Թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին հրամանագրի նախագիծը ներկայացվել է Թուրքիայի խորհրդարան։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ խոսքը Լեռնային Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոն թուրք զինծառայողներ ուղարկելու մասին է, որը հեռավար կհետևի ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակին՝ «հիմնվելով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համապատասխան բանաձևերի վրա»։
Գործակալությունը՝ հղում անելով փաստաթղթին, գրում է, որ թուրք զինվորականների տեղակայման ժամկետները և թվաքանակը նախագծով վերապահվում է Թուրքիայի նախագահ վարչակազմին։
Թուրքիայի նախագահի այս հրամանագիրն այսօր մեկնաբանել է նաև Ռուսաստանի նախագահի խոսմակ Դմիտրի Պեսկովը։
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Պեսկովը հաստատել է, որ Ադրբեջանի տարածքում տեղակայվելու է մոնիթորինգային կենտրոն, որտեղ լինելու են նաև թուրք զինվորականներ։
«Դա ներքին ընթացակարգերի իրականացում է՝ նախատեսված Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ: Դա Թուրքիայի ներքին խնդիրն է», – ասել է Պեսկովը։
Ադրբեջանի տարածքում միացյալ մոնիթորինգային կենտրոնի ստեղծումը, ըստ Պուտինի խոսնակի, Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ պայմանավորվածությունների մաս է կազմում։
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարի առցանց բանակցությունների արդյունքում։ Ռուսական կողմի հավաստիացմամբ՝ թուրք զինվորականները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի չեն գալու, մոնիթորինգային կենտրոնը տեղակայվելու է Ղարաբաղի տարածքից հեռու, իսկ Ղարաբաղում տեղակայվելու են միայն ռուս խաղաղապահներ։