Home / Շուկա / Դրամի արժեզրկումը պատգամավորը «անորոշությամբ պայմանավորված շոկ» է համարում

Դրամի արժեզրկումը պատգամավորը «անորոշությամբ պայմանավորված շոկ» է համարում

Արտարժույթի շուկայում Կենտրոնական բանկը դեռևս ամբողջ ծավալով չի կիրառում իր գործիքակազմը, քանի որ ներկա իրավիճակը դիտարկում է որպես միմիայն անորոշությամբ պայմանավորված շոկ, գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։

«2020թ հոկտեմբերի վերջին ՀՀ համախառն միջազգային պահուստները կազմում էին 2.31 մլրդ ԱՄՆ դոլար։ Նոյեմբեր ամսվա ընթացքում պահուստները նվազել են ընդամենը 38 մլն դոլարով՝ կազմելով 2.28 մլրդ դոլար։

Համեմատության համար նշեմ, որ հեղափոխական 2018թ ապրիլ ամսվա ընթացքում միջազգային պահուստները նվազեցին շուրջ 195 մլն ԱՄՆ դոլարով, իսկ 2020թ ապրիլին, երբ COVID-ով պայմանավորված արտարժութային շուկայում կրկին առկա էր բավական մեծ ճնշում՝ պահուստները նվազեցին 91 մլն ԱՄՆ դոլարով», – ֆեյսբուքի իր էջում նախօրեին գրել է Մանուկյանը։

Պատգամավորը վստահ է, արտարժութային շուկայում ներկա ռիսկերը խիստ կարճաժամկետ են (ըստ նրա՝ այս մասին են խոսում նաև ԿԲ քայլերը) և այդ ռիսկերից խուսափելու լավագույն լուծումը խուճապի մեջ չընկնելն է և հավելյալ սպեկուլյատիվ ռիսկեր չգեներացնելը։

«ԿԲ ունի բավարար գործիքակազմ, ըստ անհրաժեշտության միջամտելու համար (շուրջ 2 մլրդ 277 մլն ԱՄՆ դոլարի չափով պահուստներ, որոնք ի դեպ հեղափոխությունից հետո աճել են 238 մլն ԱՄՆ դոլարով)»։

Վերջին շաբաթների ընթացքում դրամը հետևողականորեն արժեզրկվում է։ Համեմատության համար․

ըստ Կենտրոնական բանկիի, պատերազմի նախորդ օրը’ սեպտեմբերի 26-ին, դոլարն արժեր 485.27 դրամ։ Դեկտեմբերի 10-ի դրությամբ այն արդեն 520.62 դրամ է։

Սեպտեմբերի 26-ին եվրոն 565.05 դրամ արժեր, դեկտեմբերի 10-ին’ արդեն 630.94 դրամ: Պատերազմի մեկնարկին նախորդող օրը ռուբլու փոխարժեքը 6.28 դրամ էր, այսօր’ արդեն 7.11 դրամ։