2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Թարմացվող․ Ադրբեջանը Հին Թաղլարի և Խծաբերդի ուղղությամբ հարձակում է նախաձեռնել

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ»:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Ղարաբաղի ՊԲ-ն և Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էին հարավային (Հադրութի) ուղղությամբ դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության մասին։ Ըստ պաշտոնականների, երեկվա հրաձգության հետևանքով հայկական կողմը՝ երեք, ադրբեջանական կողմը մեկ վիրավոր ունի։

Նշենք, որ Հին Թաղլար (Հին Թաղեր) և Խծաբերդ բնակավայրերը նույնպես Հադրութի շրջանում են։


«Ինչպես գիտեք, այսօր թշնամին գրավել էր Հին Թաղերը և անառաջացել դեպի Խծաբերդ: Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր:

Երեկոյան հավաքվեցինք ռուսական բազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը: ...Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի): Հրամանատարի տեղակալը վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել, մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ: Նշեմ, որ այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային: Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար», - ֆեյսբուքի իր էջում գրել է Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը։

Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր։

«Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում այս մասին հայտնել է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։

«Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը», – ասել է Սավադյանը։

Ում վերահսկողության տակ են գտնվում հարձակման ենթարկված գյուղերը՝ հայտնի չէ։ Ըստ աղբյուրի՝ Հադրութի քաղաքապետը նշել է, որ նշված գյուղերում գտնվող հայ զինվորականների հետ կապ չկա։

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը հայտնել է, որ Հադրութի շրջանում արձանագրվել են հրազենային զենքից կրակոցներ:

tvzvezda.ru-ի փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահները ուղիղ կապ են հաստատել կողմերի հետ և պահանջել պահպանել զինադադարի ռեժիմը:

«Հայկական կողմը գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը եւ այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն», - ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսնակ Մանե Գևորգյանը։

Ռուսական ТАСС գործակալությունը գրում է, որ Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություննի ավարտից և ռուս խաղաղապահ առաքելության մեկնարկից ի վեր զինադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը ։

«Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմը Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակում է կատարել խնդիրները։ Ռուս խաղաղապահների 23 դիտակետերում շարունակվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգն ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը: Դեկտեմբերի 11–ին Հադրութի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել», - ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունում։

«Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:

Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է», - ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսնակ Մանե Գևորգյանը։