ։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/189474682606516/