Home / Բանակ / Հարավային ուղղությամբ 4 զինծառայող է վիրավորվել, կողմերը միմյանց են մեղադրում

Հարավային ուղղությամբ 4 զինծառայող է վիրավորվել, կողմերը միմյանց են մեղադրում

Ղարաբաղի Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի հարձակումը սադրիչ գործողություն է նաև Ռուսաստանի դեմ, ասել է Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա՝ տեղի է ունեցել «առաջ շարժվելու սադրիչ փորձ, որը կասեցվել է»: Բաբայանը չի բացառվել, որ նման սադրիչ գործողություններ լինեն հետագայում ևս, բայց կարծում է, որ պատասխանը կոշտ է լինելու, այդ թվում նաև՝ խաղաղապահների կողմից:

«Պետք է ճշտենք հանգամանքները, տեսնենք, թե ինչպես է ամեն ինչ եղել», – ասել է պաշտոնյան։

Այսօր ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ։

Ըստ աղբյուրի՝ ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Պաշտոնական Բաքուն երեկ՝ դեկտեմբերի 11-ին, հաղորդագրություն էր տարածել, թե Հադրութի շրջանում հայկական ուժերի կրակոցից վիրավորվել է ադրբեջանցի մեկ զինվոր։ Ղարաբաղի պաշտպանության բանակն այս տեղեկությունները հերքել է։

«Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում», – ասված է ՊԲ՝ այսօր տարածած հաղորդագրությունում: