Home / Դատարան / Սաշիկ Սարգսյանի որդին «մարտավարորեն» ընդունել է մեղադրանքը

Սաշիկ Սարգսյանի որդին «մարտավարորեն» ընդունել է մեղադրանքը

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսայնն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու խնդրել դատավարությունն անցկացնել արագացված ընթացակարգով, ինչը ենթադրում է, որ դատարանում որևէ ապացույց այլևս չի քննվի, որևէ ցուցմունք չի հրապարակվի։

Ինչո՞ւ է Սարգսյանը մտափոխվել և ընդունել մեղադրանքները՝ հայտնի չէ։ Լրագրողների հետ զրույցում նրա փաստաբանը հայտարարել էր, թե «դա մարտավարական հարց է»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր Սարգսյանի գործով հերթական դատական նիստն էր, որի մեծ մասն անցավ դռնփակ։ Նախկին նախագահի եղբորորդին, ինչպես հայտնի է, մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի համար վտանգավոր բռնության սպառնալիքով, զենքի գործադրմամբ անձի առևանգումը կազմակերպելու համար, որն իրականացվել է շահադիտական նպատակներով։

Ի սկզբանե նրան մեղադրանք էր առաջադրվել նաև Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելու եղանակով նկարչի շուրջ 280 հազար դոլար արժողությամբ 14 գծանկարները վերցնելու համար։ Ըստ նախաքննության, նա խոստացել էր դրանց դիմաց վճարել 28 հազար դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո, սակայն, խոստումը չէր կատարել և, անտեսելով տուժողի պահանջները, հրաժարվել էր վերադարձնել նկարները։ Այս մեղադրանքը, ինչպես հայտնել էր Սարգսյանի պաշտպան Պիվազյանը, նրա վրայից հանվել է։

Շուրջ մեկ տարի տեւած հետախուզումից հետո Սարգսյանը Ֆրանկլին Գոնսալես անվամբ հայտնաբերվել էր 2019 թվականի դեկտեմբերի 21-ին Չեխիայում, Հայաստան տեղափոխվելուց հետո կալանավորվել էր։ Գրեթե մեկ տարի անց՝ շաբաթներ առաջ, նա 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։