Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության շուրջ․ տեխնիկական հարցերը համաձայնեցվել են, համաձայնագիրը ստորագրվել է։
Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Կենտրոնի աշխատանքները կսկսվեն որքան հնարավոր է շուտ։
Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինագային կենտրոնը, ըստ ռուսական կողմի, պետք է հեռավար կերպով հետևի Ղարաբաղում զինադադարի պահպանման ռեժիմին։ Համապատասխան հուշագիրը Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները ստորագրել են նոյեմբերի 11-ին, համաձայնագիրն՝ այսօր։ Դրանցով ամրագրված փոխհամաձայնության մանրամասները դեռևս հայտնի չեն։
Թուրքիան իր զինվորականներին արդեն իսկ գործուղել է Ադրբեջան։ Ադրբեջանական կողմը նախօրեին հայտնել էր, որ նրանք մասնակցում են Ղարաբաղյան պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծմանը, նաև՝ վերապատրաստում ադրբեջանցի զինվորականներին։ Ավելի վաղ ռուսական կողմը հավաստիացրել էր, որ ԼՂ տարածքում թուրք զինվորականներ չեն լինի:
Ավելի մարնամասն՝ այստեղ և այստեղ։