ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ի դեմս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի և Ֆրանսիայի արտաքին հարցերով նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, ողջունել են Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ռազմական գործողությունների դադարեցումը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համաձայնությամբ:
Նրանք կոչ են արել կոչ են արել հակամարտության գոտուց անհապաղ և ամբողջությամբ հեռացնել բոլոր օտարերկրացի վարձկաններին, հիշեցրել են միջազգային մարդասիրական օրենքով ստանձնած պարտավորությունները կատարելու և, մասնավորապես, գերիների և զոհվածների մարմինների փոխանակումն իրականացնելու անհրաժեշտության մասին: Կարևորել են տեղահանվածների և փախստականների, այդ թվում՝ վերջին մարտերի բերումով բնակավայրերը լքած մարդկանց վերադարձն ապահով և արժանապատիվ եղանակով երաշխավորելու անհրաժեշտությունը, ընդգծել են պատմական և կրոնական ժառանգությունը պաշտպանելու և պահպանելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան կոչ են անրել օգտվել հրադադարի հնարավորությունից և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո բանակցել հարատև խաղաղության համաձայնագրի շուրջ: Նրանք կողմերին կոչ են արել առաջին իսկ հնարավորության դեպքում ընդունել Մինսկի խմբի համանախագահներին և վերահաստատել առարկայական բանակցություններով չլուծված հարցերը կարգավորելու ձգտում՝ ըստ համաձայնեցված ժամանակացույցի։
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական և միջազգային գործերով նախարար Էդի Ռամանն էլ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի լիակատար կարգավորման նպատակով։
«Ես ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարել են։ Ժամանակն է կատարել համապատասխան պարտավորությունները։ Լիակատար աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելուն։ Առարկայական բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասել է ԵԱՀԿ նախագահը։
Նրա խոսքով՝ այդ բանակցությունները պետք է հանգեցնեն ղարաբաղյան հակամարտության համապարփակ, խաղաղ և կայուն կարգավորմանը։