Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել նախօրեին ձերբակալված Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։
ԱԱԾ-ն երեկ հաղորդել էր, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:
Ըստ ԱԱԾ-ի, հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն:
ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել։