Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հավաստիացմամբ, վաղը՝ նոյեմբերի 17-ին` ժամը 10:00-ից, Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով:
Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ առնվազն մինչև նոյեմբերի 25-ը դրան զուգահեռ կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին։
Արցախի իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ առավելագույնը կատարվում է ապահովելու համար արտաքին աշխարհի հետ Արցախի բնակչության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, գրեկ է Հարությունյանը․ «քաղաքացիներն արդեն կարող են իրենց ապահով զգալ ու վերադառնալ հայրենի տներ»:
Երևանից Ստեփանակերտ անվճար տեղի ունեցող ուղևորափոխադրումներն այսօրվանից սկսված կիրականացվեն Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից։ Ցանկացողները արդեն առանց նախապես գրանցվելու պետք է նշված վայր ներկայանան առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակաընթացքում, առավոտյան հայտարարել էր Հայաստանում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբը։
Ռուսական ԶՈՒ գեներալ-մայորը Իգոր Կոնոշենկովն էլ հայտնել էր, որ վերջին երկու օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 725 փախստական։
Նիկոլ Փաշինյանի ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ասել էր, թե «բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել»: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ըստ վարչապետի, «ամեն օր վերադարձողների թիվը գերազանցել է 1000-ը, տեմպը աճում է»։