Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մտածել ենք, թե կարող ենք մեկտեղել պատերազմի բացառումը «ոչ մի թիզ հող» մոտեցման հետ, ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մեզ թվացել է, թե անվերջ կարող էինք ժամանակը ձգել:
Եկեք այդ փաստը շատ հստակ արձանագրենք․ 1998 թվականից ի վեր տեղի ունեցած բանակցային գործընթացքում որոշակի է եղել միայն մեկ ձևակերպում և գործոն՝ բանակցային գործընթացի նպատակը 7 շրջանների վերադարձն է Ադրբեջանին․․․ Տասնյակներով փաստաթղթեր, բանաձևեր, հայտարարություններ են եղել, որոնք արձանագրել ու ամրացրել են այս իրողությունը», — ասել է Փաշինյանը:
Ըստ նրա, իշխանությանը մեղադրում են, մի կողմից, պատերազմը չկանխելու, մյուս կողմից՝ տարածքները հանձնելու մեջ:
Պատերազմը, ըստ Փաշինյանի, հնարավոր էր կանխել ԼՂԻՄ-ի հարակից 7 շրջանները հանձնելու պարագայում միայն՝ զիջելով միևնույն ժամանակ Արցախի կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջը։
«Մենք որոշել էինք պայքարել այնքան ժամանակ, քանի մեր պայքարն իմաստ ունի: Մենք մեր ընտրությունը կատարել ենք: Չեմ համարում, որ սխալ ընտրություն ենք կատարած եղել․․․
․․․Վերջին 2.5 տարվա ընթացքում իմ ունեցած շփումներն ու քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Արցախի կարգավիճակից, իսկ տեսանելի ապագայում՝ նաև կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից»:
Բանակցային փաթեթներ, ըստ նրա, եղել են՝ որպես թուղթ, որի վրա հնարավոր էր գրել լավագույն ցանկությունները նույնիսկ, բայց դրանցից որևէ մեկը իրագործելի չէր լինի:
«Մենք խոսում ենք իրականությա՞ն, թե՞ տեսական քննարկումների մասին: Ոչ մեկը չի իրագործվել:
Տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձգելու մեր հնարավորությունն Ապրիլյան պատերազմով սպառվել էր: 2016-ի ապրիլից հետո ունեինք երկու հնարավորություն. կամ հրաժարվել մեր իրավունքներից, կամ փորձել պաշտպանել մեր իրավունքները։
Ուզում են ասել, որ ինչ-որ իրավիճակում եղել է ավելի լավ բան, և Հայաստանի կառավարությունը դրանից հրաժարվե՞լ է: Մեկը հասկացա՞վ Ապրիլյան պատերազմն ինչո՞ւ և ի՞նչ պայմանով կանգնեց»։
Քաղաքական ուժերի մեղադրանքներին պատասխանելով՝ վարչապետը հիշեցրել է, որ պատերազմի առաջին օրը ԱԺ-ում նշել էր՝ ինչպես ու ինչ պայմաններով կարելի կլինի պատերազմը կանգնեցնել: Պայմանը տարածքների միակողմանի զիջումն էր։ Ըստ Փաշինյանի՝ այդ տարբերակը խորհրդարանում մերժվել է։ Այն մարդիկ, որոնք միանշանակ դեմ էին այդ որոշմանը, հիմա հարցնում են՝ պատերազմն ինչո՞ւ չի կանգնեցվել:
«Այսօր ասում են դավաճան եք: Դավաճան ենք, որ կռի՞վ ենք տվել: Մեկ զոհերի մեջ են մեղադրում,- ճիշտ են անում, իրավունք ունեն,- մեկ էլ զոհ չտալու մեջ են մեղադրում, ասում են՝ էն 30 հազար զինվորի կյանքը որ փրկել եք, ինչի եք փրկել, թող մի 10 հազար հոգի էլ զոհվեր»,- նշեց Փաշինյանը:
Կառավարության սխալն, ըստ Փաշինյանի, այն է, որ վերջին 2.5 տարվա ընթացքում չեն կարողացել լրացնել անհրաժեշտ բացերը` սպառազինության համալրման, նախապատրաստման և այլն։