Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 23-ին բավարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը։ Նույն օրը ուշ երեկոյան Սարգսյանը կալանավորվել է։ Տեղեկատվությունը հաստատում է Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Սարգսյանը Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայի Հանրապետությունից տեղափոխվեց Հայաստան։
Պաշտոնաթող նախագահի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամագվոր Ալեքսանդր Սարգսյանի որդուն մեղադրանք էր առաջադրվել թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար: Մոտ մեկ տարի առաջ նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։
2018 թվականի դեկտեմբերի 6-ին Սարգսյանը հայտնաբերվել էր Պրահայում և ձերբակալվել Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, իրավապահներին Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։
Մոտ մեկ տարի պահելուց հետո, Չեխիայի Հանրապետությունը որոշում էր կայացրել Սարգսյանին արտահանձնել Հայաստան։