Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմում է բոլոր հեռարձակողներին․
— Երկրում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ: Այս պայմաններում իշխանության երեք ճյուղերի գործողությունները, ցավոք, թերի են, անբովանդակ եւ չեն նպաստում ճգնաժամի հաղթահարմանը, իսկ մի շարք քաղաքական ուժերի եւ քաղաքացիական խմբերի գործունեությունը զուրկ է կառուցողական բնույթից, ինչը հաճախ նպաստում է իրավիճակի էլ ավելի ապակայունացմանը: Այս ամենը հղի է ամենածանր հետեւանքներով ժողովրդի եւ պետության համար:
Փոխադարձ անվստահության, մեղադրանքների մթնոլորտում Հանձնաժողովը կարեւորում է լրատվամիջոցների՛ որպես ոչ ֆորմալ բայց չափազանց ազդեցիկ չորրորդ իշխանության դերը սրված իրավիճակը մեղմելու գործում:
Ուստի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անունից դիմում եմ մեր գործընկեր հեռուստա եւ ռադիոընկերությունների ղեկավարներին, խմբագրակազմին, ինչպես նաեւ հեռարձակողների հիմնադիրներին հետեւյալ խնդրանքով, հորդորով, պահանջով.
— Խմբագրական քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվել միայն պետության եւ քաղաքացիների շահերով, տուրք չտալ ավելորդ հուզմունքներին, լինել սթափ, պահպանել զսպվածություն:
— Բացառել եթերում ատելության խոսքի, սպառմալիքների, ասեկոսեների տարածումից, զերց մնալ բամբասանքներից:
— Տուրք չտալ հաճախ արդարացի հուզմունքներին, եթեր չտրամադրել սադրիչ կոչերով հանդես եկող անձերին:
— Լրատվական հաղորդումներով, հարցազրույցներով նպաստել քաղաքացիական համերաշխության հաստատմանը, բացառել բռնության կոչերը իշխանական ինստիտուտների, քաղաքական ուժերի եւ գործիչների, քաղաքացիական տարբեր խմբերի, պարզապես այլ կարծիք ունեցող մարդկանց նկատմամբ:
Ուզում եմ հավատալ, որ բոլոր հեռարձակողները խորությամբ գիտակցում են իրենց պատասխանատվությունը բազմահազարանոց լսարանի առջեւ եւ հատկապես այս օրերին գերակա չեն համարի կուսակցական, անձնային կամ այլ, պետության անվտանգությունը խաթարող շահերը:
Եւ վերջում ցանկանում եմ հիշեցնել, որ Հանձնաժողովը շարունակում է կատարել Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված իր լիազորությունները:
Քաղաքացիական բախումներ հրահրելու ցանկացած կոչ, մարդկանց խուճափի մատնելու ցանկացած գործողություն հեռարձակողների եթերում կանխվելու ՀՌՀ կողմից ընդհուպ մինչեւ հեռարձակողի գործունեության ժամանակավոր կասեցում, կամ լիցենզիայի գործողության դադարեցում: Անկախ նրանից, թե որ ճամբարի կողմից են կատարվում հակաօրինական գործողությունները:
Տիգրան Հակոբյան,
ՀՌՀ նախագահ