Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորների հարցերին պատասխանելիս, հայտարարեց, որ որոշում է կայացրել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ազատել պաշտոնից: Քիչ անց արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հրապարակեց Մնացականյանի հրաժարականի ձեռագիր դիմումը։
Փաշինյանի՝ ԱԳ նախարարին պաշտոնանկ անելու մասին հայտարարությանը նախորդել էին Շուշիի մասին պատգամավորների հարցերը։
Առավոտյան ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանը նշել էր, թե հայկական կողմը կարող էր խուսափել պատերազմից, եթե «եթե համաձայներ հանձնել 7 շրջանները՝ ներառյալ Շուշին»։
ԱԺ հարցուպատասխանի ընթացքում էլ՝ արձագանքելով «Իմ քայլական» Տաթևիկ Հայրապետյանի հարցին՝ արդյոք որևէ բանակցային փաթեթի շրջանակում քննարկվել է Շուշիի հարցը, հայտարարել, թե «պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից և տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից»։
Այս հայտարարությանը հաջորդել էր արտգործնախարարության խոսնակի գրառումը, որում նշվում էր, որ «խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»:
Տարընթերցումներից խուսափելու համար՝ քիչ անց նույն հարցով վարչապետին դիմել էր նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը․ ի վերջո՝ ե՞րբ են ի հայտ եկել Շուշիի շուրջ քննարկումները։
Փաշինյանն այս հարցին պատասխանել էր, թե «միշտ եղել է փախստականների վերադարձի հարց, փախստականների և բռնի տեղահանվածների հարց», թեև ադրբեջանցի փախստականների/բռնի տեղահանվածների վերադարձը կարգավիճակի և ադմինիտրատիվ վերահսկողության հետ որևէ ուղիղ կապ չունի։
«Այս կետի ներքո միշտ նկատի է առնվել ադրբեջանական կողմից, որ առնվազն Շուշի պետք է մեր փախստականները վերադառնան։ Միշտ։ Եվ երկրորդը՝ պատերազմի մեկնարկից ի վեր, երբ որ եղել են տարբերակներ, թե ինչպես մենք կարող ենք գալ համաձայնության, որ պատերազմը կանգնի, եթե ոչ ամենասկզբում, իքս պահից՝ գուցե 5 օրից, 6 օրից, 7 օրից, Շուշին, որպես նախապայման պատերազմի դադարեցման, հայտնվել է օրակարգում։ Եվ սա անհերքելի փաստ է», – ասել էր Փաշինյանը։
«Եթե հնարավոր լիներ Շուշին պահել, ապա կպահվեր», – ասում է Փաշինյանը։ Առավոտյան ասուլիսի ժամանակ վարչապետը՝ հղվելով Ղարաբաղի նախագահի խոսքերին, հայտարարել էր, թե Շուշիի մատույցներից մոտ 150 զոհված հայ զինծառայողի մարմին է հանվել։ Երեկոյան՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ էլ նշել էր, որ վերջին երկու օրերին Շուշիից «300-ից ավելի մեր զոհված հերոսների մարմիններ են դուրս բերվել»։ Որքան մարդ է զոհվել Շուշիի մարտերում՝ չի նշվում։