Ադրբեջանը համաձայնել է Քարվաճառից հայկական զորքերի դուրսբերումը հետաձգել մինչև նոյեմբերի 25-ը։ Այդ մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հայկական իշխանություններն այդ խնդրանքը փոխանցել են ռուսական կողմի միջոցով։ Հետաձգելու խնդրանքը կապված է Քելբաջարի շրջանից դեպի Հայաստան տանող միակ ճանապարհի անբավարար թողունակության հետ», – ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նշել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 10-ին ստորագրած հրադադարի հայտարարության համաձայն, հայկական զորքերը Քելբաջարից պետք է դուրս գային մինչև նոյեմբերի 15-ը։
Քիչ առաջ Հայաստանի ԱԻՆ-ը հայտնել է, որ երթևեկությունը դեպի Արցախ (առայժմ) թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով։