Home / Բանակ / Մինսկի խմբի համանախագահներն այսօր Բաքվում էին (լրացված)

Մինսկի խմբի համանախագահներն այսօր Բաքվում էին (լրացված)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամով հետ, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը։

Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, ռուսաստանցի համանախագահի փոխարեն հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը: ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի բացակայության վերաբերյալ որևէ պարզաբանում չկա։

Առաջիկայում ՄԽ համանախագահներն ու գործող նախագահի ներկայացուցիչը կայցելեն նաև Երևան, գրում է «Արմենպրեսը»։

[լրացում․ 01։13] Համանախագահների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի դերակատարում չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

«Մինսկի խումբը ոչ մի դերակատարում չի ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում: Չնայած Մինսկի խումբը հանդես է եկել գաղափարներով և փորձել է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, դա ոչ մի արդյունք չտվեց», – ասել է Իլհամ Ալիև։

Ադրբեջանի նախագահը նշել է, թե համաձայն է Ռուսաստանի նախագահի հետ, որ ղարաբաղյան կոնֆլիկտն այլևս պատմության գրկում է, այլ կերպ ասած` այն արդեն լուծված է։ Տարածաշրջանում, ըստ նրա, այլևս բոլորովին նոր իրավիճակ է:

«Ես Մինսկի խմբին չեմ հրավիրել, բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ [Բաքու], ասացի՝ թող գան, ես դեմ չեմ: Գուցե ինձ ասելու բան ունեն», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նա հայտարարել է, որ զինադադարի վերահսկման և մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կտեղակայվի Աղդամի տարածաշրջանում։